Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ժամանակի սահմանին

Հունվար 24,2015 17:30

Մեր կյանքի վերջին անհանգիստ ժամանակներում ես իմ ընկերներից մեկին բարեկամաբար խորհուրդ տվեցի` մի արա այդ բանը, որովհետեւ կհայտնվես կեղծ ժամանակի մեջ, բայց նա չլսեց ինձ` բերելով բազմաթիվ պատճառաբանություններ: Ու բոլորովին վերջերս նույն ընկերս ինձ ասում էր, որ ինքը խաբվել է, սխալ է թույլ տվել:

Կյանքի առօրյա վայրիվերումները կարծես թե տանելի են, անսպասելին էլ է տանելի` մի կերպ, սակայն ուրիշ պահանջ ունի…

Եվ թերեւս հանգիստ կարող ենք ապրել առօրյա վեճերի հետ, անհամաձայնությունների, նաեւ քաղաքական կռիվների մեջ, մնում է ընտրել ճիշտ խոսքը, այսինքն թե` ցանկացած պայքարի, առավել եւս ազգային եւ քաղաքական պայքարի մեջ երբեք չի կարելի վերջին խոսքը սկզբում ասել, երբ որ մեր միջեւ՝ մեզ սպասելով, լռում է բառարանը, լռում է մշակույթը. նկատի չունեմ ստեղծագործական միությունները, որոնց ղեկավարները, խոսելով մշակույթից, շարունակ ատում են Ստեղծագործությունը, առավել եւս՝ ստեղծագործողին:

Այնինչ մշակույթը, որի մասին անվերջ խոսում են անմշակութակիր լեզվով, ծածկում-թաքցնում է իրական կյանքի դառը պատկերը, ներշնչում է հույս, ցուցադրում գեղեցիկը եւ մղում ապրելու, մեզ հասցնում Աստվածամերձության:

Իսկ ամեն մարդ իր կյանքի օրերի մեջ փնտրում է մեկ ուրիշ մարդու` հույսով, որ իրեն կհասկանա, այդպես էլ ազգերն են փնտրում այլ ազգերի` դարձյալ հավատալով, որ իրենց կճանաչեն ու կընդունեն:

Եվ երբեմն, եթե մարդու բախտը բերում է, մի օր արթնանում է եւ զարմանքով հասկանում, որ այն մարդը, որին ինքը փնտրում էր, ի՛նքն է, այսինքն` հենց ի՛նքն է փնտրվողը, ի՛նքն է միակը, որ հասկանում է իրեն, եթե, իհարկե, հասկանում է: Այդպես էլ ազգերն են, որ իրենց հազարամյա պատմության թմբիրից մի օր արթնանում են ու զարմանքով տեսնում, որ իրե՛նք են իրենց տերը, եթե գտնեն կամ վերհիշեն սեփական բառարաններում մոռացության մատնված սիրո բառերը…

Այսօր հունվարի քսաներեքն է, իսկ վաղն անշուշտ` քսանչորսը եւ այդպես շարունակ… Եվ ես հույս ունեմ, ուզում եմ հավատալ, որ մենք կգտնենք այն բառերը, որի արդյունքում զրույց կկայանա, եթե ոչ` մեր համազգային ոգին, որն արդեն գտել է դեպի մեծ աշխարհ տանող իր բաց դուռը, ինքնուրույն ճանապարհը ու սկսել է ինքն իրեն ճանաչել, կարող է հանկարծ խաթարվել եւ նմանվել երկար ժամանակ վանդակում փակված այն արծվին, որը մի օր կարող է հավ դառնալ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Քեզ չեմ հավատում և գիտես ինչու? Հարցրու Քեզ անձամբ կասեմ..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031