Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է պատրաստ «դրսի» բարեկեցիկ կյանքը փոխարինել հայրենասիրությամբ»

Հունվար 24,2015 13:30

Կոմիտասի անվան կվարտետի
առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի դիտարկումները

90 տարին բոլորած Կոմիտասի անվան կվարտետն այս տարի առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա հունվարի 29-ին՝ Կոմիտասի թանգարանի բացմանը: Գործունեության ընթացքում կվարտետը բազում համերգներ է ունեցել արտերկրում, ինչը հասկանալի պատճառով չես ասի վերջին 20 տարիների մասին. 2014թ. վերջին՝ Ամանորի շեմին, քառյակը 20-օրյա համերգային աշխարհագրական ընդարձակ տուրնե կատարեց: Կոլեկտիվը ելույթներ ունեցավ Նորվեգիայում, Դանիայում, Ռուսաստանում եւ Ճապոնիայում (թվով 12 համերգ): Անցյալ տարի կվարտետի 90-ամյակի եւ Կոմիտասի ծննդյան 145-ամյակի առիթներով թողարկվեց 3 CD-ից բաղկացած ալբոմ, որտեղ ընդգրկված են կվարտետի 9 տասնամյակների ընթացքում տարբեր կազմերի ձայնագրությունները: Հրատարակվեց գիրք-ալբոմ (հեղինակ՝ Խաչիկ Դադայան), սակայն այդպես էլ պետական մակարդակով չնշվեց կվարտետի հոբելյանը:

«Առավոտը» հանդիպեց Կոմիտասի անվան կվարտետի առաջին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի (լուսանկարում) հետ: Ընթացիկ տարին հոբելյանական է նրա համար: Երաժիշտը կվարտետում է 45 տարի, որից 40-ը՝ իբրեւ առաջին ջութակ: Թեպետ քանիցս փոփոխվել է կվարտետի կազմը, սակայն ավելի քան 9 տասնամյակ առաջ Մոսկվայում ստեղծված կվարտետը ունեցել է ընդամենը 2 առաջին ջութակ՝ Ավետ Գաբրիելյան եւ Էդուարդ Թադեւոսյան:

Մեզ հետ հանդիպման ժամանակ պարոն Թադեւոսյանը հայտնեց, որ անցյալ տարեվերջին կայացած համերգային ուղեւորությունը, գրքի եւ CD-ների թողարկումը իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության շնորհիվ: Ափսոսանքով նշեց, որ 3 տարի կոլեկտիվին հովանավորելուց հետո «ՎիվաՍելը» այլեւս իրենց չի աջակցում, հակառակ դեպքում՝ համերգներն ու միջոցառումներն ավելի շատ կլինեին թե Հայաստանում եւ թե արտերկրում: Մեր զրուցակիցն ասաց, որ Կոպենհագենում իրենք ելույթ են ունեցել նաեւ դանիաբնակ դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հետ, Կալուգայում՝ իբրեւ պատվավոր հյուր բացել են ավանդական դարձած Ս. Տանիեւի անվան միջազգային կամերային մրցույթը: Հիացած էր ճապոնացի հանդիսատեսով: Պարոն Թադեւոսյանի խոսքերով՝ «Եթե հայերիս մեծ մասը, խոսելով Ճապոնիայի մասին, առաջին հերթին փաստում է նրանց տեխնիկական առաջադիմությունը, իսկ ես ու կոլեգաներս հիացած ենք այդ ժողովրդի հանրային գիտակցության մակարդակով: Ամեն ինչ, նույնիսկ անհնարինն են անում իրենց ժողովրդի, իրենց քաղաքների համար (կվարտետը հանդես է եկել Տոկիոյում, Օսակայում, Կիոտոյում, Նագանոյում եւ Տոկորազավայում):

Ընդ որում, ճապոնացիները խնդրել էին, որ համերգներին ներկայացնենք Կոմիտաս եւ իհարկե՝ իրենց կուռքը հանդիսացող Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների փոխադրումները: Իսկ երբ ասլամազյանական մշակումների վերջում ներկայացրինք «Գարուն ա»-ն, հանդիսատեսը մեկ մարդու նման ոտքի կանգնեց ու տեղացին բրավոները: Ինձ մեկ վայրկյան թվաց, թե այս ստեղծագործության բովանդակությունը, ինչը բոլորիս է հայտնի եւ հայերիս կյանքն է ներառում իր մեջ, ինչ-որ մեկը նախօրոք ներկայացրել էր: Այ, այստեղ ես մտածեցի, որ իզուր չեմ ապրել…»: Արվեստագետն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի քաղաքներում՝ Մոսկվայում, Կալուգայում, Սանկտ Պետերբուրգում, Նորվեգիայի մայրաքաղաքում կայացած, իր խոսքերով՝ տպավորիչ համերգներին՝ մամուլի ու հանդիսատեսի արձագանքների առումով:

Պարոն Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե ամենաբարդ գործը կվարտետի առաջին ջութակ գտնելն է եւ հասկանալի է, որ սկսած 1970-ականների կեսերից, առանց իր որոշման՝ կազմի փոփոխություն չի կատարվում, չի՞ մտածում արդյոք, թե հետագայում ո՞վ կզբաղեցնի իր տեղը: «Իսկապես բարդ է, լավագույնները դրսում են: Կվարտետի առաջին ջութակը, բացի բարձր պրոֆեսիոնալիզմից, փորձից, պետք է ունենա այլ հատկանիշներ եւս՝ լիդերի գծեր, հանդուրժողականություն, զսպվածություն, վճռականություն ու մարդկային որակներ»,- պատասխանեց ջութակահարը: Հավելեց նաեւ, որ ինքն անգիր գիտե, թե մեր երաժիշտներից ովքեր են արտերկրում, սակայն չգիտի, թե նրանցից ով է պատրաստ բարեկեցիկ կյանքն ու բարձր աշխատավարձը փոխարինել հայրենասիրությամբ:

Զրույցի ավարտին էլ հայտնեց, թե պետական մակարդակով կվարտետի 90-ամյակը կնշվի ընթացիկ տարվա գարնանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Կոմիտասի անվան կվարտետի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031