Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Թուրքիան, իհարկե՛, չի անդամակցի ԵՏՄ-ին»

Հունվար 24,2015 17:59

Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ Անկարայում Ղազախստանի դեսպանը կարող էր հայտարարել մի բան, որն ընդհանրապես իրականության հետ աղերս չունի

Թուրքիայում Ղազախստանի դեսպան Ժանսեիթ Թումեբաեւը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը ողջունելի է:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: Նա նշեց, որ Թուրքիային այդ անդամակցությունը պետք չէ. «Թուրքիան ունի աճող տնտեսություն՝  ի տարբերություն ԵՏՄ-ի, որի տնտեսությունը 2015 թվականի գնահատականներով սղաճ է ապրելու: Թուրքիային դա պետք չէ: Հայաստանի տնտեսական աճը, եթե սեպտեմբերին կանխատեսվում էր շուրջ 4 տոկոս, ապա այժմ 2015 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 0 տոկոս: Ռուսաստանի տնտեսական սղաճը կազմում է շուրջ – 4.8 տոկոս, գտե՛ք ինձ մի պետություն, որ կուզենա մտնել տնտեսական սղաճ ապրող դաշինքի մեջ»:

Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ ռուսական կողմը թվարկում է մի շարք երկրներ, որոնք իբր ցանկանում են անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, դրանք են` Թուրքիան, Իսրայելը, Վիետնամը, Պակիստանը, Հնդկաստանը. «Երբ զանգում էինք այդ երկրների արտաքին գործերի նախարարություններ, նրանց մեծ մասը այդ մասին առհասարակ տեղյակ չէին: Միակ պետությունը, որ քիչ թե շատ տեղյակ էր եւ ասում էր՝ ոչ թե ուզում են անդամակցել ԵՏՄ-ին, այլ ցանկանում են ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրային պայմանագիր ստորագրել, դա Վիետնամն էր: Նրանք ասացին, որ կապ չունեն ԵՏՄ-ի հետ եւ երբեւէ չեն ցանկացել անդամակցել»:

Ըստ նրա՝ Անկարայում Ղազախստանի դեսպանը կարող էր հայտարարել մի բան, որն ընդհանրապես աղերս չունի իրականության հետ. «Թուրքիան, իհարկե՛, չի անդամակցի ԵՏՄ-ին: Վրաստանը չանդամակցեց ԵՏՄ-ին, հիմա այս տարի հավանաբար կունենա 4.2 տոկոս տնտեսական աճ: Թեւ աշխարհում նավթի գինը իջնում է եւ դա Ադրբեջանին ավելի շատ է խփում, քան Ռուսաստանին, բայց դրանով հանդերձ Ադրբեջանում 3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, որովհետեւ Ադրբեջանը խորտակվող միության հետ դաշինք չկազմեց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031