Հակառակորդը բաց չի թողնում հարմար «պահը»
Տարին դեռ նոր է սկսվել, բայց սահմանային միջադեպերի պատճառով արդեն 10 զոհ ունենք` բոլորն էլ 19-20 տարեկան: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները չդադարեցին անգամ ամանորյա տոներին. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվեցին ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Սրանց հաջորդեցին հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի ունեցած կորուստները: Հունվարի 11-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն փորձ տեղի ունեցավ Տավուշի ուղղությամբ. կրկին զոհ: Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որի հետեւանքով հայկական կողմը կրկին կորուստներ ունի` մեկ զոհ, մեկ վիրավոր: Եվ վերջինը` ամենաթարմը` երեկ երեկոյան Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական գնդակից զոհվեց սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արման Ռաշիդի Ուդումյանը:
Առաջին հարցը, որ առաջանում է` մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր այսպես: Ո՞ւր են ոլորտի պատասխանատուները, որոնք ի վերջո պատասխան պետք է տան այդ տասը ընտանիքներին, ո՞ւր է միջազգային հանրությունը՝ իր բոլոր միջազգային նորմերով, որ ողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը զինադադարի մասին համաձայնագիր է խախտում, եւ ոչ մի արձագանք: Մինչ հայ հասարակությունը սգում է Գյումրիում խաղաղ ընտանիքի սպանդը, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի լարված ու վտանգավոր է դառնում: Հակառակորդի` սահմանային դիվերսիաներն ու ՀՀ ներքին լարվածությունը ուղիղ համեմատական են: Գյումրիի դեպքերի եւ սահմանային լարվածության միջեւ կապը տեսանելի է:
«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը սահմանային լարվածության եւ Գյումրիի դեպքերի միջեւ ուղիղ կապ չտեսավ, բայց մյուս կողմից՝ նշեց. «Ասել ու ասում եմ, որ առաջնագծում լարվածություն եղել է թե՛ Գյումրիի դեպքերից առաջ, թե՛ հետո»:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այդ կապը տեսնում է ու նշում. «Կապ գոյություն ունի, բայց համոզված եմ, որ լարվածությունը Ադրբեջանի քաղաքականության մի մասն է արդեն վաղուց, եւ պաշտոնական Բաքուն հետեւողական ու շարունակաբար իրականացնում է այդ քաղաքականությունը: Եթե ինչ-որ գործընթացներ կարող են նպաստել լարվածության ավելացմանը կամ հայկական կողմին ավելի լուրջ վնասներ հասցնելուն, Ադրբեջանը գործում է: Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան բավականին ակտիվ աշխատում է, եւ լրացուցիչ կոնֆլիկտային իրավիճակ են փորձում ստեղծել հայ եւ ռուս հասարակությունների հարաբերություններում: Եվ դա հաջող են իրականացնում, ու չեմ բացառում, որ սահմանային լարվածությունը ինչ-որ առումով փորձում են կապել մեր խնդիրներին՝ ՀՀ-ի ներսում հասարակական դժգոհությանը լրացուցիչ լիցքեր հաղորդելով»: Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի հիմնական նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից միջազգային հանրության ուշադրության շեղումը. «Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ խաղաղության համար միջազգային հանրությունը պետք է գին վճարի Ադրբեջանին, եւ այդ շանտաժի միջոցով դիվիդենդներ են խլում»: Մեր այն հարցին`սահմանին զոհված զինվորների համար ո՞վ պետք է պատասխան տա նրանց ընտանիքներին, եւ տասը զոհը արդյոք մեծ թիվ չէ՞ ՀՀ-ի նման փոքր երկրի համար, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «ՀՀ-ի պես փոքր երկրի համար չափից մեծ է անգամ մեկ զինվորի կորուստը: Այստեղ ամեն ինչ պետք է քաղաքացիական եւ ազգային գիտակցության վրա հիմնված լինի: Չեմ կարծում, որ պատասխան տալու, որպես այդպիսին, լուրջ պարտավորություն ունի ՊՆ-ն: Եթե պատասխան տվող որոնենք, ապա ավելի ճիշտ կլինի որոնել դիվանագետների շրջանում: Այսօր հետ մնացողը դիվանագիտությունն է, ոչ թե պաշտպանական գերատեսչությունը: Բայց նաեւ, մյուս կողմից, կոռեկտ չէ պատերազմի մեջ լինելով` խոսել այդ մասին»: Թեեւ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հորդորեց Գյումրիի սպանդի մասին դատողություններ անել՝ հիմնվելով իրավապահների տեղեկատվության վրա, բայց նաեւ չբացառեց այդ սպանդի կազմակերպման հարցում ադրբեջանական ձեռագիրը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2015