Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Իսկ ինչո՞ւ ինքը հոկտեմբերի 27-ին կայծակնային չգործեց»

Հունվար 23,2015 15:56

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի Գյումրիի դեպքերի հետ կապված հատվածը, թե պայթյունավտանգ իրավիճակը կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները, եւ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ, մինչդեռ մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, «Երբ հարցը տրվում է ուղղակի՝ ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը եւ ո՞ր պետության տարածքում կրի պատիժը, Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն չի ասում իր տեսակետը, անուղղակի է պատասխանում, որ դա պետք է տեղի ունենար հայաստանյան իրավապահ մարմինների կողմից, այդ հարցը պետք է քննվեր Հայաստանի դատարանում:

Armen-Badalyan

Արմեն Բադալյան

Նա ասում է, որ ՀՀ իշխանությունները պետք է նման հավաստիացումներ տային: Ասում է՝ իշխանությունները պետք է կայծակնային արագությամբ գործողություններ իրականացնեին: Հավանաբար ինքը մոռացել է 1999 թ. հոկտեմբերի 27-ը, երբ տեղի ունեցավ մասշտաբով ավելի մեծ հանցագործություն, բայց չգիտես ինչի ինքը կայծակնային գործողություններով չառաջնորդվեց՝ պատճառաբանելով, որ սափրված չէ: Եվ միայն որոշ ժամանակ հետո երեւաց հեռուստաէկրաններին: Մեղադրել այսօրվա իշխանություններին մի բանում, որ ինքը ժամանակին չի արել, այդքան էլ ազնիվ չէ:

Ինչ վերաբերում է հարցազրույցի այն մասին, որ ինքն ու իր ընտանիքը ցնցված են, կիսում է բոլորի վիշտը, այստեղ հարց է ծագում՝ իսկ ինքը իր ընտանիքի հետ նույնպե՞ս ցնցված էր 2008 թ. մարտի 1-ի հանցագործությամբ, կիսո՞ւմ էր իրենց իրավունքների համար պայքարող գնդակահարված մարդկանց ընտանիքների վիշտը: Հիշո՞ւմ էր, թե ով էր էդ ժամանակ նախագահ: Թե չէ ստացվում է՝ իր ժամանակ տեղի ունեցածի դեպքում վիշտը կիսել պետք չէ, բայց ուրիշ նախագահի ժամանակ տեղի ունեցած վիշտը արժի կիսել: Չի կարելի վիշտը քաղաքականացնել»:

Արմեն Բադալյանի խոսքով, ժամանակ առ ժամանակ նման հարցազրույցներ տալով՝ Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունի հիշեցնել, որ ինքը որպես քաղաքական գործիչ գոյություն ունի եւ ցույց տալ, որ իր տեսակետները դեռեւս ինչ-որ մեկին հետաքրքրում են, իսկ ինքը կարող է քաղաքական ինչ-որ հավանական գործունեություն իրականացնել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը վերջին հրաժեշտն են տալիս 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031