Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են հայտնաբերել ծառայողական շները Պերմյակովի հետքը փնտրելիս. (Ֆոտոշարք)

Հունվար 23,2015 20:41

Այսօր Aravot.am-ը եղավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցում, որի  188 տանը գազանաբար սպանեցին Ավետիսյանների  յոթ հոգուց բաղկացած ընտանիքին: Նշենք, որ այս պահին տունը շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն:

PrevPhoto
NextPhoto

Ինչեւէ, հարեւանների ուղեղում չի տեղավորվում, թե ինչու սպանեցին Ավետիսյանների խելոք-շնորհքով ընտանիքին: Նրանք համեստ ապրող մարդիկ են եղել, տան տղամարդիկ խոպան են գնացել-եկել, տանտիկինը՝ Հասմիկը, երբեմն մրգեր է վաճառել շուկայում իր քույրերի հետ, աղջիկներից երկուսը ամուսնացած են, մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Ամասիայի Ողջի գյուղում, իսկ սպանված աղջիկը ամուսնացած չի եղել ու երկար տարիներ աշխատել է ծաղկանոցում, հարսն էլ փոքրիկներին է տիրություն արել:

Հարեւանների պնդելով, իրենց թաղամասում երբեք ռուս զինվորական կամ առհասարակ զինվորական համազգեստ հագած մարդու չեն տեսել եւ ապշած են, թե Պերմյակով կոչվածը ինչպես է հայտնվել իրենց թաղում:

Թաղի տղամարդիկ համոզված են, որ ոճրագործը տիրապետում է Գյումրու քարտեզին, մասնավորապես անգիր գիտի իրենց թաղամասի առանձնահատկությունները: Թաղի բնակիչները բոլորը միաբերան ասում էին, որ ծառայողական երեք շները Պերմյակովի հետքը գտել են իրենց թաղից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոց: «Մեր տունը Ավետիսյանների տնից մի հինգ տուն վայր է, ծառայողական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո» մարկետ ու հետքը այստեղ կորել է», -նկարագրեց թաղի տղամարդկանցից մեկը:

Եթե խանութի մոտով հեռացած լիներ Պերմյակովը, ապա, ըստ հարեւանների, այդտեղ տեսախցիկ կար, կֆիքսեր: Ըստ նրանց, թաղի շատ ու շատ բնակիչներ չգիտեն այն զարտուղի, խճճված ճանապարհները, որոնք տանում են դեպի ծերանոց: «Կարո» խանութի մոտ շները կորցրել են ոճրագործի հետքը, ամենայն հավանականությամբ այստեղ կամ նրան դիմավորող է եղել, կամ տաքսի է նստել ու հեռացել :

Հարեւանները անչափ վախեցած են կատարվածից, նրանց դիմացի հարեւանը, ինչպես նաեւ նույն հասցեում բնակվող Ավետիսյանների հորեղբոր դուստրը՝ Կարինեն, լքել են թաղամասը: Տղամարդկանցից մեկի ասելով էլ, ինքն ամբողջ օրը տան անդամների վախն է չափել տալիս: «Թոռիս լրագրողները հարցրել են՝ վախենում եք, ասել է հենց ուզում եմ աչքերս փակեմ, որ քնեմ, աչքիս էդ Պերմյակովն է հայտնվում»:

Թաղի տղամարդիկ բացառում են այն վարկածը, որ տան տղամարդը՝ Սերյոժա Ավետիսյանը, Չիտայում է աշխատել ու հենց այստեղից ծանոթ է եղել Պերմյակովին, եւ որ վերջինս եկել, գնացել է Ավետիսյանների տուն: Ըստ նրանց Սերյոժա Ավետիսյանը Անապա է գնացել խոպան, տարվա մեջ երկու –երեք անգամ գնացել-եկել է: «Ցերեկ օրով անգամ դռներս փակում ենք, որ երբեք փակած չկանք, որ հրավառություն է լինում, քիչ մնա ուշքներս անցնի»,- ասաց հարեւանուհիներից մեկը:

Մեկ այլ կին էլ ասաց, որ վախենում են անցնեն Ավետիսյանների դռներով, որ գոնե խանութ հասնեն ու առեւտուր անեն:

Նրանց ասելով, Ավետիսյանների ընտանիքը պարտքեր ունի խանութում, օրինակ՝ այս պահին տասներկու հազար դրամ հացի պարտք ունի, ու թեեւ տան տղամարդիկ գնում էին խոպան, սակայն խաբել ու նրանց փողերն էլ չէին տվել: Հայր ու տղա դեկտեմբերին էին վերադարձել Ռուսաստանից, որ Նոր Տարի անեն ու նորից գնան:

Ըստ մեր զրուցակիցների, Սերյոժան թշնամիներ չուներ, ոչ էլ փող ուներ, ոչ էլ գողական աշխարհից էր, որ նրա ընտանիքին գազանաբար սպանելու լուրջ պատճառ ունենային:

Ավետիսյանների հարսի տատիկն ու պապիկը մորաքրոջ հետ ապրում են մի քանի տուն այն կողմ, սակայն նրանք չցանկացան մեզ հետ զրուցել՝ նշելով, որ լրատվամիջոցները իրենց արդեն զայրացնում են տեսանյութեր գցելով:

Ավետիսյանների բարեկամների հետ հարցազրույցը՝ քիչ անց:

Կան որոշակի ենթադրություններ,  որ մի հոգի է ներխուժել Ավետիսյանների տուն, ոտնահետքերը առայժմ դա են ցույց տալիս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. mexak says:

    Ռուս «լիբերալ» շրջանակները ներկայացնող ցանցային ակտիվիստները կարծիքներ են տարածում զոհերի’ զենքի կամ թմրամիջոծների առեւտրին առընշվելու մասին; Մինչդեռ «հայրենասեր» մեծամասնությունը ահաբեկչության բավարար հիմք է համռում զոհեռի’ հայ լինելու հանգամանքը: Անբուժելի հիվանդ հասարակության պատկեր:

  2. տարոն says:

    թուրքի արած ա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031