Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության եւ «ոչ իշխանության» վախը Գյումրիի սպանություններից հետո

Հունվար 24,2015 12:00

Հունվարի 22-ին ԱԺ-ում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունների հարցով խորհրդարանական լսումներին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կրկին հրապարակայնորեն խոստացել է, որ դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին:

Թե մինչեւ օրս ինչ հիմքերի պակաս ունի գլխավոր դատախազը, որը նրան թույլ չի տալիս դիմել ռուսական կողմին, ուղղակի անհասկանալի է: Հայաստանի իշխանություններն առանց այն էլ ոչ ադեկվատ պահեցին իրենց հանցագործությունից արդեն ժամեր անց: Նրանց անգործությունն այսօր եւս նկատելի է, երկչոտություն` ռուսական կողմից բացատրություններ ստանալու, հանցագործությանը վերաբերող հարցերը պարզելու, այլ ոչ թե դրանք անվերջ «քննարկելու» առումով:

Առհասարակ, ցավալի էր, որ յոթ մարդու կյանքի գնով բացեիբաց երեւաց մեր քաղաքական դաշտի թուլությունը: Թե իշխանությունը, թե «ոչ իշխանական» ուժերը նույնիսկ սարսափելի դաժան հանցագործության հիմքում ՀՀ քաղաքացիների շահերի, պետության անունից հանդես գալու փորձ անգամ չարեցին:

Հիմա «ոչ իշխանական» ուժերը կսկսեն իշխանությանը պահանջներ ներկայացնել Գյումրիի սպանության առնչությամբ, կմեղադրեն նրանց «գալոչկայի» համար քննարկումներ կազմակերպելու մեջ: Բայց նույն ուժերը ողբերգությունից անց մի քանի օր լռություն պահպանելուց հետո, երբ վերջապես որոշեցին ցավակցություն հայտնել, հայտարարություններ տարածել` նրանց կոչերում նույնիսկ պահանջ չկար՝ ներկայացված ոչ Հայաստանի իշխանություններին, ոչ առավել եւս՝ Ռուսաստանի իրավապահներին` հանցագործության մեջ կասկածվողին հանձնել Հայաստանի իրավապահներին:

Հունվարի 14-ին ՀԱԿ-ը իր հայտարարությամբ պահանջեց իշխանություններից, որպեսզի «համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ՝ մինչեւ վերջ բացահայտեն ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»: Իսկ ԲՀԿ-ն հունվարի 16-ին գյումրեցիներին կոչ էր անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, իրենց արդարացի պահանջները բարձրաձայնելիս տուրք չտալ որեւէ հնարավոր սադրանքի, մնալ առողջ տրամաբանության եւ օրինականության շրջանակներում, քաղաքացիներին կոչ էր անում ցանկացած պարագայում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից, որոնք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը, միեւնույն ժամանակ կոչ էին անում տուրք չտալ հակառուսական տրամադրություններին, քանի որ «խնդիրն այդ հարթություն տեղափոխելու փորձերը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ մեր երկրի համար», եւ «նման լարվածությունը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին»:

ԲՀԿ-ն ակնկալում էր, որ ՌԴ քաղաքական եւ ռազմական իշխանությունները, քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների համաձայն, կոշտ գնահատական կտան կատարված անմարդկային ոճրագործությանը, կձեռնարկեն գործուն քայլեր Գյումրիի ռազմակայանի կարգուկանոնի էական բարձրացման ուղղությամբ, կպատժեն բոլոր մեղավորներին, ում թողտվությամբ կամ անգործության պատճառով հնարավոր եղավ նման աննախադեպ ողբերգությունը, չեն խոչընդոտի ՀՀ օրենքների շրջանակում գործի քննությանը, հանցագործի արդարացի պատժի իրականացմանը: Եվ դարձյալ ոչ մի խոսք՝ ուղղված ՌԴ պատկան մարմիններին` հանձնել հանցագործության մեջ կասկածվողին ՀՀ իրավապահներին: Հունվարի 20-ին նախատեսված էր ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով Ծառուկյանը հետաձգեց այս խորհրդաժողովը, փոխարենը նույն օրը միջոցառմանը հրավիրվածները մասնակցեցին մոմավառության` Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հունվարի 20-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարության տոնայնությունը փոքր-ինչ այլ էր, քան նախորդ օրերին Դաշնակցության ներկայացուցիչների հայտարարությունները. «Վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցված պահանջը` Գյումրիում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը եւ հետագայում նաեւ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում` ՀՀ օրենքներին համապատասխան»:

Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում նույնիսկ մոմավառության գործընթացները չեն կարող ինքնաբուխ լինել, եւ իշխանություններին ձեռնտու է, որպեսզի անցկացվեն կազմակերպված մոմավառություններ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Երեւանում Ազատության հրապարակում մի պահ իրավապահները խոչընդոտել էին մարդկանց ինքնաբուխ մոմավառություն անցկացնել:

Գյումրիի դաժան սպանությանը հետեւած իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունն ու «ոչ իշխանությունն» առավելապես մտահոգված ու անհանգստացած էին նոր շարժման ձեւավորման հնարավորությունից՝ հավանաբար, կարծելով, որ նման շարժումն այլեւս «ոչ իշխանության» կողմից վերահսկելի չի լինի եւ որ ավելի կարեւոր է` «ոչ հակառուսական գծին» հավատարիմ չի լինի:

Եթե Հայաստանի իշխանությունն ու «ոչ իշխանությունը» համարում են, որ Հայաստանում գործող միակ օրենսդրությունը ՌԴ Սահմանադրությունն է եւ նրանց կբավարարի դատաքննության իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ՀՀ օրենքներին համապատասխան, ապա նրանք գոնե պետք է գիտակցեն, որ շատերի համար է հասկանալի, որ ՀՀ տարածքում է գործում նաեւ ռուսական զինվորական դատարանը` 5-րդ կայազորային ռուսական զինվորական դատարանը: Այնպես որ՝ ավելորդ աճպարարություններ անելու կարիք չկա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031