Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանի գնահատականը՝ Պերմյակովի պահվածքի մասին

Հունվար 23,2015 13:25

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ հրապարակեց Վալերի Պերմյակովի հարցաքննությունից, որտեղ վերջինս շատ հանգիստ վարքագիծ էր դրսևորում: Սա տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, շատերը շտապեցին իրենց ենթադրությունները հայտնել, որ վերջինս օգտագործվել է որպես գործիք, իրական ոճրագործները կարող են այլ մարդիկ լինել : Aravot.am-ն այս թեմայով զրուցեց Շիրակի մարզում ճանաչված հոգեբան Աշոտ Հակոբյանի (լուսանկարում) հետ, որը հորդորեց դիլետանտ գնահատականներ չհնչեցնել : «Դա հարևանցիական վերաբերմունք է, մարդու արտաքինը, պահվածքը դեռ ոչինչ չի ասում: Մարդու արտաքինը միշտ չէ, որ արտացոլում է ներքին ապրումները: Նրա հետ մինչև չհարաբերվեմ, չեմ կարող ոչինչ ասել:

Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ոճրագործը՝ չգիտեմ դա Պերմյակովն է, թե ով է՝ անկախ անձից, ոճիրը կատարելիս գտնվել է հոգեկան հավասարակշիռ վիճակում, նա մեղսունակ է: Չնայած ես այդ իրավունք չունեմ այս պահին նման հայտարարություն անելու, բայց սա հայտարարում եմ՝ ելնելով նրա գործողությունների տրամաբանությունից: Գործողությունների շարքը, ներքին հոգեբանական օրինաչափությունը, հերթականությունը ցույց տալիս են, որ ոճրագործը ադեկվատ վիճակում է եղել, և բավական սառնասրտորեն Է կատարել այդ արարքը:

Իհարկե, մնացածը քննությունը կպարզի, դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի, բայց ես ուզում եմ մասնագիտորեն բացատրել, որ ոճրագործի արարքում անբնական բան չկա:

Մենք կատարվածը գնահատում ենք բարոյական արժեքային համակարգում: Մտածում ենք՝ մեծահասակներին հոշոտեցիր, ոնց կարող էիր փոքրիկ երեխային սվինահարել: Շատ հանգիստ կարող էր, նրա մոտ այդ արգելքը, ներքին դիմադրողականությունը չի աշխատել, իսկ այդ դեպքում մարդը կարող է գազան լինել: Նրա մոտ ներքին դիմադրողականության սանդղակը շատ ցածր է, ասենք իմ մոտ, քո մոտ բարձր է, մենք նման բան չենք անի, իսկ եթե ցածր է, դա չի նշանակում, որ նա հոգեկան հիվանդ է, կամ շեղումներ ունի: Նա մեղսունակ է ու վերջ, հետևաբար այն տպավորությունը, թե այդպիսի արտաքին ու պահվածք ունեցող անձը չէր կարող ոճրագործ լինել, խաբուսիկ է: Նա գիտակցում է՝ ինչ արել, կարող է ինքնատիրապետել իրեն, ոճրագործը հենց այդպես էլ լինում է:

Այստեղ հետաքրքիր է այդ արարքը կատարելու մոտիվացիան. միգուցե սադիստական մղումներն են եղել կամ թեկուզ այլ դրդապատճառ, միևնույնն է, նա մեղսունակ է , նա գիտի ինչ է արել ու ասել, թե նա հոգեկան շեղում է ունեցել, բնավ այդպես չէ »,- վերլուծում է հոգեբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Որքան էլ որ Աշոտը մորաքրոջս տղան է, շատ հարգում ու սիրում եմ նրան, բայց այս մեկնաբանության հետ այնքան էլ համաձայն չեմ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031