Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Չանդիրյան. «Եթե երկու օլիմպիական ուղեգիր նվաճենք, ուրեմն ծրագիրը գերակատարել ենք»

Հունվար 26,2015 12:00

Անցած տարի Հայաստանի ջրացատկորդների համար կարեւոր մրցումներն էին աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունները եւ Պատանեկան օլիմպիական խաղերը: Ասել է թե՝ մրցաշրջանը երիտասարդական էր:

«Առավոտը» զրուցել է Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ:

– Պարոն Չանդիրյան: 2014 թվականին մեր առաջատար ջրացատկորդների մրցելույթներից գո՞հ եք:

– Մենք հիմնականում հանդես ենք գալիս աշտարակացատկում: Անցած մրցաշրջանում մասնակցել ենք երիտասարդական մրցումների: Եվրոպայի առաջնությունում Լեւ Սարգսյանը վատ չմասնակցեց: Մտնելով եզրափակիչ` նա մեկ ցատկում վրիպումից հետո ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը եւ բավարարվեց 7-րդ տեղով: Ինչ վերաբերում է Պատանեկան օլիմպիական խաղերին, ավելի վաղ դրա ուղեգիր Մեքսիկայում նվաճել էր Վլադիմիր Հարությունյանը, բայց քանի որ Եվրոպայի առաջնությունը մեզ համար ընտրական բնույթ էր կրում, ավելի լավ մասնակցեց Լեւը եւ Նանկին մեկնեց նա: Չինաստանում Լեւը 2-րդ տեղով մտավ եզրափակիչ` մեդալի լավ հույսեր ներշնչելով: Ու ի վիճակի էր: Բայց այս անգամ էլ եզրափակչի երկրորդ ցատկում վրիպում թույլ տվեց ու հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Եվ վերջապես, աշխարհի առաջնությունում, երբ արդեն մրցաշրջանի վերջն էր եւ տղաները հոգնած էին, Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը միջին մասնակցություն ունեցան` համապատասխանաբար զբաղեցնելով 13-րդ եւ 15-րդ տեղերը: Այդ արդյունքներից այնքան էլ գոհ չեմ. տղաները փայլուն չմասնակցեցին, բայց շատ լուրջ վրիպումներ էլ թույլ չտվեցին: Տարի փակեցինք Ծաղկաձորում արագաուժային վարժություններին եւ ընդհանուր ֆիզպատրաստվածությանը նվիրված հավաքով:

– Նոր մրցաշրջանին նախապատրաստվելը ե՞րբ եք սկսել եւ ի՞նչ առաջադրանքներ եք դրել ձեր եւ ջրացատկորդների առջեւ:

– Հունվարի 8-ից մարզումներն սկսել ենք Երեւանում: Այս տարի ավելի շատ մասնակցելու ենք մեծահասակների մրցումներին: Առաջինը փետրվարի 2-րդ կեսին Գերմանիայում կայանալիք մեծահասակների «Grand Prix»-ն է, որտեղ ուզում ենք տեսնել, թե այդ տարիքային խմբում ինչ դիրքեր ունենք: Այդուհանդերձ, նպատակ ունենք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում լինել եզրափակչում: Դա նվազագույն պահանջն է: Իսկ աշխարհի առաջնությունում եթե մեկը մտնի եզրափակիչ, դա օլիմպիական խաղերի ուղեգիր կնշանակի: Մի կարեւոր մրցում էլ կա: Դա համաշխարհային ուսանողական խաղերն է:

– Օլիմպիական վարկանիշային քանի՞ մրցում կա:

– Աշխարհի այս տարվա մեծահասակների առաջնությունը, որտեղ ուղեգիր տրվում է 1-12-րդ տեղերն զբաղեցնողներին, եւ 2016 թվականին` Աշխարհի գավաթի խաղարկությունը (մինչեւ 18-րդ տեղը ներառյալ):

– Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի քանի՞ մասնակցի նպատակ կա:

– Եթե այս տարվա աշխարհի առաջնությունում մեր տղաներից մեկը մտնի եզրափակիչ, եկող տարի աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ ուղեգիրն էլ նվաճելու հնարավորություն կլինի: Հենց երկու վարկանիշն էլ մեր առավելագույն ծրագիրն է, որին հասնելու դեպքում կկարողանանք ասել, որ մեր պլանները գերակատարել ենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031