Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ինֆորմացիոն շրջափակման  մեջ է վերցրել իր քաղաքացիներին, որ հայոց բանակից կրած կորուստները չիմանան

Հունվար 24,2015 18:39

Այսօր ժամը 12-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն էր ձեռնարկել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է եւ մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերահսկում են մարտական իրավիճակը:

Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդի այսօրվա միայն ցերեկային կորուստներից ելնելով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն առաջարկել է արագ արգելափակել ինտերնետը. «Քանի որ սեփական ժողովրդից իրականությունը թաքցնելու ճանապարհը միշտ տանում է փակուղի, ապա ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել մինչև իրավիճակը կրկին իրենց վերահսկողությունից դուրս գա, այլ միանգամից անցնել Ադրբեջանում ինտերնետի համընդհանուր անջատմանը: Իսկ եթե չգիտեն դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իսկապես Ադրբեջանը տեղեկատվության առումով լրիվ շրջափակման մեջ է վերցրել իր քաղաքացիներին, որովհետեւ որեւէ բան չեն հաղորդում.  «Ես այն համոզումն ունեմ, որ չեն անում մեկ պատճառով, որ ներքաղաքական լարվածություն  չլինի: Առանց այդ էլ Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը շատ մեծ է: Հատկապես նավթի գնանկումից հետո մենք տեսնում ենք, որ այնտեղ բավականին շատ բողոքի ակցիաներ են լինում: Որպեսզի հավելյալ յուղ չլցնեն այդ գործընթացների վրա, Ադրբեջանի իշխանություններն անցել են տեղեկատվական շրջափակմանը»:

Չնայած հայկական կողմը իր կրած կորուստները չի թաքցնում, բայց երբեմն հասարակությունը խուճապի է մատնվում՝ կասկածելով, որ իրական պատկերը չեն ներկայացնում՝ անհանգստությունից խուսափելու համար: Մեր հարցին՝ այն տեղեկատվությունը, որ տրամադրում է ՀՀ ՊՆ-ն, ըստ Ձեզ՝ իրակա՞ն պատկերն է, այնպես չի՞ լինում, որ 5 կորուստ ունենանք, բայց ներկայացնեն 2՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես վստահում եմ ՊՆ-ին: Սեյրան Օհանյանն իր գործուն  մասնակցությունը պետական կառավարմանն ապացուցեց դեռեւս անցյալ տարի օգոստոսյան լարված իրավիճակում: Այն ժամանակ եւս ամբողջ իշխանական մեքենան ընդհատակ էր անցել, որեւէ բան չէր ասում եւ միայն ՊՆ-ն էր հրատապ քայլեր անում: Արդեն ՊՆ նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանն արտգործնախարարի ֆունկցիա էր կատարում՝ դեսպանների հետ ինքն էր հանդիպում, շփվում միջազգային կազմակերպությունների հետ: Հավատում եմ ՊՆ մամուլի խոսնակին, որ ադրբեջանական կողմն իսկապես լուրջ վնասներ է կրում՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր դիրքերը շատ ավելի նպաստավոր են հակահարված տալու համար, քան ադրբեջանական կողմինը:

Ռազմական առումով օրինաչափություն կա՝ հարձակվողը միշտ ավելի շատ զոհ է տալիս, քան պաշտպանվողը: Այս դեպքում, քանի որ Ադրբեջանը դիվերսիոն փորձեր է կատարում, իսկ դա երբ բացահայտվում է, հարվածը շատ ուժեղ է լինում: Ուստի վստահում եմ, որ իսկապես ադրբեջանական կողմն ավելի լուրջ հարվածներ է կրում: Բայց սա ինձ չի մխիթարում այն առումով, որ ցավ եմ ապրում, երբ մեր նույնիսկ մի զինվորն է զոհվում: Շատ կուզենամ, որ թվակազմը զինվորների մեծանա եւ սահմանի վրա հսկողությունն ավելի աչալուրջ լինի: Դրա առկայության պայմաններում հակառակորդի փորձերն իսպառ կարելի է վերացնել»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, շատ ճիշտ է անում հայկական կողմը, որ իրական պատկերն է ներկայացնում եւ կորուստները չի թաքցնում. «Մենք փոքր երկիր ունենք, միեւնույն է, իմանում ենք շատ արագ եւ երբ տարբեր տեղերից լսենք, ավելի մեծ խուճապ կլինի: Ամենաճիշտ քաղաքականությունը ինֆորմացիոն քաղաքականությունն է, երբ քաղաքացիներն իրազեկված են լինում գործընթացների մասշտաբների մասին: Ադրբեջանում էլ ինչ-որ ժամանակ հետո կիմանան դեպքերի մասին, բայց երբ տոտալ վերահսկողություն են իրականացնում, իրենց կարճաժամկետ կտրվածքով դա հաջողվում է: Իրենք զոհերին ներկայացնում են, իբրեւ այլ հանգամանքներում են զոհվել: Հո չե՞ն ասի՝ դիվերսիա իրականացրեցինք ՝ հայկական կողմը 1 զոհ տվեց, մենք 4 զոհ տվեցինք: Եթե նմանատիպ տեղեկատվություն  տարածեն, լարվածությունը միանգամից կմեծանա: Ի տարբերություն  մեզ, իրենք բազմազգ երկիր են: Դրա համար է, որ Ադրբեջանը կամ չի ասում զոհերի մասին կամ ասելուց էլ ուրիշ պատճառ է հորինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Զառա Արամյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031