Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) կանխատեսել էր, որ Հայաստանը այս տարի կունենա 0 տոկոս տնտեսական աճ: Այս կանխատեսումը մեկնաբանելով, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՎԶԵԲ-ի կանխատեսման հիմնական պատճառ է հանդիսացել Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը եւ Ռուսաստանի տնտեսությունից չափազանց մեծ կախվածությունը:
Ըստ պատգամավորի՝ անգամ եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ անդամ, Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունը կարտացոլվեր մեզ վրա. «ՎԶԵԲ-ը եվրոպական քաղաքականություն իրականացնող կառույց է եւ ունի քաղաքական շահ»: Պրն Մինասյանը վստահ է, որ այս վիճակից դուրս գալու համար Հայաստանը իր ներսում տնտեսական բարեփոխումներ պետք է իրականացնի ինչպես իրավական համակարգում, այնպես էլ ներքին ժողովրդավարության ձեւավորման հարցում. «Եթե մենք ունենք այս կամքը մեր մեջ, մենք կարող ենք այդ խնդիրները լուծել եւ տնտեսության զարգացումն ապահովել»:
Արծվիկ Մինասյանը համաձայն չէ այդ կանխատեսման հետ եւ նշում է, որ դրական աճ Հայաստանի տնտեսությունն ունենալու է:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կիսեց այն տեսակետը, որ ՎԶԵԲ-ը իրականացնում է քաղաքական քարոզչություն. «Սակայն եթե մեր ընդհանուր կառավարման համակարգը այսպես լինի, ապա տնտեսական աճը 0-ից ցածր կլինի: Այդ կանխատեսումը կապ չունի Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ, պարզապես մեր հանրապետությունում կառավարման համակարգը գտնվում է սարսափելի ցածր մակարդակի վրա եւ այդ պարագայում ի՞նչ տնտեսական աճի մասին է գնում խոսքը»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ