Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը չպե՞տք է ասեր, ես էլ եմ մեղավոր, «Մարտի 1» թույլ տվեցի»

Հունվար 23,2015 22:02

«Մեր պաշտոնյաները հենց իշխանությունը թողնում են, սկսում են միանգամից տեսնել ճգնաժամային վիճակը»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարակված հարցազրույցին այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների հետ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց: Ըստ նրա այդ գնահատականները տեղին էին, բայց ոչ ամբողջական. «Մեր իշխանությունները աթոռի համար իրենց բոլոր լիազորությունները նվիրել են ռուսական իշխանություններին ու Գյումրու դեպքով սպասում էին ռուսական իշխանությունների արձագանքին: Երբ ժողովրդի ցասումից հետո Պուտինի զանգեց, հետո հիշեցին, որ նման իրադարձություններ են եղել: Մինչեւ Պուտինի զանգը որեւէ քայլ չեն արել, հետահայաց ասում են, թե խորհրդակցության ժամանակ Պուտինը ցավակցել էր, բայց ո՞ւմ է ցավակցել առողջապահությա՞ն, տրանսպորտի՞, թե՞ սպորտի հարցերով նախարարին: Ցավակցությունը հստակ ունենում է ընթացակարգ, դա պետք է պատշաճ կարգով լինի: Ռոբերտ Քոչարյանի գնահատականները իրականության մի մասին են անդրադառնում: Խնդիրը ռուսական կողմի պահվածքն է, միջպետական պայմանագրերի չկատարումը: Ոչ ամբողջական գնահատական է, բայց ինչ-որ ասվել է, իրականության մեջ կա»:

Անդրադառնալով 2-րդ նախագահի՝ արմատական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ դիտարկումներին, պարոն Մարտիրոսյանը շարունակեց. «Արմատական փոփոխությունը տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, հենց ինքը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի: Որ հասարակությունը չի ընդունում իշխանությանը, դա ակնհայտ է, որովհետեւ եթե 2013-ին Սերժ Սարգսյանը մի քսան տոկոս ձայն ուներ, արդեն դրա կեսն էլ չի մնացել: Այդ արմատական փոփոխությունները իսկապես անհրաժեշտ են ու ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պարբերաբար դրա մասին խոսել են:

Բայց այս մասով էլ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները կիսատ են, ոչ ամբողջական: Նախ` պետք է բարձրաձայներ արտահերթ ընտրությունների խնդիրը ու արդյո՞ք չպետք է ինքն ասեր՝  ես էլ եմ մեղավոր, իմ նախագահության ժամանակ թույլ տվեցի «մարտի 1» լինի ու  հենց քաղաքական մենաշնորհը խորացրի: Իմ կառավարման տասը տարվա ընթացքում խորացրի տնտեսական մենաշնորհները: Իհարկե, այս ամենի պատճառը կեղծված ընտրություններն են, իշխանական համակարգի ոչ լեգիտիմ ձեւավորումը, որ սկիզբ դրվեց 1991 թվականից հետո: Պարզ է, որ ամեն մեկն իր իշխանության տարիներին կոպտագույն սխալներ է արել, որ երկիրը բերել է այս վիճակին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ս.Սարգսյանը Ռ.Քոչարյանի կողմից առաջ մղված հետնորդն է եւ հետեվորդը,այնպես որ՝ այս շիլան եփել էն միասին ։ Սա Ռ.Ք-ի կողմից՝ ձեռքերը լվանալու փորձ է ընդհամենը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031