Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ուշադրություն հրավիրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ցավակցության» վրա՝ Գյումրիի դեպքերի հետ կապված: Իր պաշտոնական կայքէջում ցավակցությունները վերնագրվում են «Ցավակցություն», իսկ Գյումրիի հետ կապված չկա նման պաշտոնական որեւէ բան: Կա հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի հետ:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ կայքում Պուտինն Օլանդին ցավակցում է՝ «Շառլի Էբդոյի» ահաբեկչության համար, ցավակցում է Ելենա Օբրազցովային, իսկ Հայաստանի ժողովրդին ուղղված «ցավակցությունը» ոչ ունի վերնագիր, ոչ ունի պաշտոնական տեքստ. «Ուղղակի Պուտինն ունեցել է հեռախոսազրույց ու մի տողով գրված է, թե իբր նա վերստին ցավակցում է: Բայց նախկինում ե՞րբ է ցավակցել, որ վերստին լինի: Սա բարոյական կողմն է: Որպես գործընկեր երկիր՝ այսպիսի վերաբերմունքն արդեն անբարո է»:
«Առավոտ» օրաթերթ
23.01.2015