Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալով սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կարևորությունը

Հունվար 24,2015 21:32

Սահմանային միջադեպերի լարված շրջանում՝ 2014-ի հուլիսին, մի խումբ մտահոգ երիտասարդներ ստեղծեցին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, որը ձևավորման օրվանից սահմանամերձ համայնքներում իրականացրել է մշակութային մի շարք ծրագրեր՝ նպատակ ունենալով ինչ-որ չափով փակելու մշակութային կյանքի այն մեծ բացը, որ կա հատկապես սահմանամերձ բնակավայրերում:

Նախաձեռնության անդամները Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հետ հունվարի 31-ին կմեկնեն Վայոց ձորի Խաչիկ գյուղ, որտեղ Տիկնիկային թատրոնի դերասանները ներկայացում կտան գյուղի փոքրիկների համար, մեծերի համար էլ Վայոց ձորի մասին ֆիլմ կցուցադրվի:

Իսկ փետրվար ամսվա միջոցառումներից մեկին նախաձեռնության անդամներն արդեն մի քանի օր է, ինչ սկսել են նախապատրաստվել: Քանի որ Հայաստանում փետրվարի 19-ը նշում ենք որպես գիրք նվիրելու օր, նախաձեռնության անդամները գրքեր են հավաքում, որպեսզի նվիրեն սահմանամերձ գյուղերի դպրոցներին ու գրադարաններին:

«Այսօրվա դրությամբ մի քանի հարյուր գիրք արդեն կա (գեղարվեստական, մասնագիտական, տեղեկատվական, ուսուցողական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլն): Ենթադրում եմ, որ մինչև հազար գիրք կունենանք: Դեռ չենք որոշել հավաքված գրքերը որ գյուղ ենք տանելու: Հնարավոր է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի գյուղեր տարվեն: Դա կախված է նրանից, թե ինչքան գիրք կհավաքվի: Հիմա հետաքրքրվում ենք՝ որ գյուղում ինչ կարգի գրադարաններ կան, ինչ հագեցածություն ունեն: Ըստ այդմ էլ կկողմնորոշվենք»,- ասում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

Տեղեկացնենք, որ գրքահավաքը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը:
Դառնալով սահմանամերձ բնակավայրերի հիմնական խնդիրներին և «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությանը՝ Տ. Մարտիրոսյանն ասաց, որ նախաձեռնության մի խումբ անդամներ սեպտեմբերին եղել են Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում՝ տեղում ծանոթանալու բնակչության խնդիրներին:

Նրա փոխանցմամբ՝ հիմնական խնդիրները վերաբերում են կրթության ոլորտին. «Դասագրքերի հետ կապված խնդիրներ կան: Այդ տարածքների մարդիկ աշխատանք չունեն, նույնիսկ իրենց հողերը չեն կարողանում մշակել, բայց ստիպված են իրենց երեխաների դասագրքերի համար վճարել: Իհարկե, դա շատ մեծ գումար չէ, բայց խնդիր է այդ մարդկանց համար: Մտահոգիչ է նաև ուսուցիչների վարձատրման հարցը: Քանի որ աշակերտները քիչ են, իսկ ուսուցիչները վարձատրվում են աշակերտների քանակով, կարելի է ասել, նրանք կոպեկներ են ստանում: Միջոցներ են անհրաժեշտ նաև պաշտպանիչ պատերի կառուցման համար… Մի խոսքով՝ բազմաթիվ են մտահոգությունները: Մենք համապատասխան մարմիններին նամակ ուղարկեցինք սահմանամերձ բնակավայրերի խնդիրների վերաբերյալ: Պատասխան ստացանք, որ դրանց լուծումն ընթացքի մեջ է, իսկ թե որ խնդիրն ինչ լուծում է ստացել, հստակ պատասխան չունենք»,- ասում է Տ. Մարտիրոսյանը:

Նախաձեռնության անդամները պարզել են, որ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ շատ են ցանկանում նաև մշակութային միջոցառումներ ունենալ. «Մշակույթի նախարարությանը դիմեցինք նամակով: Պատասխան ստացանք, որ մարզերում իրենք անում են մշակութային միջոցառումներ, բայց մենք, որքան էլ հետաքրքրվել ենք, հենց սահմանամերձ գյուղերում որևէ լուրջ մշակութային միջոցառման մասին չենք լսել: Լինում են միջոցառումներ, բայց մարզկենտրոններում, իսկ գյուղացիներին դրանք, այսպես ասած, չեն հասնում: Դրա համար մենք որոշեցինք մշակութային միջոցառումներով հանդես գալ հենց գյուղերում: Հասկանո՞ւմ եք, մարդիկ զուտ մարդկային շփման կարիք ունեն: Նրանք ուզում են զգալ, որ իրենց թիկունքում կանգնած մարդիկ կան, որոնք զգում են իրենց՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կարևորությունը»,- ասում է Տ. Մարտիրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031