Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ դեմ են արտահայտվել Ֆիոլետովոյում ոսկու հանքի շահագործմանը

Հունվար 24,2015 12:14

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում:

Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը:

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ֆիոլետովո համայնքի բնակիչներ, երկրաբաններ ու բնապահպաններ, ինչպես նաև ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող կողմը՝ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Ֆիոլետովո համայնքում ոսկու հանքավայրի շահագործման նախագիծ, որը պետք է համապատասխան փորձաքննության ենթարկվի, և փորձաքննության արդյունքների հիման վրա որոշվի շահագործելու թույլտվություն տալու կամ չտալու հարցը: Ըստ նախագծի՝ հանքավայրը պետք է շահագործվի բաց եղանակով, ինչն էլ մտահոգությունների տեղիք է տալիս:

Քննարկման ժամանակ Ֆիոլետովո համայնքի ներկայացուցիչներից մեկը, ներկայացնելով համայնքի բնակիչների բողոքը, նշել է, որ իրենց հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը հողագործությունն է, և հանքավայրի շահագործումը վնաս կհասցնի բնամթերքին: Բացի այդ, գյուղը կարող է կանգնել նաև ջրազրկման վտանգի առաջ:

Բաց եղանակով հանքի շահագործմանը դեմ է արտահայտվել նաև Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ բարձր գնահատելով համայնքի բնակիչների միահամուռ դիրքորոշումն ու նշել, որ խնդիրը ոչ միայն Ֆիոլետովո համայնքինն է, այլև առկա է ողջ հանրապետությունում:

Հանրային խորհրդի հանձնաժողովներում ընդգրկված երկրաբանները խոսել են հանքի շահագործման դեպքում տարածաշրջանի աղբյուրներին ու արոտավայրերին սպառնացող վտանգի մասին՝ ընդգծելով, որ մինչև շահագործման թույլտվություն տալը, պետական համապատասխան կառույցները պետք է լուրջ փորձագիտական գործընթաց իրականացնեն:

Մասնագետները չեն բացառել հանքի շահագործման դեպքում սեյսմիկ վտանգի առաջացումը, քանի որ այն գտնվում է սեյսմիկ գոտում:

Քննարկմանը մասնակից երկրաբանները բարձրացրել են նաև տարածքում հարյուրամյակների ընթացքում ձևավորված մշակութային շերտերին սպառնացող վտանգի հարցը՝ առաջարկելով, որ մշակույթի նախարարությունը նույնպես իր տեսակետը հայտնի հանքի շահագործման վերաբերյալ:

Հանրային խորհրդի անդամ, Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանը նույնպես ներկայացրել է հանձնաժողի բացասական դիրքորոշումը: Նա խնդիրը ներկայացրել է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից, ինչն ամրագրված է միջազգային պայմանագրերով ու տեղական օրենսդրությամբ: Ըստ Զոլյանի՝ Ֆիոլետովոն Հայաստանի և գուցեև աշխարհի այն եզակի մոլականական գյուղերից է, որը պահպանել է իր ավանդույթներն ու արժեհամակարգը յուրօրինակ ձևով և դրանով իսկ մշակութային արժեք է իրենից ներկայացնում: Զոլյանը Ֆիոլետովո համայնքը կարևորել է նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել գյուղին նաև այդ առումով:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ գյուղատնտեսական հարցերի նախագահ Յուրի Ջավադյանը նույնպես կարևորել է հարցը համակողմանիորեն քննարկելու անհրաժեշտությունը: Նա հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցչին հորդորել է ներկայացնել հանքը փակ համակարգով շահագործելու տարբերակ, որով միգուցե հնարավոր լինի չեզոքացնել վնասները:

Բնապահպանական փորձաքննության ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը հայտնել է, որ համայնքում հարցի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներ, և քանի որ համայնքի բնակիչները դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, ընկերությունը դիմել է իրենց՝ կասեցնելու փորձաքննական գործընթացները, մինչև խնդրահարույց հարցերը կարգավորվեն:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը նշել է, որ իրենց կողմից որոշում չի կարող կայացվել, քանի դեռ չեն կատարվել համապատասխան փորձաքննություններ:

Բնապահպանության նախարարության ընդերքի վարչության պետ Վիգեն Ավետիսյանը ներկաներին հավաստիացրել է, որ բնապահպանության նախարարի կողմից կա հանձնարարական՝ հաշվի առնել բոլոր տեսակետները, որից հետո միայն տալ համապատասխան եզրակացություն:

Ներկաները լսել են նաև հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցչի տեսակետները: Վերջինս առարկել է բնապահպանների, երկրաբանների կողմից բերված որոշ փաստարկներ, միաժամանակ նշել, որ իրենք պատրաստ են ընդունելու քննարկման ընթացքում հնչած առաջարկներն ու հաշվի նստել բարձրացված հարցերի հետ: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք չեն կարող իրենց նախագիծն իրականացնել համայնքի բնակիչների անհամաձայնության դեպքում՝ միաժամանակ առաջ քաշելով իրենց կողմից արդեն իսկ իրականացված ծախսերի փոխհատուցման խնդիրը: Որպես հանքի շահագործման դրական կողմ՝ նա ընդգծել է աշխատատեղերի ստեղծման հանգամանքը:

Հաշվի առնելով հանքի շահագործման հետ կապված պատմամշակութային, ընդերքաբանական, բնապահպանական խնդիրները՝ ներկաները փաստել են, որ հանքի շահագործումը բաց եղանակով լուրջ հետևանքներ կարող է առաջացնել: Ուստի Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներն էլ բացասական դիրքորոշում են հայտնել նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն նպատակահարմար չէ:

Այդ դիրքորոշումը կներկայացվի նաև Հանրային խորհրդի նախագահին, ինչպես նաև ՀՀ կառավարության ղեկավարին:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031