Սահմանապահների կողմից Պերմյակովին հայտնաբերելը, ձերբակալությունը չէր կարող դիտարկվել որպես սահմանապահ ծառայության ներքին հարց, որովհետեւ Պերմյակովը սահմանապահ ծառայության զինվոր չէ, եւ ուրեմն՝ նա ուներ նույն կարգավիճակը, ինչ սահմանի ապօրինի հատման փորձ անող յուրաքանչյուր ոք։
Էլ չենք ասում, որ հայտնաբերվելու պահին Պերմյակովը եղել է քաղաքացիական հագուստով եւ առանց փաստաթղթի։ Նա ինքն է հայտարարել, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի ծառայող Պերմյակովն է, ու նրան տարել են ռուսական ռազմաբազա։
Սա ինքնին անհասկանայի գործողություն է: Եթե հայտարարեր, թե ԱՄՆ դեսպանատան աշխատող Քոլին Սմիթն է, նրան ի՞նչ, տանելու էին ԱՄՆ դեսպանատո՞ւն։ Իհարկե ոչ. հանձնելու էին ՀՀ ԱԱԾ-ին, որն էլ պիտի որոշեր նրա հետագա ճակատագիրը։
Սահմանապահների կողմից Պերմյակովին հայտնաբերելու պահից նրա հետագա ճակատագրի հետ կապված հարցերը կարող էին լուծել միայն ու միայն Հայաստանի իրավասու մարմինները։ Ուրիշ ոչ ոք, եւ այստեղ Պերմյակովի ազգությունը, քաղաքացիությունը, ծառայությունը ոչ մի կապ չունեն՝ մանավանդ, որ նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել։
Կարդացեք նաև
Երեկվա լսումների արդյունքներով, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ ռուս սահմանապահները իրավունք չունեին Պերմյակովին սահմանապահ ուղեկալից տեղափոխել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք։ Զարմանալի է, որ մինչև օրս ՀՀ իշխանության ներկայացուցիչները այս մասին բարձրաձայն չէին հայտարարել։
Գեւորգ Կոստանյանից երեկ այս արձանագրումները միայն աքցանով հնարավոր եղավ պոկել, մինչդեռ այս փաստերի մասին հայ հանրությանը տեղյակ պահելը նրա ուղղակի պարտականությանն է։
Այս իմաստով տարակուսանքի տեղիք են տալիս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակի այն հայտարարությունները, թե Պերմյակովը դատվելու է ռուսաստանյան օրենքներով, ռուսաստանյան դատավարության շրջանակներում։ Այս հայտարարությունները առնվազն վաղաժամ են եւ որեւէ կերպ չեն բխում ողջ հայությանը հուզող՝ այս հարցի շուրջ կառուցողական երկխոսություն վարելու տրամաբանությունից։
Գեւորգ Կոստանյանի երեկվա հայտարարությունները, այսպիսով, նշանակում են, որ Վալերի Պերմյակովը պետք է լիներ հայկական կողմի հսկողության տակ՝ առաջին հերթին ոչ թե որպես Ավետիսյանների սպանդի գործով կասկածյալ, այլ Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու գործով կասկածյալ։ Սա է այն իրավական ելակետը, որի հաշվառումից պետք է սկսել Պերմյակովի հետ կապված իրավիճակի գնահատականը։ Նրա կատարած մյուս հանցագործություններով գործերը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդի եւ ռուսական ռազմաբազայի տարածքը ապօրինի լքելու հետ կապված, պետք է միացվեն սահմանը ապօրինաբար հատելու գործին։ Մայր գործը, այսինքն, պետք է սահմանը ապօրինի հատելու գործը դառնա, որի նախաքննությունը միանշանակ եւ աներկբայորեն պետք է վարեն Հայաստանի իրավապահ մարմինները։
Ինչեւէ, իրավիճակի շուրջ երեկ ՀՀ գլխավոր դատախազից ստացած պաշտոնական մեկնաբանությունները աներկբա են դարձնում հետեւյալ փաստը. Վալերի Պերմյակովը ռուսական 102– րդ ռազմաբազայի տարածքում գտնվում է ապօրինի եւ միանշանակ պետք է հանձնվի հայկական կողմին։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում