Հունվարի 22-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում եւ Նոյեմբերյան քաղաքում խոսակցություններ էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտը Բաղանիս գյուղ է մտել,դպրոցահասակ երեխա է կորել: Հետո երեխայի անհետանալու մասին լուրը հերքվեց: Սակայն Բաղանիսում անծանոթի հայտնվելու մասին տեղեկությունը չի հերքվել: Բաղանիսի միջնակարգ դպրոցից ստացված տեղեկություններով՝ հունվարի 22-ի կեսօրին գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Հովակիմյանը ցանկացել է մտնել գյուղի դպրոցի զուգարան, որը գտնվում է դպրոցի շենքից դուրս, կրթօջախի ֆուտբոլի մարզադաշտի հարեւանությամբ: Տղան տեսել է, որ զուգարանի դուռը փակ է,քիչ անց զուգարանից դուրս է եկել սեւազգեստ, գլխարկն աչքերին քաշած մի տղամարդ: Սերյոժան ձայն է տվել, հարցրել,թե ով է նա: Վերջինս փախուստի է դիմել, տղան հետեւել է նրան: Անծանոթն առանց գետնին հպվելու՝ ցատկել է մոտ 1 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով եւ անհետացել: Սերյոժա Հովակիմյանը դրանից հետո հեռախոսային հաղորդագրություն է գրել այդ ժամանակ դասարանում գտնվող ընկերոջը, նրանք երկուսով շրջել են տարածքով, սակայն անծանոթին չեն տեսել: Սերյոժա Հովակիմյանը իր տեսածի մասին ուսուցիչներին պատմել է դեպքից մեկ ժամ անց:
Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Ժորա Սահակյանը պատմել է,որ այդ օրը դպրոցամերձ, վերոհիշյալ զուգարան հաճախելու ժամանակ անհանգստություն է ունեցել, երբ զուգարանի հարեւան խցում, տախտակների արանքով անծանոթ մարդ է տեսել: Հունվարի 22-ի, լույս 23-ի գիշերը Բաղանիսի 24-ամյա բնակիչ Մհեր Ալավերդյանն իր տան մոտ անծանոթ մարդկանց ձայներ է լսել: Նա առավոտյան նշված տեղում հայտնաբերել է հեռադիտակի ռետինե շրջանակ: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը չի հավատում,որ Բաղանիսի դպրոցի մոտ ադրբեջանցի է հայտնվել,նա համագյուղացի երեխաների պատմածը համարում է նրանց վառ երեւակայության հետեւանք:
Հիշենք,որ հունվարի 11-ին Բաղանիսի դպրոցի շենքից մոտ 1 կմ հեռու, միջպետական ճանապարհից 150 մ հեռավորությամբ ադրբեջանցի դիվերսանտները սպանեցին Բաղանիսի հարեւան Ոսկեվան գյուղի 79-ամյա բնակիչ Սերյոժա Սարգսյանին: 6 տարի առաջ ադրբեջանցի անասնագողերը իրենց խուլ ու համրի տեղ դրած,իբր գուլպա վաճառողներ, շրջում էին Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում: Կոթի գյուղում երկու անասնագողի ոչնչացնելուց, նրանց լուսանկարները հեռուստատեսությամբ հրապարակելուց հետո շատ նոյեմբերյանցիներ ճանաչեցին ելուզակներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հետաքրքիր է թե ինչ տրամաբանությամբ է գյուղապետը կասկածի տակ վերցնում նշված հանգամանքը