Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է այնպես անել, որ ռազմական գործողությունները տեղի ունենան հակառակորդի տարածքում»

Հունվար 24,2015 16:00

Արման Մելիքյանը՝ հայ-ադրբեջանական սահմանում
եւ Գյումրիում տեղի ունեցածի միջեւ կապի մասին

Գյումրին պատուհասած ոճրագործությանը եւ նաեւ դրա հետեւանքով Հայաստանում բարձրացած տրամադրություններին զուգահեռվում են հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդ կողմի հարձակումները, հայկական կողմն ունի կորուստներ: Կարո՞ղ ենք կապ նկատել այս երկուսի միջեւ. արդյոք Ադրբեջանը փորձում է օգտվե՞լ Հայաստանում տեղի ունեցողից: Այս եւ հայ-ադրբեջանական գծում ու հարաբերություններում տեղի ունեցողի մասին «Առավոտը» զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

«Զինված միջադեպերի հաճախակիացումը շփման գծում արձանագրվել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից դեռ շատ առաջ: Այդ երկուսի անմիջական կապը կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ հանցագործն իր ոճիրն իրականացրել է Ադրբեջանի գաղտնի ծառայությունների պատվերով: Այնժամ հնարավոր կլինի ասել, որ Ադրբեջանն այլեւս չի բավարարվում ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով եւ որոշել է իր գործողություններին հավելել նաեւ խորը թիկունքում ապրող մարդկանց ահաբեկելու գործելակերպը»,- ասում է Արման Մելիքյանը: Նա կարծում է, որ լարվածությունը թեժ պահելուն միտված Ադրբեջանի մոտեցումը բխում է այդ երկրի կողմից որդեգրված քաղաքականությունից, հանդիսանում է այդ քաղաքականության հիմնատարրերից մեկը: «Թեեւ հայկական կողմերը ռազմաճակատում սովորաբար կարողանում են համարժեք ռազմական պատասխան տալ հակառակորդի սադրանքներին, սակայն քաղաքական ասպարեզում նույնը անել նրանց չի հաջողվում եւ չի հաջողվի, քանի դեռ իրենց քաղաքական պահվածքը չեն վերանայել ու չեն համալրել նոր արդյունավետ մոտեցումներով»,- ասում է պարոն Մելիքյանը եւ համարում, որ հայ-ադրբեջանական սահմանում այս օրերին հրադադարի խախտման առավել քան ինտենսիվ փորձերը զուտ քաղաքական բնույթ ունեն:

«Ադրբեջանը նպատակ ունի իր լիակատար վերահսկողության տակ առնել Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը՝ սա է մեր հակառակորդի անփոփոխ նպատակը, որի իրագործման համար նա չի ափսոսում ոչ իր մարդկանց կյանքը, ոչ էլ իր տրամադրության տակ եղած մեծածավալ նյութական միջոցները»,- ասում է պարոն Մելիքյանը:

«Առավոտը» պարոն Մելիքյանին հիշեցրեց, որ վերջերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում մենք նախահարձակ կլինենք: Մեր հարցին՝ արդյոք ռազմական գործողությունների թեժացումը պատերազմի չի՞ հանգեցնի, որքանո՞վ է դա մեզ ձեռնտու, նա պատասխանեց. «Ոչ մի երկիր ու ոչ մի ժողովուրդ չի ցանկանա պատերազմի մեջ ներքաշվել, եւ մենք այդ առումով բացառություն չենք: Այդուհանդերձ, հաշվի առնելով պաշտոնական Բաքվի պահվածքն ու նպատակները՝ առկա իրավիճակը համակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի՝ միայն լուրջ մասնագիտական վերլուծության հիման վրա հնարավոր կլինի պաշտպանվելու կամ հարձակվելու վերաբերյալ կշռադատված որոշում կայացնել: Եթե պատերազմն ինչ-ինչ պատճառներով համարվի անխուսափելի, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ ռազմական գործողությունները տեղի ունենան հակառակորդի տարածքում»:

Արման Մելիքյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր երկրի ղեկավարությունը, ողջ մեր քաղաքական դասը պետք է գիտակցեն երկրի կառավարման համակարգի որակական փոփոխության անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ են վստահություն ներշնչող ու արդյունավետ նոր մոտեցումներ, որոնք կապահովեն ներքին միասնականության ու փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ նախադրյալներն ու թույլ կտան իրատեսական հիմքի վրա կառուցել մեր հարաբերություններն արտաքին աշխարհի՝ բարեկամների, հակառակորդների ու պոտենցիալ գործընկերների հետ»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031