Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը:
Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
Կարդացեք նաև
Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ