Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ»

Հունվար 24,2015 13:00

Նախորդ օրը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Ծաղկաձորում հանգստանալիս ճոպանուղու մոտակայքում իրեն վատ է զգացել եւ անմիջապես տեղափոխվել է Հրազդանի շտապ օգնության հիվանդանոց, այնտեղից էլ՝ Երեւանի «Էրեբեւնի» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ստենտավորել են:

Երեկ «Առավոտը» այցելեց ճանաչված մասնագետին:

– Պարոն Ջուլֆալակյան: Հավաքականի հե՞տ էիք Ծաղկաձորում:

– Ոչ: Միայն ես էի: Այդ օրը ազատ ժամանակ ունեի եւ որոշեցի մի երկու ժամով գնալ Ծաղկաձոր՝ հանգստանալու եւ դահուկներով սարից վայր իջնելու: Մի երկու անգամ իջնելուց հետո, երբ ճոպանուղով կրկին բարձրանում էի, դահուկափայտս ձեռքիցս ընկավ: Մի բնավորություն ունեմ՝ եթե մի բան մտքիս դրեցի, ինչ գնով էլ լինի, պիտի անեմ: Ու չգիտես ինչո՞ւ, որոշեցի փայտն անպայման գտնել, թեեւ այն իրենից ոչինչ չէր ներկայացնում: Մոտ 100 մետր խորը ձյան միջով իջա, գտա փայտը եւ բարձրանում էի վերեւ: Այդ ժամանակ զգացի, որ մի տեսակ լավ չեմ: Մտա սրճարան, թեյ խնդրեցի: Բայց մատուցողուհին տեսավ վիճակս: Մարդիկ էլ ճանաչեցին: Առանց ժամանակ կորցնելու կապվեցին ճոպանուղու ղեկավարության, մասնավորապես, տնօրեն Ասատուրի (ազգանունը չէր հիշում: Ա.Հ.) հետ: Նա անմիջապես «Բուրանով», բժիշկների ուղեկցությամբ բարձրացավ ու ինձ իջեցրին ներքեւ: Իսկ մինչ այդ նա արդեն զանգել էր Հրազդան քաղաքի շտապ օգմություն եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մեքենայով ինձ տեղափոխեցին Հրազդանի հիվանդանոց, այնտեղից էլ՝ բերեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

– Բժիշկներն ի՞նչ ախտորոշեցին:

– Ես մասնագետ չեմ, բայց տեղյակ եմ, որ սրտի հատվածում անոթի խցանում է եղել, ինչը ստենտավորելով կարգավորել են:

– Հիմա ինչպե՞ս ես քեզ զգում:

– Փառք Աստծո՝ նորմալ: Ինքներդ էլ տեսնում եք: Ասում եմ դուրս գրեն՝ չեն թողնում: Անպայման պետք է մի քանի օր մնամ: Բժիշկներն ասում են՝ առողջ եմ, օրգանիզմս առողջ է: Բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել: Ես ինձ հետեւում եմ, ապրում եմ ակտիվ կյանքով, այդ թվում նաեւ՝ առողջ ապրելակերպին եմ մեծ տեղ տալիս: Բայց, թերեւս, ճիշտ են եւ հարկ կա ժամանակ առ ժամանակ բժշկական հետազոտություն անցնել:

– Հնարավո՞ր է, որ Ծաղկաձորի բարձր լեռնային գոտին է պատճառը: Անցած տարվա մայիսին նույնպես այնտեղ քեզ վատ էիր զգացել:

-Չէ: Այն ժամանակ գլխապտույտ էր: Մտածում եմ՝ օրգանիզմիս պրովոկացիայի ենթարկեցի խորը ձյան մեջ քայլելով: Եթե խնդիր կար, նույն բանը կարող էր մեկ այլ անգամ լինել, ասենք, Երեւանում քայլելիս:

– Իսկ առողջական վիճակդ չի՞ խանգարի ազգային հավաքականի հետ աշխատել:

– Չէ: Նման բան բացարձակապես չկա: Այս երկուսը բացառություն էին, անցողիկ բացառություն, որ յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել: Ես ինձ երբեք վատ չեմ զգում: Ես միշտ առույգ եմ, ես միշտ ուժեղ եմ ու ինձ լավ եմ զգում: Այնպես որ, մի քիչ կհանգստանամ ու աստիճանաբար կանցնեմ իմ աշխատանքին: 2015 թվականը շատ կարեւոր է հայկական ըմբշամարտի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ինձ համար այդ դժվար պահին միով բանիվ օգնեցին. սրճարանի մատուցողուհուն, այդ պահին այնտեղ գտնվող բոլոր հանգստացողներին, ճոպանուղու աշխատակիցներին, տնօրեն Ասատուրին, Հրազդան քաղաքի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ անմիջապես, մինչեւ Երեւան տեղափոխվելս, բոլոր հարցերը կարգավորեց: Ասում են, թե նման դեպքերում առաջին օգնությունը պետք է ցույց տրվի 6-ից 8 ժամվա ընթացքում: Իսկ վերը նշածս մարդկանց շնորհիվ մինչեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն հասնելս եւ ստենտավորվելս ամբողջությամբ տեւեց չորս ժամ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Petros Hay says:

    Լսեք ձեր Առավոտում բոլորն են կարծում , որ Ջուլֆալակյանին “ստենդավորել են”? քանի անգամ է ձեզ դիտողություն արվել, որ բժշկական այն միջամտությունը կոչվում է “ստենտավորում”,
    “ս տ ե ն տ ա վ ո ր ու մ”:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031