Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախանում ես նախնիներիդ շնորհքով և ցավում, որ այն ոչնչացվում է». Տաթև Մելքոնյան

Հունվար 24,2015 19:14

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, յուրաքանչյուր ամսվա 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Թեմի երիտասարդներն այսպիսի ութ միջոցառում են կազմակերպել արդեն, իսկ 9-րդն անցկացրին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ բացվեց «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցադրվեցին Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկարներ, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: «Բազմաթիվ ուխտագնացությունների շնորհիվ ես կարողացել եմ լինել Արևմտյան Հայաստանում, Երուսաղեմում, Պարսկաստանում և մեծ թվով լուսանկարներ անել: Ցուցադրված լուսանկարները դրանց շատ փոքր մասն են, որոնցում ուխտագնացության շունչը, հավանաբար, զգացվում է: Խոնարհված սրբավայրերն ու կոթողները տեսնելիս միաժամանակ և´ ցավ ես ապրում, և´ ուրախություն: Ուրախանում ես, որ նախնիներդ այսքան շնորհքով մարդիկ են եղել, և ցավում ես, որ այդ ամենն ավերվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տ. Մելքոնյանը:скачанные файлы (41)

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսը, որի օրհնությամբ էլ երիտասարդները կազմակերպում են ամենամսյա այս միջոցառումները:

«Կար ժամանակ, որ շատ քիչ էին խոսում Եղեռնի մասին, և մտահոգություն կար, որ Եղեռնը կարող է ուղղակի հուշ դառնալ: Մտավախություն կար, որ ժամանակի ընթացքում մենք կապրենք մեր առօրյա հոգսերով ու Եղեռնի զարկերակը չենք զգա: Բայց այդպես չեղավ. մեր ժողովուրդը ժամանակային առումով որքան հեռացավ 1915 թվականից, այնքան նրա գիտակցության ու հոգու մեջ արթնացավ Եղեռնի խորհուրդը: Եվ եթե մեր երիտասարդներն այսօր այսպիսի միջոցառումներ են կազմակերպում Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ, ուրեմն նրանց հոգու միջի կոչնակներն իրենց ձեռքերում են, և երբ քաշեն այդ կոչնակները, զանգերը կղողանջեն և կտարածվեն նրանց էության մեջ: Նրանք միշտ պատրաստ կլինեն շարունակելու մեր իմացական, հոգևոր ու նաև ֆիզիկական պայքարը»,- իր խոսքում ասաց Սրբազանը:скачанные файлы (42)

Այս միջոցառումները, որոնք կազմակերպվում են ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, վերջինիս խոսքով՝ կշարունակվեն մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը: «Մենք մտադիր ենք այս միջոցառումներով անդրադառնալ Ցեղասպանության ժամանակ մեր կրած բոլոր կորուստներին: Ցանկացած հայ պահանջատեր է: Եվ նմանատիպ միջոցառումներն իրենց մեջ ոգեկոչման, պահանջատիրության ու նաև դաստիարակության խորհուրդ ունեն»,- ասաց Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նա նաև համառոտ պատմեց նախորդ ամիսներին իրականացրած միջոցառումների մասին: Նրա տեղեկացմամբ՝ առաջին միջոցառումը կազմակերպվել է մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան) ցուցադրությամբ: Հունիսի 24-ին Ծիծեռնակաբերդում կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի: Երրորդ միջոցառումը հուլիսի 24-ին Ազատության հրապարակում երիտասարդների իրականացրած «Լսի´ր, Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով ֆլեշմոբն էր: Հաջորդ միջոցառումների ժամանակ երիտասարդները քահանաների ու զինվորականների հետ ծաղիկներ են դրել Եռաբլուրում հանգչող բոլոր մարտիկների շիրիմներին, հիշել Ցեղասպանության զոհ գնացած չորս հազարից ավելի հոգևորականներին, ինչպես նաև յոթ հարյուրից ավելի հայ մտավորականներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031