Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմակայանի տարածքից դուրս գալու պահին հայ իրավապահները իրավասու են կալանավորելու հանցագործին. «Ազգ»

Հունվար 23,2015 12:42

Ռուսական դատարանը Վալերի Պերմյակովին կդատի միայն զորամասից ինքնագլուխ բացակայության եւ թերեւս դասալքության համար: Այն չունի ավելի մեծ իրավազորություն:

Ռուսաստանյան իրավադատությունը նրան թույլ չի տալիս դատել ուրիշ պետությունում կատարված հանցագործության համար, որտեղ Ռուսաստանի քննչական մարմինները չեն կարող անցկացնել պաշտոնական եւ օրինական քննչական արարողակարգեր: Իհարկե, ռուսաստանցի քննիչները կիմանան այն ամենը, ինչ տեղի է ունեցել ռազմակայանից դուրս, բայց իմանալը եւ պաշտոնական քննչական փաստաթղթեր ունենալը երկու տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, թե հայկական կողմը ռուս քննիչներին թույլ տա Հայաստանի տարածքում անցկացնել պաշտոնական քննչական գործողություններ (վկաների հարցում, տեսադիտարկման տվյալների ուսումնասիրություն, աշխատանք տեղանքում, փորձաքննություններ եւ այլն):

Սպանության գործով դատելու համար ռուսական կողմը պետք է հայկական կողմից ստանա քննության փաստաթղթերը եւ հայկական դատարանի պաշտոնական վճիռը (առանց դրա քննչական մարմինները իրավազոր չեն փոխանցելու քննչական փաստաթղթեր): Եվ միայն դրանից հետո ՌԴ քննչական մարմինները իրավունք կունենան քննչական արարողակարգեր սկսելՙ այդ նյութերը ռուսական դատարանին հանձնելու նպատակով:

Իսկ եթե իրոք որոշված է կազմակերպել բաց դատավարություն, ապա դա հնարավոր է լոկ այն պայմանով, որ այնտեղ նստած լինեն երկու իրավազոր դատարաններՙ ռուսականը եւ հայկականը:

Ես դրան չեմ հավատում: Սակայն խնդիրն այն է, որ եթե ռուսական կողմը հանցագործի նկատմամբ դատ իրականացնի ռազմակայանի տարածքում եւ ընդսմին նրան մեղադրեն միայն ինքնագլուխ բացակայության եւ թերեւս դասալքության (դա նշանակում է մոտ 3-5 տարվա բանտարկություն), ապա կասկած չկա, որ նման վճիռը կարող է հարուցել անկարգություններ:

Մինչդեռ մարդիկ ակնկալում են դատ Ավետիսյան ընտանիքի հանդեպ կատարված ոճրագործության, այլ ոչ թե ինքնագլուխ բացակայության եւ դասալքության համար:

Եվ ահա թե ինչն է զարմանալի: Եթե ռուսական դատարանը նրան դատապարտի, ապա միեւնույն էՙ չի կարողանա նրան տեղափոխել Ռուսաստան, քանի որ ռազմակայանի տարածքից դուրս գալու պահին հայ իրավապահները իրավասու են կալանավորելու հանցագործին: Իսկ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս նրան պահել կայանի կալանատանը: Նաեւ քիչ հավանական է, որ նրան առանց թույլտվության դուրս բերեն ուղղաթիռով, քանի որ դա կհարուցի անկարգություններ: Իսկ պաշտոնապես ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չեն համարձակվի թույլատրել:

Այսպիսով, մարդկանց կարող է եւ հանգստացնել միայն հայ-ռուսական համաժամանակյա իրավազոր դատավարությունը: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հասնել դրան: Մի՞թե դատը կկազմակերպեն հսկիչ անցակետում, որի մի կողմում նստած կլինի հայկական դատարանը, մյուս կողմումՙ ռուսականը: Անհեթեթություն:

Հայկական դատարանը չի կարող գտնվել ռուսաստանյան իրավադատության տարածքում, քանի որ ամբաստանյալի ամեն մի դատապաշտպան կարող է հասնել նման դատի չեղարկմանը:

Ես չգիտեմ, բայց հնարավոր է, որ հայաստանյան դատավարությունը ռուսաստանյանից շուտ լինի, սակայն ամբաստանյալը դատարանի հարցերին պատասխանի «սկայպով», այսինքն տեսահաղորդակցման ռեժիմով: Դա կարող է լուծում լինել: Սակայն հայկական դատարանի որեւիցե վճիռ չի կարող ի կատար ածվել, քանի դեռ հայկական դատարանի պաշտոնական փաստաթղթերը պաշտոնապես չեն փոխանցվել Ռուսաստանին եւ այնտեղ նորից քրեական գործ չի սկսվել ըստ ՌԴ ՔՕ-ի եւ ապա դատավարություն չի կազմակերպվել ըստ ՌԴ օրենքների:

Այսինքն, եթե այս սցենարն իրականացվի էլ, ապա հայկական դատից հետո հասարակությունը կհանդարտվի, բայց հետո զարմանքով կիմանա, որ մեղադրյալը նույնիսկ չի էլ սկսել պատասխանատվություն կրել իր ոճրագործության համար: Եվ միայն մեկ-երկու տարի հետո մարդիկ կիմանան, որ արդեն ռուսական դատարանը նրան դատապարտել հենց այն հանցագործության համար, որի համար հայկական դատարանը վաղուց արդեն դատապարտել էր:

Մի խոսքով, կատարյալ խառնաշփոթ է… Բայց ի՞նչ սպասես, երբ միջպետական հարաբերությունները իրավաբանական տեսակետից ձեւավորվում են այդպիսի անփութությամբ:

Վալերի ՄԱՐԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031