Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Մերանգուլյանը մեզ Սիբիր կաքսորի»

Հունվար 26,2015 13:00

«Օֆելյա Համբարձումյան» գրքի հեղինակ
Սերգեյ Առաքելյանը որոշ դրվագներ «գաղտնազերծեց»

68 տարի առաջ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա (սցենարը՝ Վ. Շվեյցերի) կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը նկարահանում է համանուն գեղարվեստական կինոնկարը: Իրարամերժ կարծիքների տարափ է թափվում, դրա համար էլ մեծ էկրան բարձրանալուց առաջ Հայաստանի Արվեստի վարչությունն ու «Հայֆիլմ» կինոստուդիան կազմակերպում են ֆիլմի փակ դիտումն ու քննարկումը: Այս մասին «Առավոտին» հաղորդեց մեր հյուրը՝ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: Թեպետ անվանի երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հոբելյանի առիթով արվեստաբանից ակնկալում էինք երգչուհու ստեղծագործական կյանքից անծանոթ ու անտիպ էջեր, քանի որ երգչուհու մասին հրատարակված միակ գրքի հեղինակն է, սակայն զրույցի առանցքում «Անահիտն» էր:

Սերգեյ Առաքելյանը, որ ներկա է եղել «Անահիտ» ֆիլմի փակ դիտմանն ու քննարկմանը, մեր տարակուսանքին՝ այդ տարիներին դուք հավանաբար դպրոցական եք եղել, հայտնեց. «9-րդ դասարանի աշակերտ էի ու ծնողներիցս գաղտնի աշխատում էի «Հայֆիլմում»: Լուսավորողները երկուսս էինք՝ ես ու Վարդգես Պետրոսյանը: Կծկվել էինք մի անկյունում եւ մինչ ֆիլմի սկսվելը հետեւում էինք դահլիճ մտնողներին: Նույնիսկ հիմա փշաքաղվում եմ. «Անահիտ» ֆիլմի ցուցադրության հրավիրյալների թվում էին Իսահակյանը, Սարյանը՝ տիկոջ՝ Լուսյայի հետ, ով, ընդ որում՝ Ղազարոս Աղայանի դուստրն էր, Դեմիրճյանը, Զորյանը, Հայկանուշ Դանիելյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Միքայել Թավրիզյանը, Կոմպոզիտորների միության նախագահ, ֆիլմի երաժշտության հեղինակ Աշոտ Սաթյանը…»: Պարոն Առաքելյանը նշեց, որ եղել են խիստ ելույթներ: Թիրախը հիմնականում թույլ սցենարն էր, բայց բոլորը միաբերան հիացած են եղել երաժշտությամբ: «Անահիտի եւ Վաչագանի դերերը մարմնավորել էին այդ տարիներին թատերական ինստիտուտի ուսանողներ Մետաքսյա Սիմոնյանն ու Ֆրունզե Դովլաթյանը, իսկ երաժշտական «կերպարները»՝ Օֆելյա Համբարձումյանն ու Արմենակ Տեր- Աբրահամյանը: Հայկանուշ Դանիելյանը դառնալով Շարա Տալյանին, ասաց՝ ո՞վ է այս հրաշալի սոպրանոն, ինչպիսի առույգ, թեթեւ, անճիգ ձայն, ինչպիսի հոգի ու հույզ, սա անթերի կատարում է, հապա ձայնածավալը: Ինչո՞ւ այս աղջկան ես չեմ հանդիպել օպերային թատրոնում, գուցե հրավիրե՞ք թատրոն, պատրաստի Անուշ է…

Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Միքայել Թավրիզյանն էլ պատասխանելով Հայկանուշ Դանիելյանին, ասաց՝ թանկագինս, օպերան անուշներ ունի, ու էլի կլինեն, բայց Օֆելյան մեր ժողովրդական, գուսանական, կոմպոզիտորական երգարվեստի անկրկնելի մեկնաբանն է, պետք չէ գողանալ ժողովրդի ձայնը, թե չէ Արամ Մերանգուլյանը մեզ Սիբիր կաքսորի»,- հայտնեց արվեստաբանը: Սերգեյ Առաքելյանը տարիներ անց մեջբերեց նաեւ հետագայում Մետաքսյա Սիմոնյանի՝ իրեն հայտնած ավելի քան անկեղծ խոսքը. «Երրորդ կուրսի ուսանող էի, Անահիտն իմ առաջին դերն էր կինոյում ու առհասարակ: Սարսափում էի, մի տեսակ չէի զգում դերս: Բայց երբ փորձերից մեկի ժամանակ Օֆելյայի կատարմամբ լսեցի հերոսուհուս «Ես ծարավ էի, աղբյուր, ջուր տվիր» երգը, աչքիս առաջ վայրկենապես տեսա կերպարս, հոգիս հանդարտվեց, վստահություն եկավ վրաս: Այս առիթով մշտապես կրկնել եմ, որ երախտապարտ եմ մանկության ընկերուհուս՝ սիրելի Օֆելյային»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Երգչուհու մասին գրքի շապիկը:

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031