Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի շրջանավարտներին կպատժեն

Հունվար 26,2015 13:30

Օրերս լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառելու բոլոր այն ուսանողների նկատմամբ, որոնց ուսման վարձը վճարել է պետությունը, բայց իրենք կհրաժարվեն առնվազն հինգ տարի աշխատել սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում։ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը կառավարության նիստում նշել էր, որ պահանջը չկատարելու դեպքում ուսանողը պետք է փոխհատուցի ուսման համար իրեն տրամադրված վճարի եւ կրթաթոշակի կրկնապատիկը։

«Առավոտը» թեմայի շուրջ զրուցեց կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի հետ: Նա ասաց, որ «Բարձրագույն եւ հետբուհական, մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան սահմանված է փոխհատուցման կարգը եւ պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետեւանքները: Ըստ այդմ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում է դիմորդներին: Բարձրագույն ուսումնական հաստատության եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների: Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր եւ դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն»: ԿԳ նախարարության վարչության պետի տեղակալից հետաքրքրվեցինք՝ մինչեւ հիմա քանի՞ ուսանողի վարձ է փոխհատուցել պետությունը, քանի՞սն են աշխատում սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում:

«Կոնկետ այդ թվերին նախարարությունը չի տիրապետում, կասեմ միայն, որ յուրաքանչյուր տարի ընդունելության տեղերի հետ, մոտ 70 տեղ հաստատվում է նպատակային՝ կախված մարզերի զարգացման ծրագրերից եւ այլն»,- պատասխանեց Լուսինե Գրիգորյանը: Նաեւ հավելեց, որ ուսուցիչների վերաբերյալ ունի որոշ տեղեկություններ. «Թե կոնկրետ քանի հոգու է փոխհատուցվել, ես չգիտեմ, բայց նպատակային տեղերում ուսանող շրջանավարտների հետ եռակողմ պայմանագիր է կնքվում, եւ մեծամասամբ իրենք իրենց պայմանագրային պարտավորությունները կատարում են, գնում են՝ համապատասխան բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատում են»:

Քանի որ եղել են դեպքեր, երբ պաշտոնյաների ընտանիքի անդամները գրանցված են եղել «Փարոս» համակարգում եւ աջակցություն են ստացել, հետաքրքրվեցինք, եթե որեւէ պաշտոնյայի զավակի ուսման վարձը փոխհատուցվի պետության կողմից, ու նա չգնա սահմանամերձ կամ բարձրլեռնային վայրում աշխատելու, ի՞նչ են անելու այդ դեպքում: «Ամեն դեպքում նպատակային տեղում սովորող ուսանողի հետ պետք է կնքվի պայմանագիր, որով կողմերը պարտավորվում են ստանձնել պարտավորություններ, դրա հետ մեկտեղ՝ այդ պայմանագրի մեջ կա ուսման վարձի փոխհատուցման չափը, ժամկետները եւ փոխհատուցման վճարելու կարգը»,- շեշտեց ԿԳՆ իրավաբանական վարչության պետի տեղակալը:

Իսկ եղե՞լ է դեպք, որ որեւէ մեկը հրաժարվել է աշխատել սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններում ու վարձն էլ փոխհատուցել է: «Նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց որ պատահել է, որ գործատուն շրջանավարտին չի ընդունել աշխատանքի, այդ դեպքում դատարանի որոշմամբ փոխհատուցված գումարը տվյալ ՊՈԱԿ-ից է գանձնվել, որովհետեւ ուսանողն ապացուցել է, որ ինքը դիմել է աշխատանքի, սակայն ինչ-ինչ պատճառներով, օրինակ՝ հաստիքի կրճատման եւ այլն, տնօրենն իրեն չի ընդունել աշխատանքի»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Պաշտոնյան գրանցվում է ,,Փարոսում,,:Հանդիպել եք մարդու, որ 8 տարի աշխատող չունենա, բայց թքած ունենա տվյալ պետության տված հացի փողի և այլնի վրա:Կա և դա նշանակում է…Մտածեք ինչպես կարող եք:Բարոյական ազգերը կհասկանան և հասկանում են ֆաշիզմի ատելությունն ու արհամարհանքը:Թող լափեն, մինչև հաս աղիքները հայտնվեն կոկորդներում:Ձևական դիպլոմների համար ոչ մի հեշտամոլ չի գնա գործուղված վայր աշխատելու:Ազատ դիպլոմի ելք կգտնվի, սա ՀՀ ն է:

  2. Նարինե says:

    Նախ` վերնագիրը անհաջող է ընտրված, էնպիսի տպավորություն է առաջանում, թե բոլոր շրջանավարտներին պատժելու են: Երկրորդն էլ` տեքստից էլ չի հասկացվում, թե ում է վերաբերում պատիժը. պարզ է, որ պետպատվերով սովորող ուսանողների մասին է խոսքը, բայց պարզ չի, թե որ թվականից սկսած ընդունվածներին է վերաբերում: Ըստ տրամաբանության` պայմանագիրը կնքելիս պիտի նման համաձայնություն ձեռք բերվի, այսինքն` ասվածը պիտի նոր ընդունվողներին վերաբերի… Մյուս կողմից էլ հիմա պետպատվերով սովորելը հարաբերական է. պետությունը տվյալ կուրսի կոնկրետ քանակությամբ ուսանողի վարձ է տալիս, բայց էդ վարձը ամեն տարի տարբեր ուսանողներ կարող են ստանալ… Գուցե պատիժը նպատակային տեղերում սովորողներին է վերաբերում?

  3. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի Լուսինե, խոսքը, բնականաբար, նպատակային տեղերում սովորողներին է վերաբերում:
    Նյութում հստակ գրված է, օրպես օրինակ կարող եմ մեջբերել հետեւյալ կտորը՝
    «Թե կոնկրետ քանի հոգու է փոխհատուցվել, ես չգիտեմ, բայց նպատակային տեղերում ուսանող շրջանավարտների հետ եռակողմ պայմանագիր է կնքվում, եւ մեծամասամբ իրենք իրենց պայմանագրային պարտավորությունները կատարում են, գնում են՝ համապատասխան բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատում են»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/01/26/535699/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Կուզենայի ասել մեր սերնդի ուսանողների և այսօրվա ուսանողների մասին երկու խոսք: Մոսկվայում ուսանելիս (Московский институт управления) համակուրսեցի ունեի, Քաղաքային տնտեսության կառավարման ֆակուլտետից: Արթուր Բարսեղյանը: Նա Էջմիածնում հայտնի բժիշկ Բարսեղյանի կրտսեր եղբայրն էր: Արթուրը ոչ միայն լավ էր սովորում, նա ամեն օր մեկ ժամ ուսանողական ակումբում դաշնամուր էր նվագում, դասականներից, արագ ու բարդ ստեղծագործություններ, որպեսզի իր կատարողական արվեստի որակը չընկնի: Նա կուլ էր տալիս ահագին քանակությամբ գրքեր, կարող էր Սևակ արտասանել այնպես, որ լսողը լաց էր լինելու: Կարճ ասած, մարդս իրեն պատրաստում էր մի բարդ ու դժվար կյանքի համար, հիանալի զրուցակից էր ու հիանալի ընկեր: Մի առիթով նա բերանից թռցրեց.« Սամվել ջան, հայտնի ծնողներ, հայտնի ախպեր ունեմ, ես չեմ կարող որևէ տեղ, որևէ շրջանում կիսագրագետ կամ անգրագետ երևալ, էտենց խայտառակություն ես չեմ տանի»: Արթուրը չգիտի, որ իր այդ խոսքը ինձ համար լրացուցիչ խթան դարձավ. թե դրանից առաջ ես շաբաթը մի գիրք էի կուլ տալիս, դրանից հետո արագությունս կրկնապատկվեց. գլուխ գովալ չլինի, բայց ամեն ուսանող չէր, որ Բայրոնին կարող էր մեկ ժամ անընդհատ կարդալ, անգիր գիտեր Խայամի կյանքն ու նրա հարյուր ռուբայները, Շիրազի երրորդ հատորի լավագույն բանաստեղծությունները անգիր գիտեր ու կարող էր հիսուն էջանոց տրակտատ գրել Ատվածաշնչի ու Ղուրանի համեմատական բնութագրի մասին: Սա այն դեպքում, երբ մենք ինստիտուտում կառավարման տեսություն էինք ուսումնասիրում: Հիմա ուրիշ ժամանակներ են: Ցանկացած հարցին այսօտվա ուսանողը պատասխանում է համակարգիչով: Եթե կոմպյուտերը ձեռքից ընկնի-կոտրվի, մարդս տեղում հավասարվում է զրոյի: Նա ոչինչ չգիտի: Ես տեսել եմ իրավաբանի, որը ինձնից առաջին անգամ լսեց Ցիցերոնի մասին: Հայաստանի ժողովրդի, նրա երիտասարդության կրթական մակարդակն այնքան ցածր են, որ ավելորդ է այդ մասին խոսելը: Սահմանամերձ գոտի, պատերազմ, պետության գլխին կանգնած ու ազգի ճակատագիրը տնօրինող կասկածելի մարդիկ, «դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանոս ջան»…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031