Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ին Հայաստանի անունից խոսելու է Վլադիմիր Պուտինը

Հունվար 24,2015 12:30

Իրողությունը Տիգրան Խզմալյանի համար անընդունելի է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն էր տարածել, կոչ անելով հայերին՝ ամեն ինչ նորից սկսել: Դավութօղլուն հայերին դիմելով՝ հորդորել էր հայ-թուրքական բարեկամությանը հավատացողներին նոր սկզբի համար աջակցություն ցույց տալ: Ինչպես նաեւ նշել էր, թե Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջեւ կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։ Նա հույս էր հայտնել, որ երկու ժողովուրդներ ի վերջո կհասնեն միմյանց հասկանալու եւ միասին ապագային նայելու հասունությանը:

Թե ինչ կարծիքի է այս ամենի վերաբերյալ Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը (լուսանկարում)՝ «Առավոտի» հետ զրույցում հետեւյալն ասաց. «Փայլուն ճառ է, նա հնուց ճարտարախոս հռետոր է: Հակադրվելու բան այստեղ չկա, բացի մեկից. Թուրքիան որպես Օսմանյան կայսրության, երիտթուրքական կարողության ժառանգորդ, պետք է հասկանա մի պարզ իրողություն, իրենց հետ ցեղասպանության 100-ամյակը չենք քննարկում, եւ եթե ես չեմ սխալվում՝ 1915 թվականի մայիսի 24-ին երեք մեծ պետություններ՝ Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ խոսքը չէր ասված, բայց երեք երկրների անդամների անունից հնչել է պետական համատեղ հայտարարություն՝ հայոց ջարդերի վերաբերյալ ու դրանով ճանաչվել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ընդամենը պետք է հասկանա, որ մենք իրենց հետ քննարկում ենք ուրիշ բան՝ ցեղասպանության ճանաչման 100-ամյակը: Ուստի, անվանել դա ցեղասպանություն, ինչպես Օբաման էր ասում, կամ ուրիշ այլ բան, դրանից բխում է մի շարք կոնկրետ իրավական եւ օրենսդրական հետեւություններ ու հենց դա էլ մենք կարող ենք Թուրքիայի հետ քննարկել, ուրիշ ոչինչ»:

exern
Դիտարկմանն էլ, որ Ահմեդ Դավութօղլուն իր հայտարարության մեջ նաեւ ասել է, թե ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ հետեւում թողնենք տաբուները, եւ շեշտել, որ Թուրքիան իր անունից այդ կետը վաղուց հաղթահարել է, Տիգրան Խզմալյանն ասաց. «Հաղթահարել է Թուրքիան, թե ոչ, ես չեմ կարող մեկնաբանել, սա իրենց գործն է, սա քաղաքակրթական խնդիր է, եթե խոսքը գնում է բարոյական կողմի մասին, հաղթահարել կարելի է միայն մեկ ձեւով, այսինքն՝ այնպես, ինչպես արել է Գերմանիան, դա դատական օրինակ է, դա սկզբում նախ պետական մակարդակով ներողություն խնդրելն է, հետո փոխհատուցում տալը: Մեր իրական հարցերը Թուրքիայի կառավարության հետ չէ ու դա էական չէ, մեր հարցերը ներսից է, թե ով է դնելու Հայ դատի հարցը: Ընդամենը մի քանի օր առաջ տեսանք, որ հայոց կառավարությունը ի վիճակի չէ մեկ ընտանիքի հարցը պաշտպանել ազգային շահերի եւ արժանապատվության տեսակետից, այս դեպքում ինչպես կարող ենք մենք վստահել այդ ոհմակին՝ ազգային հարցեր ներկայացնել, պաշտպանել, քննարկել: Առաջիկա 90 օրերի ընթացքում մենք պետք է լուծենք այս խնդիրը»:

Հաջորդ հարցին էլ՝ Թուրքիայի վարչապետի մակարդակով նման հայտարարություն արվեց, այս համատեքստում, մեր քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ գործողությունների ձեւով, արդյոք պե՞տք է ցույց տալ, որ համաձայն ենք, ընդունում ենք կամ ոչ, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Նախ ուզում եմ հասկանալ, թե ով է այդ «մենքը», խոսքը գնում է կառավարության, հասարակության, թե իշխանության մասին, եթե իշխանության, ապա ես չեմ ընդունում այդ իշխանությանը, ես նրանց խոսնակը չեմ, իսկ թե ինչ պետք է անի հայ հասարակությունը, ասեմ՝ նախ եւ առաջ պետք է լուծի ՀՀ իշխանության հարցը, մարդկանց, ովքեր իրավասու են, արժանի եւ ունակ պաշտպանելու ազգային շահերը: Հիմա որեւէ բան քննարկել կամ առաջարկել Ռուսաստանի կողմից նշանակված խամաճիկներին՝ ծիծաղելի է: Փաստորեն, ապրիլի 24-ին Հայաստանի անունից խոսելու է Վլադիմիր Պուտինը: Իսկ սա ինձ համար անընդունելի է, եւ եթե մենք չենք հասկանում սա, ուրեմն մեծագույն խնդիր ունենք»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031