Իրավաբան Վահե Գրիգորյանը, դեռ Գյումրիի հրեշավոր սպանությանը հաջորդած առաջին իսկ օրը, անդրադառնալով այն փաստին, որ ռուս զինվորականներն իրականացրել էին կասկածյալի` Վալերի Պերմյակովի օպերատիվ որոնողական աշխատանքներ, ռուս սահմանապահները գտել էին նրան ու հանձնել ռազմաբազա, «Ազատություն TV»-ի եթերում ասել էր. «Այն պահից ի վեր, երբ ՌԴ քաղաքացի կասկածյալը հանձնվում է ՌԴ զինվորականների իրավազորության տիրույթ, նրան հետ հանձնելն այլևս տեղի չի ունենալու, նրան հանձնել են անվերադարձ: Սա արդեն ակնհայտ էր այն պահից ի վեր, երբ պարզ դարձավ, որ կասկածյալի որոնողական աշխատանքներին մասնակցում են զինված ռուսաստանցի զինվորականները»:
Մի քանի օր անց, ըստ էության պատասխանելով այսօրինակ մտահոգություններին, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը News.am-ին ասաց. «Պետք էր՝ բռնե՛լ, բռնե՛լ, բռնե՛լ: Ու հնարավորինս շուտ, ու՝ բոլոր միջոցներով: Եվ այդ իրավիճակում, ինձ համար բացարձակապես կարևոր չէր՝ ով կբռնի, քաղաքացի՞ն, ոստիկա՞նը, դատախազության աշխատո՞ղը, թե՞ ռուս սահմանապահը … Ու նաև թող ձեռքը խղճին դրած ասի՝ նման վիճակներում ոստիկանն իրավունք ունի՞ օպերատիվ գործը թողած՝ մտածելու՝ եթե ինքը չբռնի, գործն ո՞վ է քննելու, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ են ասելու իր մասին»:
Aravot.am-ի հարցին ի պատասխան` արդյոք ՀՀ ոստիկանապետն իր այս հայտարարությամբ արդարացրե՞ց ռուսական կողմի` օպերատիվ գործողություններ իրականացնելու ոչ օրինական քայլերը, Վահե Գրիգորյանը նշեց, թե չի ցանկանում ավելին ասել, միայն շեշտեց. «Ես Վովա Գասպարյանի փաստաբանը չեմ, իր ինքնախոստովանական հայտարարությունները չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ