Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Ռուս սահմանապահների համար պայմանագրի խախտումը արտառոց բան չէ»

Հունվար 23,2015 12:59

«Գաղտնիք չէ, որ խախտվել է 1997 թվականի պայմանագիրը, որը կարգավորում է իրավական փոխօգնության հարցերը՝ կապված ռազմաբազայի տեղակայման եւ դրա իրավական կարգավիճակի հետ»,- այսօր՝ հունվարի 23-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ այդ պայմանագրի 4-րդ հոդվածն հստակ ասում է, թե այն հանցագործությունները, որոնք կատարել են ռուսական ռազմաբազայի ծառայողները ռուսական ռազմաբազայից դուրս, եթե այդ հանցագործություններն ուղղված չեն Ռուսաստանի Դաշնության դեմ եւ ռազմական հանցագործություններ չեն, այդ գործերը վարում են Հայաստանի իրավապահները առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ. «Ռուսական կողմը չի հարգել այս դրույթը, բացի այդ էլ ավելի կոպտորեն խախտվել է 1992 թվականին ստորագրված սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ գործունեության մասին պայմանագիրը, որով ռազմաբազան եւ սահմանապահ զորքերն իրարից առանձին գործող սուբյեկտներ են: Այդ պայմանագրով բազմաթիվ հարցեր կան»:

Դանիել Իոաննիսյանն առանձնացրեց այդ պայմանագրի 3-րդ հոդվածը, ըստ որի սահմանապահների համար իրենց գործունեությունը իրականացնելիս գերակա է Հայաստանի օրենսդրությունը եւ եթե հակասություն կա Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրությունների միջեւ, իրենք պետք է առաջնորդվեն Հայաստանի օրենսդրությամբ: Ըստ այդ պայմանագրի՝ նաեւ սահմանապահները չեն կարող ներգրավվել որեւիցե գործունեության մեջ՝ բացառությամբ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների պաշտպանության եւ բնական աղետների հետեւանքների վերացման:

Նա նկատեց, որ հայտարարությունից, թե Վալերի Պերմյակովին բռնել են, սահմանը հատելիս, անցել է իննը օր եւ առ այսօր կողմերից ոչ մեկ քրեական գործ չի հարուցել սահմանը հատելու անավարտ փորձի համար: Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ կարելի է ենթադրել, որ սահմանը հատելու փորձ չի եղել, այլ պարզապես Պերմյակովը ցանկացել է թաքնվել Բայանդուր գյուղի շրջակայքում. «Այդ մասին վկայում են «Ցայգ» հեռուստաընկերության որոշ հրապարակումներ, որտեղ Բայանդուր գյուղի գյուղացիներն են պատմում, որ Պերմյակովը գյուղի մոտ պարզապես թաքնվել է, եւ սահմանապահները իրեն բռնել են ոչ թե սահմանը հատելու ժամանակ, այլ պարզապես սահմանի մոտ գտնվող տարածքում: Այս դրույթն էլ է խախտվել՝ սահմանապահները ներգրավվել են գործունեության մեջ, որի իրավունքը չունեին: Երեկ թեեւ գլխավոր դատախազն ասաց, բայց ես էլ կհաստատեմ՝ այո՛, սահմանապահները պարտավոր էին այդ մասին անմիջապես տեղեկացնել Հայաստանի իրավապահներին կամ ԱԱԾ-ին, եթե սահմանը հատելու փորձ է կատարվել»:

Դանիել Իոաննիսյանը ընդգծեց, որ առաջին անգամը չէ, որ սահմանապահները խախտում են այդ պայմանագիրը. «2013 թվականին հայ-պարսկական սահմանից 30 կմ հեռավորության վրա Զարուհի Փոստանջյանին ռուս սահմանապահները կանգնեցրեցին, խուզարկեցին: Հայաստանի տարածքում ռուս սահմանապահները իրենց իրավունք վերապահեցին խուզարկել դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձին: Իրենց համար պայմանագրի խախտումը արտառոց բան չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031