Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Պետք է ամեն ինչ անել, որ ռուսաֆոբիան չծաղկի»

Հունվար 24,2015 12:49

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո՝ դեպքը չքաղաքականացնելու կոչերը չի կարելի համարել ստացված. « Դրա մասին են վկայում Ռուսաստանի նախագահի արձագանքը, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության արձագանքը, ինչպես նաեւ ռուս պատգամավորների այցը Գյումրի»:

Պրն Ադիբեկյանի համոզմամբ՝ այդ դաժան սպանությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն, դրանք պետք է շարունակեն զարգանալ, եւ բոլորի իրավասության սահմանները պետք է հսկողության տակ լինեն. « Այս դեպքում հնարավոր կլինի շարունակել մեր բազմադարյան բարեկամական հարաբերությունները: Չմոռանանք, որ մենք ունենք մոտ երեք միլիոնանոց սփյուռք Ռուսաստանում, իսկ արտասահմանից եկող 4,5 միլիարդ դոլարից երեքուկեսը գալիս է Ռուսաստանից՝  պետք է ամեն ինչ անել, որ ռուսաֆոբիան չծաղկի»:

Սոցիոլոգը չի հասկանում, թե ինչը կարող էր լինել այդ սպանության շարժառիթը:

Պատմում է, որ ինքը նամակ է ստացել, որտեղ իրեն վստահեցնում են, որ Պերմյակովի արարքը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Պրն Ադիբեկյանի պատմածով՝ «Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերից մեկն էլ ասել է, որ նա մարդասպան չի եւ որ մեղքն ուզում են գցել նրա վրա»:

«Փաստը մնում է այն, որ ընտանիքը չկա եւ դրա պատճառը Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունն է: Իսկ ռազմաբազայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են դուրս գալ տեղի պատերից եւ ահա նման իրավիճակի հանգեցնել»: Պրն Ադիբեկյանը փաստեր է բերում, որ  Ռուսաստանում տարեկան 17 հազար նման հանցագործություններ են տեղի ունենում. «Նման բաներից խուսափելն անհնար է, սա մարդկային բարոյական սահմաններից դուրս արարք է»:

Դրականն այն էր, ըստ պրն Ադիբեկյանի, որ ընդդիմությունը չքաղաքականացրեց իրավիճակը: Իսկ եթե Ռուսաստանի պետդուման ընդունի այն որոշումը, որ Ռուսաստանից Հայաստան գան միայն պայմանագրային զինծառայողները, ապա վերահսկողությունը կբերի նրան, որ Հայաստանում ապագայում նման միջադեպերից կխուսափենք, վստահեցնում է սոցիոլոգը։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031