Դեռևս 2014թ․ նոյեմբերին, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` ՀՀ Լոռու մարզի Շնող գետի աղտոտվածության վիճակը պատկանում էր 5-րդ դասի, ինչը նշանակում է, որ գետը գտնվում է աղետալի վիճակում: Շնող գետի աղտոտվածության նման աստիճան մինչ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը չի գրանցվել: Եվ սա այն դեպքում, երբ Թեղուտ գյուղում խմելու ջրի լուրջ խնդիրներ կան։
Հանքի շահագործումից ուղիղ մեկ ամիս հետո` հունվարի 21-ի երեկոյան, Թեղուտի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցած ազդակիր համայնքների բնակիչների հետ հանդիպմանը Թեղուտի և Շնողի գյուղացիները ընկերության պատասխանատուներից բացատրություն պահանջեցին Շնող գետն աղտոտելու համար: Նրանցից շնողցի Աշոտ Ադամյանը հայտարարեց, որ 10 օր շարունակ հանքի պոչամբարից պոչանքներ են հոսել Շնող գետը: Այս մասին տեղեկանում ենք Հետք լրատվամիջոցից։
Սկզբում Գագիկ Արզումանյանը ընկերության խճի արտադրամասից գետը թափվող նստվածքների հետ կապված գյուղացիներին խոստանում է, որ այսուհետև արտադրամասը կաշխատի Շնողի գյուղապետի հետ համաձայնեցված գրաֆիկով , որպեսզի գյուղացիներն իմանան իրենց անելիքը: Այսինքն՝ որպես այդպիսին, հաստատելով պոչանքների հոսելու փաստը, իսկ հետո՝ տեսնելով գյուղացիների շարունակվող ճնշումը, սկսում է պնդել, որ գետը պոչանքի պատճառով չէ աղտոտված։
Գյուղացիներին շարունակաբար սուտ խոստումներ տալը դարձել է վալլեքսի պաշտպանողական տակտիկան և արդեն անգիր արած արտահայտությունը, թե հանքը «համապատասխանում է եվրոպական ստանդարտներին», դեռ վաղուց փաստերով հերքված է։
Միգուցե հիմա՞ բնակիչները վերջապես հասկանան, որ հանքում աշխատանքի ժամանակավոր առկայությունը ստաբիլ եկամուտ ստանալու միջոց չէ և որ առողջ միջավայրում ապրելն ու պինդ առողջություն ունենալը ժամանակավոր են։
Հանքը պետք է փակվի, բայց որքան շուտ համայնքի բնակիչները գիտակցեն դրա անհրաժեշտություն, այնքան ավելի լավ հենց իրենց համար։
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն