Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին միանալուց հետո որ ապրանքների վրա մաքսատուրք չի կիրառվի

Հունվար 23,2015 17:37

«Շատ ապրանքների, նաև այս ոլորտին վերաբերվող, օրինակ՝ սարքավորումների և այլն, դրանց վրա ընդհանրապես մաքսատուրք չի լինի, այն դեպքում, երբ նախկինում տասը տոկոս մաքսատուրք էր կիրառվում»,-այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:

Այն հակադարձմանը, թե կան բազմաթիվ ապրանքներ, որոնց վրա նախկինում մաքսատուրք չէր կիրառվում, բայց ԵՏՄ-ին անդամակցությունից հետո կկիրառվի, պարոն Սաղոյանը պատասխանեց. «Օրինակ` մինչև անցյալ տարի ներմուծվող գեներատորներ ու շարժիչներ ունեինք, որոնց վրա կիրառվում էր 30 տոկոս մաքսատուրք, հիմա զրոյացվել է: Օդորակիչներ ներմուծելու դեպքում զրո մաքսատուրք է գործում»:

Այնուհետև Գևորգ Սաղոյանը հստակեցրեց. «Մենք ԵՏՄ-ին անդամակցում ենք 2015-ի հունվարի 2-ից: Դրանից առաջ ծագած հարաբերությունները, հունվարի 2-ից առաջ արտահանված ապրանքները դեռ չեն համարվում ԵՏՄ ապրանքներ, քանի որ դուրս են եկել այդ երկրից մինչև ԵՏՄ մտնելը և համապատասխան ընթացակարգերի տակ չեն մտնում, այդ պատճառով էլ կիրառվում է նախկին ռեժիմը»:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մի շարք հարցեր ունեին կապված նոր մաքսատուրքերի հետ. զգացվում էր, որ տեղեկատվության պակաս կա:

Aravot.am-ի հարցին` ԵՏՄ տարածք մուտքից հետո իրո՞ք խոստացվածի նման բարենպաստ պայմաններում են հայտնվել, թե՞ կան դժվարություններ, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը պատասխանեց. «Մեր կազմակերպությունը ՀՀ-ում սարքեր ու սարքավորումներ արտադրող ընկերություն է և տարբեր երկրներից ներմուծում ենք տարբեր սարքավորումներ: Նոր միության շրջանակներում նոր խնդիրների ենք հանդիպում. տեղեկատվության պակաս կա: Բացասական կողմն այն է, որ մեր ՌԴ գործընկերները դեռ չեն տիրապետում փաստաթղթերի տրամադրման նոր գործընթացին, որ համապատասխանեն ԵՏՄ-ին»: Գևորգ Սաֆարյանը նշեց, թե մինչև այժմ իրենք հիմնականում սարքավորումներ են ներկրել Ճապոնիայից, Գերմանիայից և Կանադայից, սակայն պարզել են, որ նույն սարքերը ՌԴ-ից ավելի էժան կարող են ներկրել` մաքսատուրքերի հետ կապված. «Մեր ներմուծած ապրանքատեսակների որոշների վրա այլևս մաքսատուրք չի կիրառվի»:

Մեր հարցին` իսկ ո՞ր ապրանքատեսակների ներկրման դեպքում են խնդիրներ առաջանալու` նոր մաքսային քաղաքականության հետ կապված, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Կան ապրանքներ, որոնք ռազմական նշանակության տակ են ընկնում, բայց ռազմական նշանակության չեն: Ահա այդտեղ են որոշակի խնդիրներ առաջանում: Դրանք մասսայական օգտագործման սարքեր չեն, հատուկ նշանակության սարքավորումներ են, որոնք հատուկ ոլորտների հետ են կապված: Մասսայական օգտագործման սարքավորումներից, օրինակ` համակարգիչների մոնիտորների գինը կիջնի, քանի որ այժմ այլևս նրանց վրա մաքսատուրք չի կիրառվելու»:

Մինչև ԵՏՄ մուտք գործելը Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը հայտարարեցին, թե ԵՏՄ անդամակցությունից հետո ԵՏՄ-ից ներմուծված ապրանքներից սահմանին ԱԱՀ չի գանձվելու:Սակայն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը մեկ օր առաջ հայտարարեց, թե ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվելու, բայց ներմուծողը այդ գումարը վճարելու է մինչև ներմուծմանը հաջորդած ամսվա 20-ը։ Aravot.am-ը Գևորգ Սաղոյանից հետաքրքրվեց` ո՞րն է ԵՏՄ-ի անդամակցությունից բխող դրական տեղաշարժը, քանի որ միևնույն է ներմուծողը 20 տոկոս ԱԱՀ-ն մուծելու է, պարոն Սաղոյանը պատասխանեց. «Այո, սահմանին ԱԱՀ չի վճարվում: Սահմանին գանձող մարմինը մաքսայինն է: Բայց ԵՏՄ-ից ժամանող բեռների համար պարտավորություն է առաջանում ներմուծողի կողմից, որ այդ վճարումը կատարի մինչև հաջորդ ամսվա 20-ը` հարկային մարմնում»:

Մեր այն դիտարկմանը` միևնույն է ներմուծողը վճարում է այդ գումարը, պարոն Սաղոյանն արձագանքեց. «Նախկինում ներմուծողը պարտավոր էր վճարել ԱԱՀ ներմուծման պահին: Բայց հիմա առավելագույնը 50 օր ժամանակ ունի և այն վճարում է հարկային մարմնին:

ԱԱՀ-ն այն ապրանքների գծով, որոնց նկատմամբ չի կիրառվում զրոյական դրույքաչափ, պիտի վճարվի, ամբողջ աշխարհում է այդպես»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031