Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը ԵԺԿ Քաղաքական համաժողովում հետաձգվել է

Հունվար 23,2015 16:59

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես կներկայացնի բանաձեւն առայժմ չքննարկելու կամ չքվեարկելու առաջարկի եւ որոշման մանրամասները:

Փաստաթղթի տեքստը հետեւյալն է.

«ԵԺԿ քաղաքական համաժողովին «Ժառանգություն» կուսակցության (Հայաստան) կողմից ներկայացված բանաձեւի նախագիծ. Բրյուսել, 22-23 հունվարի 2015թ.

«Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները»

 

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ հետեւելով իր սեփական ծրագրահենքին ու չափանիշներին, վերահաստատում է հայ ժողովրդի Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման ճանաչումն ու դատապարտումը 2015թ. ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի նախօրեին:

  1. Հայոց Ցեղասպանությունը, որը Երիտթուրքերի կառավարության կողմից իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին, պատշաճ կերպով փաստագրված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ աշխարհի այլ պետությունների պաշտոնական պահոցներում տեղ գտած անհերքելի ապացույցներով: Այն հանգեցրել է ոչ միայն ավելի քան երկու միլիոն մարդու մահվան եւ ունեզրկման, այլ նաեւ հայոց բնօրրանի, կենսաձեւի, արեւմտյան մշակույթի ու համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա հիմնարար ներդրումների ոչնչացման: Ցեղասպանությունը տարածվել է նմանապես Պոնտոսի հույների, ասորի եւ եզդի ժողովուրդների վրա:
  2. Այսօր գրեթե ոչ մի հայ չի մնացել իր պապենական հայրենիքում, որը ներկայում ընդգրկված է Թուրքիայի Հանրապետությունում: 1915 թվականից ի վեր հազարավոր եկեղեցիներ, վանքեր եւ եվրոպական ճարտարապետական ժառանգության հոգեւոր ու աշխարհիկ այլ գանձեր ամբողջությամբ ավերվել են, վնասվել կամ հասցվել անմխիթար վիճակի՝ ընդհուպ մինչեւ անհետացման անմիջական սպառնալիքի տակ գտնվելու աստիճան:
  3. Թուրքիայի կողմից Ցեղասպանության երկարատեւ պաշտոնական ժխտման ընդհանուր օրինաչափությունից երջանիկ բացառություն է եղել Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած վերականգնումը: Հույս ենք տածում, որ այս միտումը կշարունակվի ապագայում: Բայց պետք է արձանագրել, որ թուրքական իշխանությունները վանքը փոխակերպել են թանգարանի, եւ այն աղոթքի, ժամերգության ու կրոնական արարողության համար տարվա մեջ բաց է միայն մեկ օր:
  4. Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է եւ ենթակա՝ լիարժեքորեն ստանձնելու կազմակերպության բոլոր հանձնառություններն ու պարտավորությունները, եւ արդեն վաղուց Եվրոպական Միությանը վերջնական անդամակցության է ձգտում: Մասնավորապես, նա ստորագրել է Եվրոպական մշակութային կոնվենցիան եւ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիան: Չնայած միջազգային այդ պայմանագրերին միանալուն՝ Թուրքիան շարունակում է մերժել դրանց շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը, հատկապես՝ չհարգել հայկական մշակութային հուշարձանների պահպանումը, որոնք համաեվրոպական ժառանգության անքակտելի մասն են կազմում:
  5. Հաշվի առնելով վերոնշյալը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային հրավիրում է՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների եւ եվրոպական ինքնության, ինչին նա ձգտում է, ձեռնարկել հետեւյալ միջոցները.

ա) հետպատերազմյան Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրսեւորած ազնվության ու առաջնորդության հիանալի օրինակով առերեսվել սեփական պատմության հետ եւ, վերջապես, ճանաչել Հայոց ցեղասպանության ու Հայրենազրկման մշտաներկա իրողությունը, ընդունել դրանից իր փրկագինը եւ փոխհատուցել, ինչպես հարիր է եվրոպական երկրին, այդ թվում՝ երաշխավորելով հայ ժողովրդի իրավունքը՝ վերադառնալ իր ազգային օջախ եւ անվտանգ վերամիավորվել դրա հետ՝ այս ամբողջը բխեցնելով Ճշմարտության միջոցով Հաշտեցման հասնելու հիմնարար հրամայականից,

բ) ապահովել եվրոպական Թուրքիային իսկապես արժանի տեսլական եւ գործողությունների ծրագրի իրականացում, այդ թվում՝ պետության, հասարակության ու կրթության շրջանակներում արտահայտվելու եւ Ցեղասպանությանը հղում անելու ազատությանը, ինչպեսեւ խղճի ազատությանը, ճեմարանականների ազատ ուսուցմանը, կրոնական եւ մշակութային այլ վայրերի վերականգնմանն ու դրանք հայ եւ համապատասխան մյուս համայնքներին վերադարձնելուն առնչվող հարցերի համապարփակ լուծում,

գ) կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել եւ լիովին գիտակցել իրավական պարտավորությունները, որոնք նա ստանձնել է, այդ թվում՝ այն դրույթները, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանությանը, եւ, մասնավորապես, բարեխղճորեն իրականացնել անցյալ հարյուրամյակում ոչնչացված կամ ավերված հայկական ու այլ մշակութային ժառանգության միասնական գույքագրում, դրա հիման վրա մշակել հնագույն եւ միջնադարյան մայրաքաղաքների, եկեղեցիների, ամրոցների, գերեզմանատների ու պատմական Արեւմտյան Հայաստանում տեղակայված այլ գանձերի առաջնահերթ վերականգնման ռազմավարություն եւ վերոնշյալը վերածել լիովին գործող մշակութային ու կրոնական հաստատությունների,

դ) եւ, վերջապես, նախաձեռնել հայ ազգային ժառանգության երկար սպասված տոնակատարումը՝ հայ-թուրքական հարաբերությունների համալիր կարգավորման հիմքով, որը խարսխված լինի պատմության հանձնառման, առկախ բոլոր հարցերի խաղաղ լուծման եւ հարաբերությունների ամբողջական եվրոպականացման վրա:

  1. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը նաեւ հրավիրում է Եվրամիությանն ու նրա Հանձնաժողովին, Խորհրդին եւ Խորհրդարանին՝ որպես Թուրքիայի կողմից ստանձնված հանձնառություններն ու պարտավորությունները կատարելու գնահատում, շարունակական ուշադրություն դարձնել մեր համատեղ ժառանգության ճանաչմանը, վերականգնմանը եւ վերադարձին, ինչպես առաջարկվում է սույնով»:

 ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

23 հունվարի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031