Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը. Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարություն

Հունվար 23,2015 17:48

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի
Փոստանջյանի հեղինակած «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը:

Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմանի հարգանք և համագործակցություն:

Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության կողմից արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել  հասարակության շրջանում:

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի  մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը,

ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

 

 ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

23 հունվարի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031