Լրահոս
Օրվա լրահոսը

Տաղանդավոր գերմանուհին Հայաստանում է

Հունվար 23,2015 14:30

Ջութակահար Լառա Բոշկորը
ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա այլ հարկի ներքո

Գերմանացի 13-ամյա ջութակահար Լառա Բոշկորը հայ հանդիսատեսին ներկայացավ 2013թ.: Այդ տարի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավերով գերմանացի ճանաչված մանկավարժ, պրոֆեսոր Քոհ Գաբրիել Քամեդան Հայաստան էր ժամանել իր սան Լառայի հետ եւ մեր կոնսերվատորիայում անցկացնում էր վարպետության դասընթացներ: Հիշեցնենք, որ մաեստրո Քամեդան հիացած էր մեր կոնսերվատորիայի ուսումնական ծրագրերով:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը, որը կոնսերվատորիայի օպերային պատրաստման եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի դոցենտ է, լսելով Լառայի՝ Սիբելիուսի, Մոցարտի թիվ 3 կոնցերտների եւ Սարասատեի «Կարմեն» ֆանտազիայի մեկնաբանությունները, առաջարկեց Էդուարդ Թոփչյանին ունկնդրել աղջնակին, իսկ հավանելու դեպքում՝ հնարավորություն տալ նրան հանդես գալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Թոփչյանի հիացմունքն այնքան մեծ էր, որ նա տեղ է գտնում նախապես պլանավորված համերգաշրջանի գրաֆիկում եւ հնարավորություն տալիս Լառային առաջին անգամ հանդես գալ նվագախմբի հետ հայ ունկնդրի առջեւ: Աղջնակը արդեն մասնակցել էր մի քանի հեղինակավոր մրցույթի, այդ թվում՝ Մեքսիկայում ավանդաբար անցկացվող Հենրիկ Շերինգի անվան միջազգային մրցույթին:

Այսօր Լառա Բոշկորը կրկին Հայաստանում է: Նա հունվարի 23-ին, Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Բրամսի կոնցերտի կատարմամբ:

Մեզ հետ զրույցում Լառային ուղեկցող մայրն ասաց, որ աղջնակը ջութակ սկսել է պարապել 4 տարեկանից ու մինչ օրս սովորում է Քոհ Գաբրիել Քամեդայի ղեկավարությամբ՝ Դեթմոլդի համալսարանի երաժշտական բաժնում: Հավելեց, որ մասնակցել է ճանաչված պրոֆեսորներ Զախար Բրոնի, Աննա Չումաչենկոյի, Բորիս Քուշնիրի եւ Միրիամ Ֆրիդի վարպետության դասերին: Մինչ վերոնշյալ հեղինակավոր մրցույթին մասնակցելը, հաղթող է ճանաչվել եվրոպական մրցույթներում, այդ թվում՝ Փարիզի Concours Flame, Թուրինի European Music Competition, Բեռլինի Paul Hindemith, Ֆերմոյի Andrea Postacchini, Ավստրիայի Johannes Brams-ի մրցույթներին եւ այլն: Շուրջ 2 տարվա ընթացքում էլ հասցրել է հանդես գալ ճանաչված նվագախմբերի հետ, ինչպես նաեւ 2014թ. մենահամերգ ունենալ Քարնեգի հոլլում: Լառան ժպիտով հայտնեց, որ Երեւանից հետո իր ելույթները նախատեսված են ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում: Հետաքրքրությանը, թե ո՞վ է կազմակերպում երիտասարդ երաժշտի համերգները, մեր զրուցակիցը նշեց, որ առայսօր հյուրախաղերի է մեկնում մոր հետ, սակայն դա չի նշանակում, որ իր մենեջերը մայրն է: «Վաղ տարիքից եմ սկսել մասնակցել մրցույթների եւ այդ միջոցառումների ժամանակ են ինձ ճանաչել:

Դեռ կատարելագործվելու, ինչու չէ՝ սովորելու ճանապարհ ունեմ անցնելու ու չեմ շտապում իմպրեսարիո ունենալու հարցում, մանավանդ տարբեր աղբյուրներից գիտեմ, որ շատ հաճախ են լինում կոնֆլիկտներ, հիմնականում երիտասարդ երաժիշտների ու նրանց մենեջերների միջեւ»,- ասաց ջութակահարը: Հավելեց նաեւ, որ երեւանյան համերգում կասկած չունի իր եւ հանդիսականի ջերմ կապի մասին, քանի որ, իր խոսքերով՝ առաջին այցի առաջին րոպեներից զգացել է հայերի աննկարագրելի ջերմ վերաբերմունքը: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, թե 15-ամյա աղջնակը հոնորարներով ապահովում է ողջ ընտանիքը, Լառա Բոշկորը պատասխանեց. «Անցյալ տարի նախապես պլանավորված էին ելույթներս Ճապոնիայի 2-3 քաղաքներում, ինչը զուգադիպեց անհամեմատ մեծ հոնորարով Հունգարիայի հրավերին, բայց ես նույնիսկ չերկմտեցի, իհարկե, մեկնեցի Ճապոնիա, քանի որ պայմանավորվածություն ունեի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) ընկերակցությամբ Լառա Բոշկորի համերգը կկայանա ոչ թե «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այլ Ազգային օպերային թատրոնում: ՀՊՖՆ-ի տնօրենի տեղակալ Դավիթ Թերզյանի փոխանցմամբ՝ մինչեւ ապրիլի կեսերը ֆիլհարմոնիկի համերգներն այլ հարկի ներքո են կայանալու՝ իրենց դահլիճի լուսային տեխնիկայի, ձայնային սարքավորումների որոշ փոփոխությունների, մասամբ էլ դահլիճի մանրահատակի վերանորոգման պատճառով:

Լուսանկարում` Լառա Բոշկորը՝ Հարություն Արզումանյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031