Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաջարանի հիվանդանոցում 2 տարի առաջ էլ հակահիգիենիկ վիճակ են հայտնաբերել

Հունվար 23,2015 13:45

Քաջարանի հիվանդանոցում փնթի, անփույթ, մեղմ ասած՝ կեղտոտ վիճակը, դատելով ոլորտի պատասխանատուների՝ մեզ տրամադրած տեղեկություններից, միշտ է եղել: Եվ եթե առողջապահության նախարարությունը միայն 2014 թվականի նոյեմբերին է բացահայտել, որ այս հիվանդանոցում անցյալ տարվա հոկտեմբերին իրականացրած բուժսպասարկման արդյունքում 8 անձ է վարակվել հեպատիտ C-ով, ապա չի բացառվում, որ նախկինում էլ նմանատիպ ուսումնասիրություններ եթե կատարվեին, ապա նույնպես հայտնաբերվեին ներհիվանդանոցային վարակման դեպքեր: «Առավոտը» երեկ պարզեց, որ Քաջարանի հիվանդանոցում վերջին անգամ ստուգում է իրականացվել 2012 թվականի հոկտեմբերին՝ հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության կողմից, եւ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: «Առավոտը» հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել այդ հիվանդանոցում դեռ 2012 թվականի ստուգումների ժամանակ, պատասխանն ապշեցուցիչ էր. այս հիվանդանոցի որոշ աշխատակիցներ, հատկապես հիգիենայի մասով պատասխանատուներն անտարբեր ու անփույթ են եղել ոչ միայն գործիքների, սարքերի մաքրության դեպքում, այլեւ սեփական առողջության անվտանգության:

Մեզ հետ զրույցում առողջապահական պետական տեսչության իրավական ապահովման, բողոքարկման բաժնի պետ Սարգիս Ղուկասյանը ներկայացրեց հայտնաբերված խախտումների ընդամենը մի փոքր հատվածը, բայց դա էլ բավարար է՝ պատկերացում կազմելու համար, թե սանիտարական ինչ վիճակ է եղել հիվանդանոցում: Օրինակ՝ հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ սանիտարական նորմերը չեն պահպանվել, խախտումներ են հայտնաբերվել նաեւ բժշկական թափոնների հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջների մասով: Այսինքն՝ ըստ պարոն Ղուկասյանի՝ բժշկական թափոնները՝ հեռացված օրգանները, գործիքները, ներարկիչներն ու այլ պարագաներ, որոնք ենթակա են համապատասխան նորմով վերացման, պատշաճ չեն կատարվել: Ընդ որում, այն աշխատակիցները, որոնք աշխատում են այդ թափոնների հետ, ըստ սահմանված կարգի՝ պետք է համապատասխան բուժզննման ենթարկվեին, ինչը եւս չի կատարվել: Բժշկական գործիքները, սարքերը, բժշկական նշանակության այլ առարկաներ, ինչպես ներկայացրեց պարոն Ղուկասյանը, մանրազերծվում են բաժանմունքներում, եւ ըստ հաստատված կարգի՝ անգամ վարակազերծումն իրականացնելուց հետո էլ համապատասխան աշխատակիցները պարտավոր են հատուկ նյութերով որակական փորձաքննություն կատարել՝ պարզելու, թե արդյոք լիարժե՞ք են մանրազերծված տվյալ գործիքներն ու սարքերը. սա եւս չի կատարվել:

Մասնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ խախտումներ են հայտնաբերվել նաեւ փափուկ գույքի մանրազերծման հետ կապված: Պատանատոմիական բաժանմունքում կատարված ստուգման արդյունքում էլ պարզել են, որ սպիտակեղենի անհրաժեշտ լրակազմով ապահովված չի եղել այս բաժանմունքը. աշխատակիցները հավանաբար մտածել են՝ դե, դիակի համար ի՞նչ կարեւոր է՝ սավանը մաքո՞ւր է, թե՞ ոչ, մի քանի անգամ այլ դիակների վրա՞ է գցված եղել, թե՞ ոչ: Ի թիվս այս խախտումների՝ որոշ խախտումներ էլ արձանագրվել են հիվանդանոցի շենքային պայմաններում ու լվացքատանը, ինչպես նաեւ պարզվել է, որ շուրջօրյա տաք ջրամատակարարում չի եղել: Հնարավոր է, որ շենքին ու ջրամատակարարմանը վերաբերող խախտումներն արդեն վերացված լինեն, քանի որ 2012 թվականին այս հիվանդանոցը դեռեւս վերանորոգված չէր, միայն 2013 թվականի սեպտեմբերին է ավարտվել Քաջարանի բուժկենտրոնի վերանորոգումը, բացմանն անգամ ներկա է եղել ՀՀ նախագահը: Եվ եթե շենքային պայմանները բարելավվել են, ապա վերը նշված խախտումները հաշվի առնելով՝ բուժանձնակազմն ու տնօրինության աշխատաոճն այդպես էլ մնացել են առանց «վերանորոգման»: 2012-ին հայտնաբերված խախտումների մասով, ըստ պարոն Ղուկասյանի, վարչական պատասխանատվության հարց է դրվել, եւ պահանջվել է խախտումները վերացնել, բայց պարզվում է՝ տնօրինությունը անտեսել է նախարարության պահանջը, քանի որ հայտնաբերված խախտումներից 2 տարի անց էլ նույն տիպի խախտումներ են արձանագրվել:

Թե ով պետք է 8 անձին հեպատիտ C-ով վարակելու համար պատասխանատվություն կրի՝ կպարզվի հարուցված քրեական գործի ավարտից հետո միայն: Ո՞վ է պատասխանատու սարքավորումների եւ գործիքների մաքրությունը, անվտանգությունն ու վարակազերծումն ապահովելու համար՝ մեր այս հարցին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ասաց. «Տնօրինությունը պետք է պատասխանատու անձ ունենա, որը վերահսկում է այդ գործընթացը, կամ համաճարակաբանն է ամեն օր հետեւում այդ գործընթացին, եթե չկա համապատասխան անձ, ավագ բուժքույն է հետեւում, բայց անպայման պատասխանատու մեկը լինում է, տնօրինությունն էլ պետք է վերահսկի»:
Երեկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է իրականացվելու վարակված անձանց բուժումը, ասաց, որ այդ անձինք բժշկական ապահովագրություն ունեն, եւ վստահեցրեց, որ ամենաբարձր մակարդակով բուժսպասարկում կստանան:

Միջազգային պրակտիկայում նշվում է, որ վերջին սերնդի դեղորայքի շնորհիվ հեպատիտ C-ի բուժումը 60-90% դրական արդյունք է տալիս, այս հիվանդության բուժումը, եթե այն նորագույն մեթոդներով է իրականացվում, ապա մոտ 20 հազար եվրո կարժենա:
Արտավազդ Վանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ չի բացառվում լուրջ խախտումներ հայտնաբերվեն նաեւ այլ հիվանդանոցներում, քանի որ ուսումնասիրությունները սկսվել են ամբողջ հանրապետությունով մեկ:

Ինչ վերաբերում է Քաջարանի հիվանդանոցին, ապա պարոն Վանյանն ասաց, որ երբ պարզել են՝ հիվանդանոցում գործիքների մանրազերծման խնդիր կա, սկսել են հետազոտել բուժսպասարկում ստացած բոլոր անձանց: Ընդ որում, մասնագետն ասաց, որ երբ գործիքների վրա վարակ կա, ապա դրանց հետ գործ ունեցող բուժաշխատակիցներն էլ կարող են վարակվել. «Վերջնականապես հաստատել՝ բուժաշխատողն է վարակել, թե գործիքներից է եղել, պարզ կլինի որոշ ժամանակ հետո: Մոտ 20 օրից կտեսնեք, հեղափոխություն է լինելու, այն իմաստով, որ լուրջ աշխատանքներ ենք սկսելու, ուսումնասիրությունների նպատակն է բացահայտել խնդիրներն ու դրանց լուծումներ տալ»:

Երեկ նախարար Մուրադյանը վստահեցրեց, որ հիվանդանոցներից հետո ուսումնասիրություններ են սկսվելու նաեւ ատամնաբուժարաններում, այլ տիպի բուժհիմնարկներում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031