Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը չի դադարել, քանի որ խաղաղության պայմանագիր չի կնքվել». «Հայոց աշխարհ»

Հունվար 24,2015 11:00

  Հարցազրույց ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ

   -Հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է։ Հունվարի սկզբից չեն դադարում կրակոցները, մեկը մյուսին հաջորդում են դիվերսիաները: Այն, ինչ կատարվում է սահմանին, այլեւս դժվար է սահմանային միջադեպեր համարել. պատերա՞զմ է:

-Նախ համաձայն չեմ «աննախադեպ» բնորոշմանը, որովհետեւ թե՛ 2014-ի օգոստոսին, թե՛ դրանից առաջ՝ հունվարին եւս, եղավ նման լարված շրջան, երբ հակառակորդի կողմից անընդհատ հարձակումներ էին լինում:

Ինչ վերաբերում է պատերազմին, այն չի դադարել, քանի որ խաղաղության պայմանագիր չի կնքվել: Հետեւաբար մենք 94-ից ի վեր գտնվում ենք շարունակվող պատերազմի մեջ: Այլ հարց է, որ լարվածությունը որոշ ժամանակ հանդարտվում է, հետո կրկին սրվում: Այդ առումով 2003-ին, 2010-ին, նաեւ 2013-ին բավական լարված փուլեր ենք ունեցել: Գուցե լայնածավալ չեն գործողությունները, բայց պատերազմ՝ որպես այդպիսին, այո՝ կա: Ցավոք, աճել են նաեւ մարտական կորուստները:

   -Ադրբեջանը նոր ռազմավարությո՞ւն է գործադրում, եթե այո՝ ո՞րն է նոր ասվածը:
-Ադրբեջանի ռազմավարության մեջ, մանավանդ վերջին 3-4 տարում որեւէ կտրուկ փոփոխություն չեմ տեսնում: Այն, ինչ արվում է այսօր, իր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսեւորումն է: Սա Ադրբեջանի ստանդարտ գործելաոճն է: Ադրբեջանի ռազմական ղեկավարության նպատակը եղել ու մնում է Հայաստանին հոգեբանական ճնշման տակ պահելը, ամեն գնով փորձում են ցույց տալ, որ իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են, կարող են անընդհատ հարվածել Հայաստանին, Արցախին:

Այս պահին Ադրբեջանն իրականացնում է այսպիսի ռազմավարություն. չեն ցանկանում դիմել լայնածավալ գործողությունների, բայց այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ հայկական կողմը անվերջ լարված վիճակում լինի: Սա ես համարում եմ քարոզչական հոգեբանական գործողություն: Եվ այդ քայլերով Ադրբեջանն ուղերձ է փոխանցում Հայաստանին, այն է՝ իրավիճակից ազատվելու միակ ճանապարհը Ղարաբաղը հանձնելն է:

Հայկական կողմի ուղերձը պետք է լինի հետեւյալը. մենք որեւէ դեպքում ոչինչ չենք հանձնելու, եւ հակառակորդի ցանկացած գործողություն արժանանալու է ավելի ցավոտ եւ ուժգին հակահարվածի:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի հաղորդում իր բանակի կորուստների մասին, ու շատերի մեջ տպավորություն է ստեղծվում, թե կորուստները միակողմանի են: Այս իրավիճակում հայկական կողմը կա՛մ պետք է ինքն էլ չհայտարարի իր կորուստների մասին՝ հասկանալով, որ այդ տեղեկատվությունը օգտագործվում է հակառակորդի կողմից, կա՛մ պետք է ինչ-որ կերպ կարողանա ներկայացնել ադրբեջանական կորուստները, որպեսզի իր հերթին ազդեցություն ունենա այդ երկրի ներքին լսարանի վրա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031