Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի իշխանությունները վախեցած են»

Հունվար 26,2015 12:30

Այս կարծիքին է Հիմնադիր խորհրդարանի անդամը

Հունվարի 31- ին Հիմնադիր խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կազմակերպում է ավտոերթ՝ «100-ամյակը առանց ռեժիմի» խորագրով: Ավտոերթը տեղի է ունենալու Արցախի տարածքում, նպատակը՝ «Արցախցիների իրազեկումն ու նրանց մասնակցության ապահովումն է Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, հայաստանյան ռեժիմի հեռացման եւ դրանից հետո ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորման ու մեր երկրի ապագաղութացման միջոցով մեր միավորված պետության ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարին»: Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ իրենց շարժման հաղթանակի շնորհիվ ինքնաբերաբար կչեզոքացվեն նաեւ ԵՏՄ-ին անդամակցության պատճառով Արցախը մաքսակետով ՀՀ-ից տարանջատելու եւ օտարի քմահաճույքին հանձնելու աղետալի հետեւանքները:

Թե ինչու ընտրվեց հատկապես Արցախը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք համարում են Արցախը Հայաստան: Կարո Եղնուկյանի խոսքով՝ «Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, ինչպես որ նրանք են վերաբերվում եւ ինչպես որ Սերժ Սարգսյանն ասաց, թե Արցախը Հայաստանի մաս չի կազմում, մեզ համար այդպես չէ, Արցախը Հայաստան է: Բոլորս դե ֆակտո գիտենք, որ Արցախն ամբողջովին՝ թե բյուջեով, թե զինվորներով լրացվում է Հայաստանից: Ձեւականորեն մենք մեզ խաբում ենք, կամ՝ օտար ուժերին ենթարկվելու պատճառով Արցախը չենք ճանաչում անկախ, ոչ էլ նրան միացնում ենք Հայաստանին: Մնացել ենք օդում կախված, մինչեւ մեր մեծ եղբայրն ասի, թե ինչպես վարվենք: Մենք տարբերություն չենք դնում՝ Արցախ է, Սյունիք, թե Լոռի»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Հիմնադիր խորհրդարանը Արցախ պետք է գնար ավելի շուտ, բայց խնդիրներ առաջացան. «Արցախի պետական մարմիններն իրար էին անցել, խնդրեցին, որ դեռ չգնանք, հետաձգենք, մենք էլ նրանց ժամանակ տվեցինք, որպեսզի իրենք էլ կողմնորոշվեն: Մեկ է պիտի գնայինք, եւ մեզ չեն կարող խոչընդոտել եւ եթե հիմարություն ձեռնարկեն, դա ավելի վատ կանդրադառնա իրենց վրա: Մեր ավտոերթը իրազեկման ավտոերթ է, իսկ իրազեկում՝ նշանակում է խոսքի ազատություն ու եթե պիտի խոչընդոտեն, ուրեմն Արցախը կամ Արցախի իշխանությունը խոչընդոտում է խոսքի ազատությանը, այսինքն՝ խտրականություն դնում՝ արցախցի, հայաստանցի… Մեզ համար նման բան չկա, Արցախը Հայաստան է, արցախցին էլ՝ հայ: Հետեւաբար խտրականություն դնելն ամբողջովին ոչ հայանպաստ գործողություն է»:

Կարո Եղնուկյանը նշում է, որ անհասկանալի պատճառներով Արցախի իշխանությունների մոտ տագնապ կա, վախվորած են, ու զարմանում է. «Բայց ինչ պիտի լինի, մենք գնում ենք մեր ասելիքն ասելու, նոր բան չենք անելու: Ավտոերթ է, անցնելու ենք Արցախով, Ստեփանակերտ -Շուշիով եւ այլ հատվածներով, թռուցիկներ ենք բաժանելու, բարձրախոսով խոսելու ենք: Չեմ հասկանում, թե դրանից ինչու են վախեցած, եթե ազատ խոսքից վախենում են, սա նշանակում է, որ ինչ-որ բան կա նրանց տակ»: Մյուս հարցին էլ՝ Հիմնադիր խորհրդարանը մինչ ապրիլի 24-ը քանի՞ նմանատիպ միջոցառում է անցկացնելու, Կարո Եղնուկյանն ասաց, որ շարունակական միջոցառում է, սկսել են Երեւանից, ու ամբողջ Հայաստանով մեկ պիտի գնան: Իսկ Արցախից առաջ Սյունիքում են եղել, եւ նրանց այնտեղ խոչընդոտող չի եղել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅՍՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Մեր իշխանությունները դեռ չեն ձերբազատվել սովետների մոլեռանդ գործելավոճից եւ բոլորս տեսանք, թե ինչի բերեց այն։ Պատմության դասերի անտեսումը կբերի այդ պատմության կրկնությանը՝իր ողջ աղետալի հետեւանքներով մեզ բոլորիս համար,այդ թվում նաեւ՝ Արցախի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031