Այսօր «Նաիրիտի» աշխատակիցները իրենց աշխատավարձերի պահանջով կրկին նախագահական նստավայրի առջեւ են հավաքվել: Այսօր ավելի քիչ են, քան նախորդ օրերին, ինչը հավաքվածների մեջ զայրույթ է առաջացրել:
Այս պահին նրանք քննարկում են իրենց հետագա գործողությունները եւ որոշում են վաղը եւ մյուս օրը չհավաքվել, իսկ երկուշաբթի վերսկսել իրենց բողոքի ակցիաները, բայց մեծ քանակով: Նրանք դատապարտում են իրենց գործընկերներին, որոնք այսօր չեն եկել ակցիային մասնակցելու եւ հավատացել էին նախարար Երվանդ Զախարյանի ասածներին, թե գործարանի գույքը վաճառվելու է, որ իրենց աշխատավարձերը վճարեն:
Հիշեցնենք, որ նախօրեին «Նաիրիտի» աշխատակիցներից 5 հոգի հանդիպել էին նախարարի հետ, ներկայացրել իրենց պահանջները եւ նախարարը խոստացել էր գույքը վաճառելով վճարել իրենց աշխատավարձերը, բայց նաեւ վստահեցրել էր, որ մինչև փետրվարի 6-ը աշխատավարձի չսպասեն, միեւնույնն է, չեն ստանալու: Նախարարի այս պնդումներն են զայրացրել աշխատակիցներին: Քիչ առաջ հավաքի ժամանակ աշխատակիցները քննարկում էին նախարարի այս պնդումները, ասելով՝ «աշխատացնելուց բա ինչի՞ չէին մտածում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` արխիվային