Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»

Հունվար 24,2015 14:30

Ե՞րբ թուրքերը սկսեցին շարժվել դեպի Հայկական լեռնաշխարհ, ի՞նչ տեղ էին գրավում հայերն Օսմանյան կայսրությունում եւ երբվանի՞ց թուրքերի կողմից ընտիր, հավատարիմ ազգ համարվող հայերը կայսրությունում դարձան անցանկալի տարր, ինչպե՞ս է ընթացել հայերի թրքացումը կայսրությունում ու հանրապետական Թուրքիայում, ովքե՞ր են ալեվիներն ու զազաները, ի՞նչ առնչություն ունեն հայերի հետ, թե ինչպե՞ս հայությունը գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի տարածքում, Արեւմտյան Հայաստանում հայերի ինչպիսի՞ ժողովրդագրություն է հայտնի եւ ի՞նչ պատահեց իրենց բնակավայրերը չլքած, ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետ, այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Ուշագրավ թվեր բերեց պրն Հացպանյանը: Պարզվում է, որ 1000 թվականին մոտ հայ էթնիկ ազգաբնակչության թիվը կազմում էր շուրջ 6 մլն մարդ (ըստ պատմաբան Անդրանիկ Չելեբյանի), 1890-ին արդեն 3 մլն էինք, իսկ 1920-ին՝ 1 մլն էինք, մինչդեռ ներկայիս Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը համապատասխանաբար կազմում էր՝ 2, 30 եւ 40 մլն: Երեւի պատմությանը բնակչության նմանօրինակ այլ ռեգրես հայտնի չէ: 1299-1326 թթ. համարվում է մի պետության ծնունդ, որի հպատակը հանդիսացավ արեւմտահայությունը, այն հիմնադրի՝ Օսմանի անունով կոչվեց Օսմանյան կայսրություն: Տարալեզու շատ աղբյուրներ՝ անգլիական, ֆրանսիական, գերմանական, ռուսական, հայկական եւ ալն, նշում են, որ 2-րդ կայսեր՝ Օրհան Գազի օրոք հիմք դրվեց ենիչերիների (նոր զինվորախավ) պատմությանը, որը սկսվում է 1350-ականներին եւ ավարտվում Մահմուդ 2-րդ կայսեր ժամանակաշրջանով՝ 1826 թվականին: Այդ ժամանակաշրջանում միայն հայերից եւ հույներից վերցնում էին 8-18 տարեկան երեխաներին եւ դարձնում ենիչերի, օսմանյան տիրապետության տակ ապրող սերբեր, մոլդավներ եւ բալկանյան շատ այլ ազգերից եւս երեխաներ էր վերցվում: Միայն այս ճանապարհով, մոտ 500 տարվա ընթացքում 1 միլիոնից ավելի հայ է թրքացվում: Ենիչերիները 2 կարեւոր դերակատարում են ունեցել՝ նրանք կազմում էին սուլթանի պահակային՝ ամենավստահելի գունդը եւ պատերազմների ժամանակ առաջնորդում էին զորքը…Այո՛, կայսրությունում սուլթանն իր կյանքը, հարեմն ու ինչքը վստահում էր քրիստոնյաներին: Ի դեպ, ոչ մի սուլթանի մայր թրքուհի չի եղել, մայրերը եղել են բալկանյան երկրներից՝ բուլղար, սերբ, մոլդավ, խորվաթ, ավստրիացի, հունգար, մակեդոնացի, շատ հույներ եւ մի քանի հայուհիներ: Ցավոք, հայուհի էր սուլթան Աբդուլ Համիդի մայրը՝ Վերժինեն:

1453թ. Կոստանդնուպոլսի նվաճումից հետո, սկսվում է Հայկական լեռնաշխարհի նվաճումը, ընդ որում՝ Կիլիկյան Հայաստանն արդեն մաս էր կազմում Օսմանյան կայսրության: Մեհմեդ 2-րդի մահից (1481թ.) հետո, Հայկական լեռնաշխարհը դեռ մտած չէր կայսրության կազմի մեջ (վկայակոչվեց քարտեզը):

1451-1699 թթ. ժամանակաշրջանն առանձնանում է հայերի համար 3 հանգամանքով: Սկսվում է հայերի արտագաղթը իրենց բնօրրանից դեպի արեւմուտք՝ Գամիրք, Նիկոմեդիա, Բութանիա, Կոստանդնուպոլիս: Մեհմեդ 2-րդը 1461 թ. Բուրսայի հայ հոգեւորական Հովակիմին բերում է Կոստանդնուպոլիս եւ կարգում պատրիարք: Նույն թվականին հայկական հոգեւոր աթոռը Վանից տեղափոխվում է Կ.Պոլիս եւ Օսմանյան կայսրությունում հայերին վերաբերող բոլոր վարչական գործերը կատարվում են Հայոց պատրիարքի միջոցով ու միջնորդությամբ, որն օրինական ուժ է ստանում 1830 թվականին: Այդ ժամանակից սկսած հայությունը, որպես կայսրության ազգային հպատակ, ստանում է «հավատարիմ ազգ» կարգավիճակը:

Հայության կյանքում էական, կարեւոր իրադարձություն է տեղի ունենում 1514 թվականին, երբ սուլթան Ահեղ մականվամբ հայտնի Սելիմ Առաջինը (Մեհմեդ 2-րդի թոռը), որը հայտնի էր Յավուզ անվամբ, Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին անգամ արշավանք է սկսում դեպի արեւելք, դեպի Հայաստան, Իրան, Արաբական երկրներ: Վանից հյուսիս-արեւելք գտնվող Չալդրան կոչված տարածքում, որի բնակչության գրեթե 100 %-ը հայեր էին, տեղի է ունենում Օսմանյան կայսրության բանակի եւ Իրանի շահ Իսմայիլի զորքերի առճակատումը: Հայերն ու տարածաշրջանի զազա հատվածը, որ ալեվիզմի հետեւորդներ էին, հանդես եկան Իրանի շահի կողմից՝ ընդդեմ Օսմանյան կայսրության: Դրանից հետո Օսմանյան կայսրությունը վրեժ լուծելու նպատակով որոշեց բնաջնջել այդ տարածքի հայ քրիստոնյա հատվածը:

Տարբեր աղբյուրներ նշում են, որ 1545-ից մինչեւ 1650 կամ 1667 թվականները շուրջ 120 հազար հայ է կրոնափոխ եղել: 1545-ից մինչեւ 1700 թվականները կայսրությունում տեղի է ունեցել Ջալալյան 5 ապստամբություն: Դրանք լուրջ դերակատարում ունեցան հասարակական կյանքում եւ ընդգրկում էին հավատամքի, դավանանքի, սոցիալական եւ այլ հարցեր: Ինչ էլ կատարվում էր, վերջում ջարդվում էր հայերի գլխին եւ հայերը ստիպված դավանափոխ էին լինում կամ էլ արտագաղթում իրենց բնակավայրերից: Այդ ժամանակաշրջանի 150-190 տարիների ընթացքում դավանափոխ հայերը դարձան ալեվի, նրանք չդարձան սուննի, հանեֆի, շաֆի: Իսլամում կա շիիզմի ծայրահեղական աղանդ համարվող ալեվիզմ, որը մեր հեթանոսության, քրիստոնեության եւ իսլամի խառնուրդ է: Հայության ալեվի դարձած հատվածը տարածաշրջանում միակն է, որի խնդիրները չեն լուծվել: Ինչո՞ւ հայը նախընտրեց դառնալ ալեվի: Պարզվում է, որ հայոց թե՛ հեթանոս եւ թե՛ քրիստոնեական ժամանակաշրջանի՝ պավլիկյան ու թոնդրակյան շարժման մշակութային արժեքներն ապրում են ալեվիզմի մեջ, վերջինս հարազատ է հայերին, այն ամենամարդկային կրոնն է հայերի հանդեպ, քանզի իր ազգությունից դուրս մարդկանց նկատմամբ ատելություն չի սերմանում:

Մեր հոգեւոր դասը՝ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանա՝ տեր-հայրերը ընդունելով ալեվիզմը՝ ղըզըլբաշությունը, դարձել են նրանց սեյիդները (առաջնորդ), փիրերը (Սրբազան առաջնորդ), փիրանփիրերը (Սրբազնագույն առաջնորդ): Ալեվիների մեջ կան 4 տարբեր ժառանգաբար փոխանցվող աշերիթներ (տոհմեր), որոնք մեծամասամբ էթնիկ հայեր են: Նրանք հիմնականում բնակվում են Դերսիմում, Երզնկայում, Սեբաստիայում, Բինգյոլում, Ադիամանում, Խարբերդում եւ կազմում են մոտ մի քանի հայրուր հազար մարդ, նրանց մասին, ցավոք, ճշգրիտ որեւէ տվյալ չկա: Այսօր Եվրոպայում ապրող շատ ալեվիներ պրպտում են իրենց պատմությունը, փորձում են գտնել իրենց իսկական ինքնությունը եւ ասում են, որ իրենց նախնիները հայեր են եղել: Հետազոտող երիտասարդների մեջ շատ-շատ են հատկապես դերսիմցի, մարաշցի, բինգյոլցի, սեբաստացի, խարբերդցիները: Զազա ժողովրդի մեջ կա մի հատված, որոնք ասում են, որ իրենց տոհմերի նախնիները ժամանակին հայեր են եղել. Մամեքաններն, օրինակ, ասում են, որ իրենք Մամիկոնյաններից են սերվել, Խորմեքանները գտնում են, որ իրենք Խորխոռունիների տոհմից են, այդպիսիներից են Ալանները, Իզոլները, Դեմենանները եւ այլն, նրանք շատ-շատ են, մոտ 126 տոհմի մասին է խոսքը գնում, որոնք այժմ միլիոններով ապրում են նույն տարածքում եւ իրենց կոչում են ալեվի՝ ղըզըլբաշ, զազա…

Հայերի երկրորդ դժբախտ պատահարը դարձյալ կապված է Իրանի հետ, որի տիրապետության տակ գտնվող Հայաստանն անցել էր Օսմանյան կայսրությանը: Ի դեպ, պատմությունից գիտենք, որ Իրանի տիրապետության տակ եղած ժամանակաշրջանում հայ-իրանական հարաբերություններում ջարդեր, ցեղասպանություններ չեն եղել, իսկ օսմանյան արշավանքները բերում են հայերի արտագաղթի դեպի Կիլիկիա, դեպի Անատոլիա, Հունաստան, Բալկաններ եւ այլն:

Օսմանյան կայսրության վերջին շրջանն ընդգրկում է 1812-1923 թվականները: 1923 թվականի հոկտեմբերի 29-ին ստեղծվում է հանրապետական Թուրքիայի ներկայիս պետությունը: Եթե ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը ուղիղ մեջտեղից ուղղաձիգ կիսենք, աջ հատվածն ամբողջությամբ կկազմի Արեւմտյան Հայաստանը:
Մինչեւ 1960-ական թվականները հանրապետական Թուրքիայում հայկական բոլոր տարածքները՝ վիլայեթները, քաղաքներն ու գյուղերն իրենց հայկական անվանումները պահպանել էին: Վերջերս, լեզվաբան Սեւան Նշանյանը Պոլսում հրապարակեց «Անունը մոռացող երկիր» գիրքը, որտեղ փաստում է, թե ինչպես Թուրքիայի Հանրապետությունում հունական, հայկական ծագմամբ դարավոր տեղանուններն անվանափոխվեցին թուրքական անհեթեթ անուններով…

Ս. Հացպանյանը ցույց տվեց 1915 թվականին Թուրքիայում գործած հայկական դպրոցների քարտեզը եւ ընդգծեց, որ այդ ժամանակ մեր դպրոցների թվաքանակի նույնիսկ 0,2 %-ը չունեին ուսումնատենչությունից զուրկ թուրքերը: Ցույց տվեց նաեւ մի այլ քարտեզ, ուր պատկերված էին այն հավաքատեղի-քաղաքները, որտեղից հայերը քշվում էին Դեր-Զոր եւ նկատեց, որ դավանափոխ հայերի ավելի շատ կարելի է գտնել այդ տարածքներում՝ Դերսիմ, Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մալաթիա, Մուշ, Սասուն, Ադիաման, Բինգյոլ եւ այլն: Վերլուծաբանն ընդգծեց, որ թրքացված հայեր ասելու տակ պետք է հասկանալ նաեւ ալեվիացած, զազայացված, ասորացված, քրդացված, արաբացված հայեր:

Ցեղասպանության ենթարկված այս ամենամեծ խմբի նկատմամբ աշխատանքներ չեն կատարվել: 1916 թ.-ին Ջեմալ Փաշան՝ Օսմանյան կայսրության Ծովային նախարարը (երիտթուրքերից), որոշում է ողջ մնացած հայ որբերին հավաքել եւ թրքացնել: Այս գործը վստահում է սալոնիկցի մի հրեա դավանափոխ իսլամացած կնոջ՝ Հալիդե Էդիպին, ով եվրոպական լավ կրթություն էր ստացել: Նա զբաղվելու էր Լիբանանի, Սիրիայի ճամբարներից հավաքված հազարավոր հայ որբերով: Սարգիս Հացպանյանը ցույց տվեց հարեմի մի լուսանկար, ուր պատկերված էին հայ դեռատի աղջիկ որբերը, որոնք սպասարկում էին թուրքական բանակի բարձրաստիճան զինվորականներին:

Երիտթուրքերի պարտությունից հետո, Հալիդե Էդիպը 1919 թ.-ին մտավ Մուստաֆա Քեմալի առաջնորդած, այսպես կոչված, «ազատագրական շարժման» մեջ եւ լծվեց նոր Թուրքիայի ստեղծման գործին: Լուսանկարներից մեկը պատկերում էր Հալիդե Էդիպին Սուրբ Սոֆիայի Մայր Տաճարի տարածքում 100 հազարանոց միտինգավորներին Մուստաֆա Քեմալին միանալու կոչ անելիս: Հայ որբերի թրքացումը ոչ միայն Հալիդեի, այլեւ մյուսների աշխատանքն էր: Էրզրումի շրջանում՝ արեւելյան ճակատում, հազարներով որբ երեխաների հավաքելով՝ Կարաբեքիր փաշայի օգնականը՝ Ֆեվզի Չաքմաքը, ստեղծել էր «Ժիր երեխաների» ճամբար, 4 տարի շարունակ թրքացման պրոցես անցնելուց հետո մոտ վեց հազար որբ դարձան զինվորներ եւ կռվում էին հայերի դեմ Կարսում, Ալեքսանդրապոլում եւ այլ տարածքներում: Երբ Չաքմաքին հարցնում են, թե թրքացած երեխաներին ինչպե՞ս եք վստահում, ասում է՝ «Կուլտուրապես բոլորից բարձր, բազմակողմանի զարգացած գենետիկա կրող ազգի երեխաները մեզ այնքան կծառայեն, որ նույնիսկ երազել չէինք կարող»: Հացպանյանը ցույց տվեց նաեւ 1919 թ.-ի Կ.Պոլսի Փերա թաղամասի՝ ներկայիս Թաքսիմում եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանի (այն տեղադրել էր հայկական կոմիտեն) լուսանկարը:

Հրապարակախոս-վերլուծաբանը պատմեց նաեւ Թուրքիայում 1921թ., 1925թ. եւ 1930-1931թթ. տեղի ունեցած ապստամբությունների մասին, որտեղ մեծ դերակատարություն են ունեցել հայերը: Մինչ այդ, երբ ռուսները 1916 թվականին հասել էին Երզնկա, տեղի հայությունն ու զազաները ապստամբելով Թուրքիայի դեմ, համատեղ հիմնել էին «Երզնկայի խորհուրդը» եւ դիմել էին Ռուսաստանի օգնությանը, որպեսզի իրագործել կարողանան իրենց անկախությունն ու պահպանեն ինքնիշխանությունը:
Առաջին ապստամբությունը եղել էր Քոչկիրում, երբ տեղի էթնիկ հայերը, 16 ալեվի զազա աշիրեթներ, թվով՝ 135 հազար մարդ, ապստամբելով Թուրքական իշխանությունների դեմ, պահանջում էին, որպեսզի իրագործվի Սեւրի դաշնագիրը: Սա պատմության մեջ միակ ապստամբությունն է, որը պահանջում էր Սեւրի դաշնագրի իրագործումը: Այն, ինչպես եւ 1925 թվականին՝ Շեյխ Սաիդի եւ 1930-1931 թթ. Աղրըի (Մասիս սարի տարածքում) ապստամբությունները, դաժանորեն ճնշվել են: Վերջին ապստամբության Զիլան Բեյ ծածկանունով ղեկավարը, ինչպես գրում է Կարո Սասունին, Խնուսցի Արտաշես Մուրադյանն էր: Շեյխ Սաիդի ապստամբության շրջանի ղեկավարներից մեկը՝ հայազգի Գեւորգ Հալաջյանն էր, ով 1925-1928 թվականները թուրքական բանտում անցկացրեց: Այդ ընթացքում գրում է իր «Դեպի կախաղան» գիրքը, որն իրենից ներկայացնում է բանտային արտասովոր մի օրագիր: Բերդում նստած՝ նա կարողանում է շրջան առ շրջան հավաքել վերապրող հայերի թիվը: 1932 թվականին Բոստոնում լույս է տեսել Գեւորգ Հալաջյանի (ներկայանում է որպես Թափառական) «Դեպի կախաղան» գիրքը:

Սարգիս Հացպանյանը խոսեց նաեւ հանրապետական Թուրքիայում ապրող ցանկացած ազգի սիրելի, օպերային երգիչ, հայտնի բարիտոն Ռուհի Սուի (ռուհ նշանակում է հոգի, իսկ սու՝ ջուր, այսինքն՝ հոգու ջուր) մասին, ով Կոմիտաս վարդապետի նման շրջել էր հանրապետական Թուրքիայի ողջ տարածքով, Արեւմտյան Հայաստանով, գրի առել հայկական երգերը, մաքրել օտար նորամուծություններից եւ փրկել ոչնչացումից: Ռուհի Սուն ծնվել էր Վանում՝ 1912 թ.: Ցեղասպանության ժամանակ կորցրել էր ողջ ընտանիքը, այնուհետեւ բերվել էր Ադանա, սկզբում հանձնվել էր մի թուրք ընտանիքի, հետո տրվել էր որբանոց, որտեղ էլ երաժշություն էր սովորել, հետագայում ավարտել կոնսերվատորիան: Միայն 1960-ական թվականների սկզբներին խոսվեց նրա հայ լինելու մասին, երբ երգիչը մի բանաստեղծություն էր գրել իր արմատների մասին: Ռուհի Սուն մահանում է 1985 թ.: Նրա մահից հետո կինն ու որդին հայտարարում են, որ նա հոր եւ մոր կողմից ոչ մի ազգական չուներ, սակայն ամեն ինչ առավել քան պարզ էր բոլորին:

«Եթե մարդ ծնվում է 1912 թ. Վանում եւ ոչ մեկը չունի… ուրեմն իմ հայրը ծագումով հայ է»,- վերջին տարիներին եզրակացրել էր որդին՝ Ըլգազ Սուն:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արեգ says:

    Ո՞ւ… հոդվածի ամենասկզբի հարցադրումները շատ ճիշտ էին ու կարեւոր…այսինքն` Ե՞րբ թուրքերը սկսեցին շարժվել դեպի Հայկական լեռնաշխարհ, ի՞նչ տեղ էին գրավում հայերն Օսմանյան կայսրությունում եւ երբվանի՞ց թուրքերի կողմից ընտիր, հավատարիմ ազգ համարվող հայերը կայսրությունում դարձան անցանկալի տարր, ինչպե՞ս է ընթացել հայերի թրքացումը կայսրությունում ու հանրապետական Թուրքիայում, ովքե՞ր են ալեվիներն ու զազաները, ի՞նչ առնչություն ունեն հայերի հետ, թե ինչպե՞ս հայությունը գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի տարածքում, Արեւմտյան Հայաստանում հայերի ինչպիսի՞ ժողովրդագրություն է հայտնի եւ ի՞նչ պատահեց իրենց բնակավայրերը չլքած, ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետ: Մանավանդ կարեւոր է իմանալը, թե երբվանի՞ց եւ նամանավանդ` ինչո՞ւ, թուրքերի համար հայերը դարձան անցանկալի տարր: Բայց այս հարցերի պատասխանը, ցավոք, չերեւաց: Մինչդեռ այն շատ կարեւոր է, կարեւոր է, հատկապես հետեւություն անելու համար: Եւ մի դիտողություն եւս. աշխաչհում չկա մոլդավ, մոլդավացի, մոլդովացի, ազգ: Կան ռումիններ, ռումինացիներ, եւ Ռումինիայի Մոլդովա, Մոլդավիա մասը ոմանք անջատեցին Ռումինիայից ու Ռումինիայի Մոլդավիայում կամ Մոլդովայում ապրողներին սկսեցին որպես ազգի ներկայացնել: Նույնն է, թե ասենք, որ կա լոռեցի ազգ, շիրակցի կամ սյունեցի ազգ: Գուցե ղարաբաղցի՞ք են ազգ: Ու ուզում ենք, որ առաջադրված հարցերին պատասխան գտնե՞նք: Այն, որ հայուհի էր սուլթան Աբդուլ Համիդի մայրը՝ Վերժինեն, շաաաաաաաաաատ մտածելու տեղիք է տալիս: Ո՞վ է հայը: Ո՞րն է հայի չափանիշը: Սա նշանակում է, որ մեր բազմաթիվ կարծրատիպեր պիտի փշրվեն ու բազմաթիվ հարցերի պատասխաններ ունենք ստանալու ու մարսելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031