Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ձմեռային տուրիզմի լիարժեք զարգացման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու

Հունվար 23,2015 14:40

Հայաստանում, նախորդ տարիների համեմատ, այս տարի ձմեռային հանգստով ավելի շատերն են սկսել հետաքրքրվել: Սակայն ցավալին է այն է, որ մեր երկրում ձմեռային հանգիստը ասոցացվում է միայն Ծաղկաձորի հետ:

«Ապագա» ակտիվ հանգստի ակումբի զարգացման գծով տնօրեն Իրինա Չիբուխչյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով Հայաստանում ձմեռային հանգստից նշեց, որ այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ լիարժեք զարգացման համար: Քանի որ ձմեռային հանգիստը Հայաստանում հիմնականում ասոցացվում է Ծաղկաձորի հետ, ապա այնտեղ հյուրանոցների, հետաքրքիր ժամանցի վայրերի, ռեստորանների պակաս չկա: Եվ եթե Ծաղկաձորի օրինակը վերցնենք, ապա քայլեր կատարվում են ձմեռային տուրիզմը Հայաստանում խթանելու համար: Մինչդեռ Հայաստանի հյուսիսում, նաեւ Ջերմուկում բազմաթիվ վայրեր կան, որտեղ կարելի է անցկացնել ձմեռային հանգիստը:

Տիկին Չիբուխչյանը վստահ է, որ առաջին հերթին, ձմեռային տուրիզմը Հայաստանում չի զարգանում վատ ճանապարհների պատճառով. «Եթե մաքրում են, ապա մինչեւ Ծաղկաձոր: Պետք է այնպիսի վեբ-տեսախցիկներ տեղադրել, որոնք հասանելի կլինեն մարդկանց համար ամեն պահի: Դրանցով հնարավոր կլինի ստուգել եղանակը, ճանապարհների վիճակը եւ դրանից հետո կորոշեն՝ արժե՞ այդ օրը սար բարձրանալ, թե ոչ: Օրինակ, եթե մեզ մոտ վատ եղանակ է, Իջեւանում կարող է շատ արեւոտ լինել, իսկ ինֆորմացիայի պակասի պատճառով տպավորությունն այնպիսին է՝ կարծես ողջ Հայաստանի տարածքով նման մռայլ եղանակ է»:

Ինչ վերաբերում է ընդհանուր տուրիստական ոլորտում բացթողումներին, բանախոսը նշում է, որ հանգստյան օրերին մայրաքաղաքում կյանքը կանգ է առնում. «Դրա պատճառով չեն աշխատում թանգարանները, որոնցով կարող ես գրավել զբոսաշրջիկներին: Իսկ տոներին՝ մանավանդ այս Ամանորին, երբ 12 օր հայտարարվեց ոչ աշխատանքային օր, պետք էր ունենալ շատ լավ կապեր, որպեսզի նախօրոք պայմանավորվելով, զբոսաշրջիկներին ուղեկցեինք ռեստորաններ կամ թանգարաններ»:

Այս տարի, քանի որ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում Ամանորին հանգստյան օրերը համընկել էին՝ 12 օր, Հայաստան եկած զբոսաշրջիկների 90 տոկոսը ռուսներ էին. «Քաղաքում քայլում էին զբոսաշրջիկների խմբեր, որոնք չգիտեին՝ ինչով զբաղվել՝ ամեն ինչ փակ էր»:

Տիկին Չիբուխչյանի խոսքով՝ եթե չհաշվել ամանորյա տոնակատարությունները, ապա ձմեռվա ընթացքում ոչ մի փառատոն կամ ոչ մի գրավիչ շոու, ներկայացում չկա՝ զբոսաշրջիկների առօրյան ավելի տպավորիչ դարձնելու համար. «Ինֆորմացիան շատ քիչ հասանելի է, իսկ տուրիզմի համար աղետալի է առանց նախօրոք ինֆորմացիա ունենալու զբոսաշրջիկի օրը կազմակերպելը: Ներկայացումների, համերգների համար անոնսները պետք է լինեն առնվազն երկու ամիս առաջ, իսկ մեր երկրում դա այդպես չէ»:

«Արմենիա Տուրիստական» ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանն էլ վստահ է, որ եթե պետական ներդրումները լինեն ավելի շատ, ապա Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել տուրիզմը: Ըստ ամսագրի տնօրենի՝ տպագիր մամուլի միջոցով Հայաստանի պրոպագանդան արտասահմանում նույնպես կարեւոր է: Այդ իսկ պատճառով իրենց ամսագիրը լույս է տեսնում երկու լեզվով՝ անգլերեն եւ ռուսերեն, պատրաստում են բացառապես հեղինակային նյութեր Հայաստանի մասին եւ տարածում են Ռուսաստանի տարածքում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031