«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով, Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի վերջին նամակում պակաս մնացած մտքեր կան:
«Սերժ Սարգսյանը պետք է նաև մեղադրական հնչեցներ՝ ընդգծելով այն միտքը, որ իրեն մի երկիր են հրավիրում, որն առ այսօր բռնազավթած է պահում Հայաստանի տարածքը: Եթե այս միտքը չի հնչել, ուրեմն ամեն ինչ անիմաստ է դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին` ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու ու Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակները տոնելու հրավերքով:
Արա Պապյանի խոսքով, Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները միշտ էլ նշվել են, բայց նշվել են մարտին. «Այս տարի է, որ այն տոնելու են ապրիլի 24-ին: Թուրքիան Գալիպոլիի միջոցառումներով փորձում է ստվերել Ցեղասպանության հարյուրամյակը: Թուրքիան 100-ից ավելի երկրների հրավերք է ուղարկել, որոնց մեծ մասից դրական պատասխան է արդեն ստացել: Սրանից հետևում է, որ այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք պետք է Հայաստան գային ապրիլի 24-ին՝ կմեկնեն Թուրքիա»: «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարը պնդում է, որ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումները լավագույնս կազմակերպելու համար հայկական կողմը բավականաչափ ուժ չի ներդրել. «Ոչ գիտական ոչ էլ մշակութային լուրջ ձեռքբերումներ այս ասպարեզում չեն նկատվում: Հոլոքոստի վերաբերյալ կան հիմնարար հատորներ, որոնք նաև թարգմանված են, հարց է առաջանում՝ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մի քանի լեզվով թարգմանված քառահատոր հանրագիտարաններ չպե՞տք է ունենայինք: Կարծում եմ՝ անհրաժեշտ են քանակական փոփոխություններ գիտական ասպարեզում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ