Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Այսօր ռուս զինվորականների մեջ էլ վախ կա». «Հայոց աշխարհ»

Հունվար 23,2015 12:33

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրիում, եթե ոչ արտաքուստ, ապա ներքուստ կա բավական մեծ լարվածություն։ Ի՞նչ իրավիճակ է Գյումրիում։

-Իրավիճակը Գյումրիում հանդարտ է, բայց մարդիկ խիստ մտահոգ են, լարված, բորբոքված, մի անզգույշ, տաքգլուխ քայլ, եւ հուզումի նոր ալիք կարող է բարձրանալ:

Ռուսական զորամասերը գտնվում են քաղաքի տարբեր մասերում, ռուս սպաների մի մասը կա՛մ բնակվում է զինվորական թաղամասում (ի դեպ, այդ թաղամասում նաեւ հայ ընտանիքներ են բնակվում), կա՛մ Գյումրու տարբեր հատվածներում:

Սա նշանակում է, որ ռուս զինվորականն ու գյումրեցին միասին, կողք կողքի են ապրում: Այնպես չէ, որ իրարից տարանջատված են, ու հնարավոր է խուսափել մեկմեկու հետ շփումից, հանդիպումից: Գյումրեցին ու շատ ռուս սպաներ դրկից հարեւաններ են: Ռուս զինվորականները օգտվում են մեր բոլոր ենթակառուցվածքներից՝ սկսած մանկապարտեզներից, առողջապահական հիմնարկներից, մինչ ռեստորան ու զվարճանքի օբյեկտներ:

Այսօր ռուս զինվորականների մեջ էլ վախ կա, նրանք, ովքեր ապրում են Գյումրիում, այդ ստահակի պատճառով վախենում են քաղաք դուրս գալ, մտածում են՝ ինչ-որ մեկը կարող է իրենց վտանգել ու դրանով լուծել վրեժը: Այսինքն՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը պետք է լինեն համատեղ: Երկուստեք պետք է լինել զգուշավոր, չպետք է թույլ տալ այնպիսի քայլեր, որոնք կարող են հուզումների, հարաբերությունների սրման նոր առիթ դառնալ:

Իսկ որպեսզի նման լարում տեղի չունենա, գյումրեցին պետք է հնարավորինս շուտ ստանա կուտակված հարցերի պատասխանները: Իսկ գյումրեցին շա՜տ հարցեր ունի:

-Ձեր խոսքերում կա լուրջ անհանգստություն գյումրեցու անվտանգության համար, որը անհիմն չէ. քանի որ ողբերգական դեպքից երկու օր անց Գյումրիի փողոցներում են հայտնվում երկու հարբած ռուս սպաներ: Ինչի՞ մասին է սա վկայում, ի՞նչ բացատրություն ունի այս երեւույթը:

-Այո, ես խիստ մտահոգ եմ: Հարբած ռուս սպաների ներկայությունը քաղաքում, այն էլ՝ ողբերգությունից 2 օր անց, կա՛մ սադրանք էր, կա՛մ սա վկայում է, որ ռուսական կողմը չի կարողանում համապատասխան կարգուկանոն հաստատել իր զորամասերում, որը չափազանց կարեւոր է:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031