Հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, գլխավոր դատախազության, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության և հեռուստառադիոյի պետական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները:
Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձավ ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:
Կարդացեք նաև
Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ ունեցան 71 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների և զեկույցի ընդունումը:
ՀՀ ԱԳՆ