Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պրոդյուսերը պատմեց, թե ինչպես է Ավրաամ Ռուսսոն ուրացել իր ծագումը

Հունվար 23,2015 14:00

Եվ ինչպես են իրենց պահում մյուս աստղերը

Forpostart prodaction ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Զառա Մխեյանը ոռւսական շոու-բիզնեսի աստղերի հետ աշխատելու մեծ փորձ ունի, շատերին քաջ գիտի նաեւ իբրեւ մարդ:

«Առավոտի» հետ զրույցում, որպես մարդկային լավագույն որակների կրող, նա առանձնացրեց հատկապես Սոսո Պավլիաշվիլիին, որն առաջիկայում համերգ է ունենալու Հայաստանում: Ասաց, որ համագործակցելիս էլ է տղամարդավարի հանդես գալիս: Զառա Մխեյանը մի օրինակ բերեց. «Տարիներ առաջ Անթալիայում  7 աստղանի հյուրանոցի բացումը կատարելը մեր կազմակերպությանն էր առաջարկվել, տուրերի 90%-ի գնորդները Ռուսաստանից էին, որոնք ցանկանում էին բացմանը Ռուսաստանից աստղերի տեսնել:

Երկու ինքնաթիռով ռուսական շոու-բիզնեսի աստղեր էին ժամանել Թուրքիա: Գիտեք, որ համերգների ժամանակ միշտ «պատերազմ» է լինում, թե ո՞վ պետք է առաջինը երգի, ո՞վ վերջինը կամ մեջտեղում: Այդ ժամանակ էլ նման խնդիր ունեցանք արտիստների, մասնավորապես՝ Ավրաամ Ռուսսոյի հետ: Նրան թվում էր, թե ինքը լավագույնն է, ու պետք է ամենավերջում երգի: Այս պարագայում դա ուղղակի դատարկ տեղում ամբիցիաներ է: Բայց բանը հասավ նրան, որ ասացի՝ վերջում կերգես: Փորձի ժամանակ ահավոր նյարդայնացել էի, որովհետեւ 32 արտիստ դեմ էր, որ Ռուսսոն փակի համերգը, բացի այդ, որեւէ մեկը չէր ուզում առաջինը երգել: Երբ Սոսո Պավլիաշվիլին տեսավ իմ վիճակը, ասաց, որ ինքը կբացի համերգը: Սոսոն եւ Վլադ Ստաշեւսկին երգեցին իրար հետեւից: Նշեմ, որ միջոցառումը ծովափին էր, ու ընթացքում մարդիկ կարող էին օգտվել բարից: Երբ եկավ ժամանակը, որ Ռուսսոն պիտի երգեր, մարդիկ խմել էին ու ուրիշ ժամանցի մեջ էին: Ստացվեց այնպես, որ հանդիսատեսի 70 տոկոսը իրեն չլսեց»: Մեր զրուցակիցը հավելեց, որ ի տարբերություն Ավրաամ Ռուսսոյի, Սոսո Պավլիաշվիլին լինելով մեծ պրոֆեսիոնալ ու հայտնի երգիչ, երբեք անառողջ ամբիցիաներ չի բանեցնում, իր որակների համար նրան լավ են ընդունում ոլորտի «հայրերը»:

Զառա Մխեյանը մեկ-երկու դրվագ էլ Ռուսսոյից հիշեց, որը հայկական ծագում ունի, բայց հաճախ խնամքով թաքցնում է իրականությունը: Օրինակ, ռուսական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, երբ հարցրել են, թե ինչ ազգություն ոնի, պատասխանել է, թե դժվարանում է ասել, որովհետեւ, երբ իր վրա մահափորձ էին կատարել, իրեն արյուն է տվել ռուս թիկնապահը: Պրոդյուսերը պատմում է, որ Անթալիայում կայացած մի համերգի առիթով նույն Ռուսսոն հարցազրույց է տվել թուրքական հեռուստաընկերություններից մեկին ու ասել, որ իբր թուրքական արմատներ ունի: «Ես հեգնեցի՝ ասելով, որ եթե Չինաստանում համերգ լինի, հնարավո՞ր է այնտեղ էլ արմատներ ունենաս: Ասաց՝ այո, շուկան գրավելու համար ես պատրաստ եմ ամեն քայլի: Ես նման մարդկանց չեմ հարգում, որովհետեւ գումարի եւ բիզնեսի համար չի կարելի ուրանալ հայրենիքն ու ազգությունը»,- նեղսրտում է Զառա Մխեյանը:
Նա հայկական արմատներով մեկ այլ երգչի էլ անդրադարձավ՝ Ֆիլիպ Կիրկորովին, ցավ հայտնեց, որ տարիներ առաջ նրա հայաստանյան համերգը հանվել է: Զառա Մխեյանն ասում է, որ լավ ճանաչելով այդ երգչին, գիտի, որ նա հայերի հանդեպ լավ է տրամադրված, իսկ ծագումով հայ լրագրողի հետ միջադեպը, նրա խոսքով, այդ լրագրողի հայ լինելու հետ կապ չուներ, պարզապես այդ պահին Կիրկորովը նյարդային պոռթկում է ունեցել, որին հետո այլ աստառ է տրվել:

«Թե ինչեր գրվեց իր մասին, դա հարյուր տոկոսով այդպես չէ: Ես կուզենայի նրա խնդիրը լուծվեր, ինքը համերգի հնարավորություն ունենար Հայաստանում եւ իր ասելիքը բեմից ասեր ժողովրդին»,- հույս ունի մեր զրուցակիցը:

Անդրադարձ եղավ նաեւ շոու-բիզնեսի եւ մշակույթի գործիչների՝ խորհրդարանում հայտնվելուն: Զուգահեռ տանելով ռուսաստանյան իրականության հետ, Զառա Մխեյանը նշեց, որ ՌԴ պետդումայում Իոսիֆ Կոբզոնը, Չուլպան Խամատովան եւ մյուսները կոնկրետ իրենց ոլորտներին նվիրված օրենքներ մշակելով են զբաղված, իսկ նրանց հայ կոլեգաները «այլ բաների մեջ են»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ավրաամ Ռուսսոն եւ Սոսո Պավլիաշվիլին:

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031