«Տարին դեռ չսկսած՝ տեսանք, որ ադրբեջանական կողմը բավականին ակտիվ է սկսել տարին: Դա պայմանավորված է ներքին եւ արտաքին գործոններով: Գիտենք, թե Ադրբեջանում ինչպիսի իրավիճակ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մարդիկ են ձերբակալում եւ այլն: Շատ կարեւոր հանգամանք է արտաքին գործոնը՝ մենք հունվարի 1-ից արդեն ԵՏՄ անդամ ենք, եւ Ադրբեջանը, որպես հակամարտության մյուս կողմ, տեսնում է, որ այս առումով կարող են լինել խոչընդոտներ»,- վերջին օրերին սահմանային գոտում լարվածության պատճառների մասին «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա, կարեւոր հանգամանք է նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան շեղում է միջազգային հանրության ուշադրությունը, իսկ Ադրբեջանը մշտապես սպասարկում է Թուրքիայի շահերը:
Հովհաննես Սահակյանի կարծիքով, մենք պետք է վճռական լինենք եւ նախահարձակ լինենք նույնիսկ. «Այն մեթոդները, որ կիրառում է ադրբեջանական կողմը՝ թույլ, նվազ պետության գործելաոճ է: 2015-ին արդեն իսկ մեր թշնամին փոխել է իր մարտավարությունը, ավելի մեծ թվով զորքերով են գալիս ընդառաջ եւ ավելի մեծ տրամաչափի զենքերից են փորձում իրենց գործողությունները ծավալել՝ Արցախից մինչեւ Տավուշի մարզ սահմանային գոտու ամբողջ երկայնքով»:
Հարցին՝ երբ ԵՏՄ էինք մտնում, ՀՀԿ-ն ասում էր, որ անվտանգության նկատառումներով ենք մտնում, բայց հունվարը ցույց տվեց, որ ՌԴ-ն, որ մեր անվտանգության երաշխավորն էր, ձեռքերը ծալել է, ՀԱՊԿ-ը լռում է: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք չենք ասել, որ բացի Թուրքիայի հետ մեր սահմանը պահելը՝ ռուսական կողմը պետք է գա ու մեր տեղը պահի մեր երկիրը: Աստված չանի հասնի այն իրավիճակին, որ դա լինի: Ես չեմ կարծում, որ օրն է, որ պետք է ՀԱՊԿ պայմանագիրը մտնի ուժի մեջ եւ ռուսական զորքերը գան, այնտեղ ինչ-որ քայլեր անեն: Հուլիս-օգոստոսին, երբ լարված էր, ամբողջ ազգը համախմբվեց մեր հայ զինվորի կողքին: Սա պատահական չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ