Մտերիմները՝ կոմպոզիտորի մասին
Հունվարի 22-ին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը դարձավ 94 տարեկան: «Առավոտի» հետ զրույցում՝ կոմպոզիտորի հետ շփված մարդիկ, հետաքրքիր դրվագներ պատմեցին նրանից:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը Բաբաջանյանին եւ իբրեւ երաժիշտ, եւ որպես մարդ բացառիկ երեւույթ որակեց: Ասաց, որ որպես անձնավորություն, ժողովրդի լեզվով ասած՝ հասնող էր:
«Առնո Բաբաջանյանն ամեն տարի գալիս էր Դիլիջան: Նա մեկնելուց առաջ հավաքում էր այնտեղ գտնվող կոմպոզիտորներին, հետաքրքրվում էր, թե ով ինչի վրա է աշխատում եւ ինչ է ստացվել: Ես զարմանում էի, թե ե՞րբ էր հասցնում երաժշտությամբ զբաղվել, երբ մեկ ամիս այնտեղ գտնվելու ընթացքում շարունակ մարդիկ էին գալիս նրա մոտ, քոթեջի առաջ օրական 3-4 մեքենա էր կանգնած լինում, միշտ դուռը բաց էր լինում բոլորի առաջ… Վերջին տարիներին մեջքի ցավեր ուներ: Մի օր տեսանք, որ ձիու սանձ է բերել: Հարցրեցի՝ էդ ինչի՞ համար է, Առնո Հարությունիչ, ասաց՝ ձի էլ կքշեմ, բայց սա ուրիշ բանի համար է, ինձ պիտի կախեմ: Միջնադռան պատուհանի ապակիները հանվել էին, դրանից կախել էր սանձը, կանգնում էր աթոռի վրա, սանձը անցկացնում էր թեւերի տակից, կախվում էր, որ մեջքը ուղղվի, ու հետո պատվիրում էր՝ չմոռանաք հա՜, որ կես ժամ հետո գաք ինձ հանեք, թե չէ՝ իսկականից կկախվեմ»:
Կարդացեք նաև
Մարտին Վարդազարյանի բնորոշմամբ, Առնո Բաբաջանյանը բացառիկ հումորի տեր էր: Պատմում է, որ երբ Մոսկվայից Հայաստան էր գալիս, բոլորը ուզում էին օգտվել նրա «Մարլբորո» ծխախոտից, Բաբաջանյանն էլ չէր մերժում, ու Դիլիջանի կոմպոզիտորների տանը նախաճաշին, ճաշին, ընթրիքին մեկ տուփը վերջանում էր: «Երկրորդ օրը ճաշին եկավ ճաշարան, մարդկանց հետ շփվելու եւ ոչ թե ուտելու համար, էլի ուզեցին՝ Առնո Հարությունիչ, մի հատ քո ծխախոտից ծխենք, ինքը «Մարլբորոն» դրեց գրպանը, մյուս գրպանից հանեց «Ավրորան», ասաց՝ սա էլ է իմը, սրանից ծխեք»:
Մարտին Վարդազարյանի ձեւակերպմամբ, Առնո Բաբաջանյանը՝ հետաքրքրվելով, թե ով ինչի վրա է աշխատում, բոլորին ոգեւորում էր, իսկ եթե շտկումների խորհուրդ էր տալիս, ապա շատ նրբանկատորեն, կարող էր այդ երաժշտությունը նվագել դաշնամուրի վրա ու ասել, թե ինչ անեն, որ ավելի լավ ստացվի. «Ինքը վարպետի խորհուրդներ էր տալիս, ոչ թե մատնացույց անելով, այլ նրբորեն: Շատ յուրահատուկ անձնավորություն էր, դերասանական շնորհով օժտված, ասում էր՝ եթե կոմպոզիտոր չդառնայի, հաստատ կլոուն կդառնայի»:
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի պատմելով՝ Բաբաջանյանն իր հոր մտերիմ ընկերն էր ու իրենց տանը հաճախ էր լինում. «Ամեն մեր տուն գալուց անընդհատ ասում էր, որ ինձ պետք է կապիկ խաղալիք բերի, բայց էդպես էլ չբերեց: Ես հարցնում էի՝ կապիկը ո՞ւր է, անընդհատ մոռանում էր: Շատ տարիներ առաջ, երբ ես Պոլիտեխնիկ ինստիտուտում էի սովորում, այնտեղ ռոք խումբ ունեինք՝ «Երազողները», որ Հայաստանի առաջին ռոք խումբն էր, շա՜տ պոպուլյար էինք: Մի անգամ Բաբաջանյանը եկավ մեզ մոտ ու ասաց, որ հատուկ մեզ համար մի երգ է գրել, ուզում է, որ ձայնագրենք: Մենք շատ շոյված էինք, որ երիտասարդներիս էր վստահել, ու ինքն էլ շատ գոհ էր մնացել մեզանից: Դրանից հետո արդեն ընդունվեցի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ՝ 72 թվականին: Այդ ժամանակ Բաբաբաջնյանը իր նոր գրած երգերը սկզբում ձայնագրում էր Հայաստանում, հետո նոր տալիս էր ուրիշ երգիչների՝ Ռուսաստանի կամ արտասահմանի: Երբ մարդ չէր լինում, ինքը, Մելիք Մավիսակալյանը, մի քանի հոգով իրենք էին երգում, ձայնակցում: Բաբաջանյանը բացարձակ լսողություն ուներ: Երբ մի դուբլ երգեց, հետո լսեց ինքն իրեն, ասաց՝ այ մարդ, էսպիսի լսողություն ունենալով՝ մարդ ո՞նց կարող է այսքան բաղաձայն լինել: Ուզում եմ ասել, որ ինքը պարզ ու հասարակ մարդ էր, ու չէր ամաչում երիտասարդների մոտ ինքն իրեն քննադատելուց: Բաբաջանյանը շատ ուրախ մարդ էր, էներգիայով լեցուն, հենց գալիս էր, բոլորը խառնվում էին, մեր աշխատանքային պրոցեսը՝ ձայնագրոթյունները շատ հետաքրքիր ու բուռն էին անցնում: Նաեւ շատ էր սիրում սուր խոսքեր ասել, բայց մարդիկ իրենից չէին նեղանում, որովհետեւ գիտեին, որ ասածի տակ չարություն չկա»:
Կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը դժվարացավ կոնկրետ դրվագ հիշել, ասաց՝ շատ մտերիմ են եղել, այնքան հուշեր ունի, որ դա խանգարում է կենտրոնանալ: «Առնո Բաբաջանյանն իր ամբողջ էությամբ երաժշտություն էր, նա աշխատում էր ամենուրեք՝ լիներ գիշեր, ցերեկ, ընկերական հավաքույթ, լիներ ինքնաթիռում, թե մի ուրիշ տեղ: Ոչինչ նրան չէր խանգարում: Ամբողջ ժամանակ նրա գլխի մեջ երաժշտություն էր հնչում: Երբ մի բան առաջանում էր գլխում, նա կարողանում էր այդ միտքը հասցնել մինչեւ վերջ, դրանից հետո ամենամեծ պատասխանատվությամբ սկսում էր շտկումներ անել»,- նշեց նա:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Առնո Բաբաջանյանը՝ Դիլիջանում:
«Առավոտ» օրաթերթ
23.01.2015