Այս ծեծված արտահայտությունն է ամենաճիշտը բնորոշում
մեր երկրում ակտիվիստների հանդեպ ծեծի դինամիկան
Քաղաքացիական ակտիվիստների, սոցիալական ցանցերում ոչ իշխանահաճո գրառումներ կատարողների, տարբեր ակցիաներին մասնակցողների հանդեպ ֆիզիկական բռնությունների թիվը եւ կատարման տեխնիկան գնալով զարգանում են: Նման դեպքերի հաշիվն արդեն կորել է, սակայն բացահայտումներ գրեթե չկան:
Վերջին դեպքը Վիլեն Գաբրիելյանի՝ «Նավակ ճոճողի» ծեծն էր: Հունվարի 17-ի երեկոյան նրան ծեծել էին դիմակավորված անձինք՝ մահակներով:
Որեւէ կասկած կա՞, որ մեղավորները չեն գտնվի: Նախորդ չբացահայտված բազմաթիվ դեպքերը ստիպում են անգամ հույս չունենալ, որ կգտնվեն եւ պատասխանատվության կենթարկվեն անզեն մարդու վրա դագանակով հարձակվածները: Փոխարենը կարելի է վստահաբար ասել, որ հերթական չբացահայտված դեպքը նորանոր բռնությունների համար պարարտ հող է ստեղծելու:
Կարդացեք նաև
Վիլեն Գաբրիելյանի վրա հարձակումը այս տարվա առաջին դեպքն էր: Սակայն դրան նախորդած դեկտեմբեր ամսին «անհայտ անձանց կողմից» հարձակման եւ ծեծի ենթարկման դեպքերը աննախադեպ շատ էին:
Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ, տարբեր քաղաքական-քաղաքացիական ակցիաներին մեծ ակտիվություն ցուցաբերող Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը: Դեկտեմբերի 11-ին իր տան մուտքի մոտ ծեծի էր ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Դեկտեմբերի 20-ին ծեծվել էր քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:
Նոյեմբերն էլ չէր անցել առանց միջադեպերի: Ծեծվել էր «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, հրկիզվել էին նույն կազմակերպության անդամ կամ համակիր հանդիսացող եւս վեց անձանց ավտոմեքենաներ:
Սակայն հանցագործներին գտնելու հույսը վերջնականապես է մարում, երբ այն կասկածներին ի պատասխան, թե այդ ծեծերի պատվիրատուները իշխանության, մասնավորապես՝ ոստիկանական վերին օղակներում են, փոխոստիկանապետը հայտարարում է. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով իմ ներկայությամբ նախագահի հասցեին որեւէ բան ուզի ասել, ականջները կկտրեմ շան թուլի պես»:
Այս «ինքնախոստովանականին» նորմալ երկրներում կհետեւեր պաշտոնյայի հրաժարականը, մեզ մոտ նման բանի անգամ ակնկալիք չկա:
Այս պարագայում ցավով գիտակցում ես, որ գործերը ոչ թե մեր ոստիկանների ապաշնորհության արդյունքում չեն բացահայտվում, այլ պարզապես որեւէ ցանկություն չկա դրանք բացահայտելու:
2013-ն էլ բավականին «ծեծառատ» էր քաղաքացիական ակտիվիստների համար: Այնքան առատ, որ 2013-ի սեպտեմբերի վերջին ոստիկանությունը մի հայտարարություն էր տարածել, թե «Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ են ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները: Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջաբար ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր»:
Բայց բացահայտումների մասին՝ ոչ մի խոսք:
2013-ի սեպտեմբերի 4-ին նման «անհայտ անձանց կողմից» ծեծի էին ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը: Մեկ տարի երեք ամիսը այդպես էլ չբավականացրեց, որպեսզի հայտնաբերվեն նրանց բռնության ենթարկողները, այն դեպքում, երբ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կային, եւ մեծ շնորհք պետք չէր՝ գործը արագ բացահայտելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն ինչի՞ մասին է խոսքը, երբ վերջին անգամ այս գործով ուղիղ մեկ տարի առաջ են որեւէ գործողություն կատարել:
«Առավոտի» հետ զրույցում Հայկակ Արշամյանը պատմեց. «Վերջին անգամ անցյալ տարվա հունվարի սկզբին ենք քննիչի հետ հանդիպել: Մեկ տարուց ավելի է՝ այդ գործից ոչ մի տեղեկություն չկա: Անգամ տեղյակ չենք՝ փակվե՞լ է գործը, կարճվե՞լ է, ժամանակավոր «սառեցվե՞լ է»…»: Մեր հարցին՝ բայց չէ՞ որ եթե այս մի տարվա ընթացքում գործը կարճվել էր, ապա պարտավոր էին ձեզ տեղեկացնել, պարոն Արշամյանը պատասխանեց. «Այո, պարտավոր են գրավոր տեղեկացնել, թե ինչ վիճակում է: Սակայն ավելի քան մեկ տարի է՝ ոչ մի լուր: Ինչ-ինչ լուրեր էին ինձ հասել շատ վաղուց, որ գործը պիտի փակվի, բայց չգիտեմ՝ ինչ է եղել: Քննիչն էլ, որ քննում էր այդ գործը, Կենտրոնի բաժնից տեղափոխվել է Շենգավիթ»:
Մեր հարցին՝ լավ, գոնե ձեւ անո՞ւմ էին, թե ինչ-որ գործ են անում, փորձում են բացահայտել, Հ. Արշամյանը պատասխանեց. «Վերջին անգամ դա էր՝ 2014-ի հունվարին, երբ գնացինք, ցուցմունքների ճշգրտում էին անում, արյան անալիզների համեմատություն, ինչ-որ փաստաթղթեր ենք ստորագրել, մատնահետքերի վերաբերյալ տվյալներ էին, որ մեքենայի վրա երրորդ մարդու մատնահետք կա…»:
Հետաքրքրվեցինք՝ նմանատիպ դեպքերի չբացահայտումները չե՞ն պատճառը, որ նորանոր բռնության դեպքեր են գրանցվում: Պարոն Արշամյանը համաձայնեց. «Միանշանակ: Քանի դեռ նման քաղաքական բնույթի հետապնդումները, բռնությունները չեն բացահայտվում, ուրեմն դրանց հետեւում կանգնած են իշխանությունները: Նմանատիպ պարզունակ ծեծուջարդերը քաղաքի կենտրոնում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ արված ու այդպես էլ չբացահայտված, ապացուցում են, որ ոստիկանությունը իր անգործությամբ հովանավորում է դրանք կատարողներին, եթե ոչ՝ համագործակցում»:
Նա նաեւ հումորով նկատեց, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում հանցագործները կատարելագործվել են. «Եթե մեզ վրա հարձակվեցին անզեն, եւ միակ քողարկումը մթությունն էր, ապա Վիլեն Գաբրիելյանի վրա հարձակվել են դագանակներով եւ քողարկվել դիմակներով: Անգամ, որքանով տեղյակ եմ, Վիլենի վրա հարձակվողները նմանատիպ հագուստով են եղել՝ համարյա համազգեստով՝ փքուն կիսավերարկուներով: Այնպես որ՝ այդ առումով առաջընթաց կա: Աշխատում են, զարգացնում են տեխնոլոգիաները»: Իսկ մթության կամ դիմակի ներքո դեմքերը քողարկելը, ըստ Հ. Արշամյանի, պարզ նպատակ է հետապնդում. «Գիտեն, որ իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, որպեսզի հանգիստ խղճով հաջորդին էլ ծառայեն»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2015