Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հոգսերի ձմեռը-2

Հունվար 26,2015 11:30

Նախորդ անգամ մենք նշեցինք, որ Մաքսային միության (ԵՏՄ) կազմում Բելառուսն ու մանավանդ Ղազախստանը զանազան հասկանալի ու անհասկանալի խաղեր են տալիս:

Մեր նկատառումից հետո Նազարբաեւի ու Լուկաշենկոյի խաղերն ավելի որոշակի ու նկատելի դարձան: Վերջիններս, Ուկրաինայի եւ այլ հարցերի հետ կապված, որոշակի կարծիքներ են հայտնում եւ ընդհանրապես՝ առ Արեւմուտք զանազան ու ակնհայտ ժեստեր են անում: Թե ինչքանով են էդ ժեստերը Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցված՝ դժվար է ասել, եւ ընդհանրապես դժվար է ասել՝ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի հայտարարությունները Պուտինի հետ համաձայնեցվա՞ծ են, թե՞ ոչ:

Բոլոր դեպքերում՝ արդեն պարզից էլ պարզ է, որ տվյալ միության անդամների կարծիքները ոչ բոլոր հարցերում են համընկնում, եւ դա ավելի բնական է, քան զարմանալի, որովհետեւ այս միության անդամները միանգամայն իրարից անկախ եւ միանգամայն իրարից տարբեր պետություններ են՝ տնտեսական ու քաղաքական իրարից տարբեր շահերով ու խնդիրներով, եւ մինչեւ անգամ կրոնական պատկանելությամբ են իրարից տարբեր, եւ բնական է, որ էդ տարբերություններն ու հակասությունները ժամանակ առ ժամանակ նաեւ գործնականում արտահայտվեին, եւ արտահայտվում են եւ, ըստ ամենայնի, հետագայում էլ են արտահայտվելու, եւ դա էլ է բնական, ինչպես որ Եվրամիության անդամ շատ ու շատ երկրների հակասություններն են սպասելի, կանխատեսելի ու բնական:

Ինչքան էլ այս միության կազմակերպման ու կազմավորման գործընթացը գործնականում ձգձգվի, այս տարվա ընթացքում վերջնականապես պարզ կդառնա, թե իրենից ինչ է ներկայացնում Մաքսային միություն կոչվածը: Բոլոր դեպքերում՝ մենք այդ միության լիիրավ ու լիարժեք անդամն ենք, կարելի է ասել՝ հիմնադիր անդամներից մեկը: Եվ նրանք, ովքեր կարծում են, թե մենք Եվրամիությունը սխալմամբ փոխարինել ենք Մաքսային միությամբ, չարաչար են սխալվում, որովհետեւ մոռանում են, որ մեզ Եվրամիությունից երբեւէ հրավեր չի ուղարկվել, եւ միանգամայն անհայտ է՝ եթե մենք Մաքսային միության մեջ չընդգրկվեինք, երբեւէ Եվրամիության անդամ կդառնայի՞նք, թե՞ ոչ: Թե ՞ պիտի հերթի մեջ խցկվեինք ու մնայինք՝ մինչեւ անհայտ ժամանակներ: Իսկ որ Հայաստանը պիտի ընդգրկվեր տնտեսական ու քաղաքական որեւէ համակարգի ու միության մեջ՝ դա ժամանակի հրամայականն էր:

Նաեւ՝ անվտանգության տեսանկյունից:

Երբ անկախացած Հայաստանի ղեկավարության գրկաբաց համաձայնությամբ ռուսական զորքը տեղակայվեց Հայաստանի սահմանին, մեզանից որեւէ մեկը չդժգոհեց ու չբողոքեց: Հիմա էլ չենք դժգոհում ու չենք բողոքում Հայաստանում ռուսական զինուժի ներկայությունից: Նույնիսկ մեջներիս ամենաարեւմտամետները չեն տրտնջում Հայաստանում ռուսական զինուժի ներկայությունից, որովհետեւ նույնիսկ մեջներիս ամենաարեւմտամետներն են հասկանում, որ Հայաստանում ռուսական զորքերի ներկայությունն ինչքան Ռուսաստանի համար է անհրաժեշտություն, նույնքան էլ՝ Հայաստանի:

Բայց ի՞նչ են ուզում ու ի՞նչ են պահանջում մեջներիս ամենաարեւմտամետները: Հարյուր տոկոսանոց եվրաինտեգրում՝ ռուսական զորքերի հսկողությամբ ու պաշտպանությա՞մբ: Շատ հնարավոր է, որ հենց էդ են ուզում: Որովհետեւ հայերս պահանջատեր ենք: Ընդ որում՝ բոլորս ենք պահանջատեր: Արեւմտամետներն ու ռուսամետները՝ հավասարապես: Ընդ որում՝ բոլորից հավասարապես ենք պահանջում: Եվ միանգամայն անկեղծորեն զարմանում ենք, որ մեր պահանջները չեն կատարվում: Եվ նմանապես միանգամայն անկեղծորեն զարմանում ենք, որ ուրիշներն էլ մեզնից են ինչ-որ բան պահանջում:
Մի ժամանակ Մաքսային միություն էինք ասում, հիմա ասում ենք՝ Եվրասիական տնտեսական միություն՝ ԵՏՄ: Ինչ էլ ասենք, էդ միությունը չի որոշակիանա ու հասկանալի չի դառնա, քանի դեռ մենք չենք հստակեցրել այդ միության մեջ մեր անելիքը՝ այդ միությանը մեր տալիքն ու այդ միությունից մեր առնելիքը:

Հիմա պիտի հստակեցնենք, այլապես վաղը ուշ կլինի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031