Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Բոլորը պետք է կողմ լինեն, որ Գերմանիան դառնա միջնորդ պետություն եւ ոչ թե մի երկիր առաջարկի». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 23,2015 12:24

Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկ հանդիպում ունենալուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Գերմանիան ձգտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալ։ Ավելին՝ Մերկելն աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում ասել է, թե այս կապակցությամբ Ադրբեջանը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններ կունենա։

Այս առնչությամբ «ՉԻ»-ն զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

– Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այս հարցում։ Դուք կողմնակի՞ց եք, որ Գերմանիան միջնորդ պետության դառնա։

– Մենք կողմ ենք, որ տարբեր պետություններ իրենց օգնությունը ցուցաբերեն հակամարտության  կարգավորման գործում։ Իսկ ինչ վերաբերում է միջնորդ  լինել  իրավական առումով, ապա գիտեք, այդպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է, համանախագահ   երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Մինսկի խմբի կազմում որեւէ փոփոխություն, լրացում ներկա դրությամբ չի քննարկվել, չի առաջարկվել որեւէ մեկին։

Բացի դրանից, կասկածելի է նաեւ նպատակահարմարությունը փոփոխություններ մտցնելու առումով։ Իսկ եթե Գերմանիան ինչ-որ կերպ սատարի հակամարտության կարգավորմանը, փորձի իր ազդեցությունը գործադրել խաղաղ կարգավորման հարցում, ապա մենք միայն կողջունենք։

– Ասացիք, թե Մինսկի խմբի ձեւաչափի  փոփոխության հարցը չի քննարկվել։ Առաջիկայում հնարավո՞ր է քննարկման դրվի այս հարցը՝ հաշվի առնելով Անգելա Մերկելի հայտարարությունը, թե Գերմանիայի միջնորդ դառնալու կապակցությամբ Ադրբեջանը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններ կունենա։

– Ադրբեջանը կարող է բանակցություններ ունենալ, բայց որքան ես գիտեմ, այդպես էլ կա, նման հարցերը որոշվում են կոնսենսուսի միջոցով։ Բոլորը պետք է կողմ լինեն, որ Գերմանիան դառնա միջնորդ պետություն եւ ոչ թե մի երկիր առաջարկի ու նրա շնորհիվ այդ երկիրը դառնա միջնորդ պետություն։ Մանավանդ որ նույն Ադրբեջանի շնորհիվ բանակցային գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձեւաչափով եւ ճիշտ չի լինի, որ խեղաթյուրվի մեկ այլ ձեւաչափ։ Սա որեւէ մեկի կողմից ընդունելի չի լինի:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031