«Ի՞նչ ասի ՀՀԿ-ն, որ չլռի: Ի՞նչ պիտի ասի: ՀՀԿ-ի անդամները սատանանե՞ր են, ինչ են, ի՞նչ պիտի ասի, որ չլռի: Մնացածն ի՞նչ են անում, որ ՀՀԿ-ն չի անում: Կամ՝ դա ի՞նչ պետության հարցն է: Պետությունն այդ երեխուն օգնելու հարցերն արեց, կատարվածը պարզ չէր, ոճրագործություն էլ չէր, մի անմարդկային փաստ էր, բացառիկ երեւույթ էր: Այդտեղ ասելու բան չկար: Շատ ասելով, շատ գոռալով, մյուսին քննադատելով չի»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսպես բուռն արձագանքեց բոլոր նրանց, որոնք քննադատում են ՀՀԿ-ին՝ Գյումրիի ոճրագործության օրերին անտարբեր պահվածքի համար:
Թե ինչով էր զբաղված ՀՀԿ-ն՝ Լեռնիկ Ալեքսանյանը պարզաբանեց. «Նախագահը, իշխանություններն ավելի շատ մտածում էին՝ որն է ճիշտը, որ հակառուսական բորբոքումներ չգնան, որ հանկարծ բազայի վրա էմոցիոնալ մարդիկ չգնան: Ճի՞շտ էր, որ ոստիկաններին քարով խփեցին: Շատ հնարավոր էր՝ մեկն էլ այդտեղ զոհվեր: Այդ էմոցիաների ժամանակ իշխանությունների խնդիրն է սառը դատել եւ մարդկանց էմոցիաները զսպել: Երբ տանը երեխեքը կռվում են, տան հերը պիտի ամեն ինչ անի, որ էմոցիաները վերանան: Իշխանությունները հենց այդպես էլ վարվել են: Դրա հետեւանքները կարող էին շատ ավելի վատ լինել»: Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրեց, որ հանրապետականները շատ ծանր են տարել Ավետիսյանների, հատկապես փոքրիկ Սերյոժայի մահը. «Ես չեմ հանդիպել ՀՀԿ-ականի, որը… եթե ինձ ասեն հարցազրույց տուր այդ թեմայով, ես չեմ տա, որովհետեւ ասելու բան չկա: Դա զգալու բան է, որն ամեն մեկը վերցնում է իր վրա: Օրինակ՝ այդ փոքրիկի մահը ահավոր ազդեց իմ վրա, որովհետեւ էլի հույս էր, որ այդ ընտանիքի շառավիղը կշարունակվի: Որ քննադատում են մեզ, թե սուգ չենք հայտարարել, բայց իշխանություններն ի՞նչ ունեն, ի՞նչ բացասական բան կա՝ սուգ հայտարարե՞լ են, թե՞ չէ: Գուցե դա հակառուսական մոտիվներ ունի, գուցե հակահայկական: Քանի դեռ մոտիվները պարզ չեն, նախագահը կամ որեւէ մեկը, որը իշխանության անունից է խոսում, մինչեւ չունենա այդ փաստերն ու տվյալները, հայտարարություն անելը ճիշտ չի պարզապես: Պատերի տակ ով ինչ ուզում է՝ կարող է խոսել: Բոլորը ցնցված են՝ նախագահից սկսած: Ես տրամադրությունները գիտեմ նախագահի, վարչապետի: Խի ՀՀԿ-ականները մարդիկ չե՞ն»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նույնպես հակադարձեց քննադատողներին, թե իրենք անտարբեր են եղել. «Բայց կներեք, Սերժ Սարգսյանը այդ ոճրագործության հենց առաջին օրը հանդես եկավ հայտարարությամբ եւ հանձնարարեց, մինչեւ այս պահն էլ իր անմիջական հսկողության տակ է պահում հետաքննության ողջ ընթացքը: Հիմա դա անտարբերություն կարելի՞ է մեկնաբանել: Կամ անտարբերությո՞ւն էր այն, որ երեխայի մահվան կապակցությամբ նախագահն անմիջապես իր հայտարարությամբ հանդես եկավ: Մի՞թե անտարբերություն էր այն, որ այսօր նախագահը կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հետաքննությունը հիմնականում հայտնվի հայ իրավապահների հսկողության տակ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.01.2015