Լրահոս
Օրվա լրահոսը

Հեպատիտ C-ով «վարակակիր» հիվանդանոցի տնօրենը դեպքի օրերին գործուղման է եղել, հետո հիվանդացել է, հիմա էլ` հանրապետությունում չէ

Հունվար 23,2015 16:14

Այսօր Aravot.am-ը առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանից հետաքրքրվեց` 2 տարի առաջ էլ Քաջարանի հիվանդանոցում  հիգիենիկ, հակահամաճարակային տեսչությունը բազմաթիվ  խախտումներ է հայտնաբերել, այդ թվում նաեւ սարքերի եւ գործիքների մանրազերծման հետ կապված. ի՞նչն է պատճառը, որ նման երեւույթները կրկնվում են, գուցե վերահսկողությունն է թո՞ւյլ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին այս հիվանդանոցում բուժօգնություն ստացած անձանցից 8-ի մոտ Հեպատիտ C վարակ են հայտնաբերել:

Մեր հարցին ի պատասխան պարոն Պողոսյանն ասաց, որ նախկին ստուգումները կատարվել են հիվանդանոցի նախկին շենքում, դրանից շենքային պայմանները բարելավվել են, հիմա շատ լավ կահավորված, սարքավորումներով ապահովված կենտրոն է. «Կարելի է ասել` լավագույն բուժհիմնարկներից է»:

Մեր դիտարկմանը` ո՞ւմ է պետք լավ շենքը, եթե բուժանձնակազմն անփույթ է եւ գործիքները պատշաճ չի վարակազերծում, պարոն Պողոսյանն ասաց. «Այն նորմատիվ ակտերը, որոնք կան, պետք է իրականացնեն 100%-ով: Մարդիկ որոնք, պատասխանատու են այս վիճակի համար `կը-պա-տըժ-վեն»:

Մանրամասն`  տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն էլ ասաց, որ  առողջապահության նախարարությունն ամենօրյա վերահսկողություն չի սահմանում որեւէ բուժկանխարգելիչ կազմակերպությունում. «Ըստ ուսումնասիրության, 13 գործիքները ոչ ստերիլ են եղել, իրենք պարտավոր են մանրազերծման աշխատանքներ իրականացնեն, որ խնդիր չլինի»:

Իսկ եթե առողջապահության նախարարությունը չի վերահսկում, ապա ի՞նչ է անում. ըստ Վանյանի եւ փոխնախարարի, ասենք` սովորեցնում է, թե ինչ ձեռնոցներով պետք է աշխատեն բժիշկներն ու այլ բուժաշխատողները, սովորեցնում են ինչպես աշխատել:

«Հնարավոր է տարիներով նման խնդիր չլինի, մի օր լինի», ասաց Վանյանը:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի մյուս հարցին էլ` ի՞նչ լուրեր կան Քաջարանի տնօրեն Վարդան Ավագյանից, ասում են` նա «անհետացել է», փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց. «Նա դեռեւս սեպտեմբեր ամսին համապատասխան որոշումով մեկնել է գործուղման` վերապատրաստման: Հետո ինչ-որ հիվանդության պատճառով չի ներկայացել աշխատանքի, Նոր տարվա օրերին երեւի եղել է Հայաստանում, հիմա Հայաստանից բացակայում է: Սա ինձ տրամադրված տեղեկություն է:

Առողջապահության նախարարությունը պարտավոր չէ ստուգի`հիմնարկի տնօրենը տեղում է, տեղում չէ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էլ` հարցին, թե ինչպիսի եւ ում հաշվին են բուժում ստանալու վարակված հիվանդներն, ասաց. «Մինչեւ դրան հասնելը դեռ ժամանակ ունենք, այս պրոցեսն այնպիսին  է, որ կամ վերանում է սուր վիրուսային հեպատիտ C-ն, կամ դառնում է խրոնիկական, որը հատուկ հակավիրուսային թանկարժեք բուժում է պահանջում: Այս փուլում ովքեր, որ ունեն սուր վիճակ, նրանք արդեն պետպատվերով բուժվում են»:

Դիտարկմանը, որ երեկ նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրել էր, որ հիվանդները ապահովագրություն ունեն, Վահան Պողոսյանն ասաց` «Այո, որոշներն ունեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031